Ինձ համար դժվար է այդ ամենը համատեղել լուսավորյալ առաջնորդի կերպարի հետ
Sat, 27 Jun 2026 15:15:10 +0400
Մեր զրուցակիցն է «Ապահով երիտասարդ» հասարակական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի անդամ Սմբատ Պողոսյանը։
– Իշխանությունը հաճախ նշում է, որ ընտրություններով ստացել է ժողովրդի վստահության մանդատը։ Համաձա՞յն եք այս գնահատականի հետ։
– Ընտրություններին մասնակցությունն ինքնին դեռ չի նշանակում, որ հասարակության բացարձակ մեծամասնությունը լիարժեք վստահություն է հայտնել գործող իշխանությանը։ Այսօր էլ բազմաթիվ քաղաքացիներ հարցեր ու կասկածներ ունեն ընտրական գործընթացների արդարության, վարչական ռեսուրսների կիրառման և հանրային կամքի ամբողջական արտահայտման վերաբերյալ։ Միաժամանակ ակնհայտ է, որ հասարակության զգալի հատվածը դժգոհ է իշխանության վարած քաղաքականությունից, և դա արտահայտվում է ինչպես հանրային քննարկումներում, այնպես էլ մարդկանց տրամադրություններում։
– Ձեր պատկերացմամբ՝ ինչպիսի՞ն պետք է լինի պետական առաջնորդը։
– Կարծում եմ՝ պետական առաջնորդին պետք է բնորոշ լինեն համախմբող խոսքը, քաղաքական հանդուրժողականությունը և սեփական ժողովրդի նկատմամբ հարգանքը։ Ցավոք, այսօր հաճախ ականատես ենք լինում այնպիսի հռետորաբանության, որը հասարակությանը բաժանում է հակադիր ճամբարների, թիրախավորում ընդդիմախոսներին և խորացնում լարվածությունը։ Ինձ համար դժվար է այդ ամենը համատեղել լուսավորյալ առաջնորդի կերպարի հետ։ Բացի այդ, չեմ կարող ընդունել այն մոտեցումները, որոնք, իմ համոզմամբ, արժեզրկում կամ մերժում են մեր ազգային հիմնասյուները՝ Արցախը, Արարատը, Հայոց ցեղասպանության հիշողությունը և Հայ Առաքելական Եկեղեցու դերը մեր ինքնության պահպանման գործում։
– Հնարավո՞ր է, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա խաղաղ ճանապարհով։
– Անկասկած։ Ժողովրդավարական երկրներում իշխանությունները պետք է փոխվեն բացառապես սահմանադրական և օրինական ճանապարհով։ Եթե հասարակության մեծամասնությունը ցանկանա փոփոխություններ, դրանք պետք է իրականացվեն ընտրությունների և հանրային քաղաքացիական ակտիվության միջոցով։ Միևնույն ժամանակ, երկարատև իշխանությունը, հատկապես արդյունավետ հակակշիռների բացակայության պայմաններում, կարող է հանգեցնել քաղաքական ճգնաժամերի, հասարակական պառակտման և պետական ինստիտուտների թուլացման, ինչի որոշ դրսևորումներ, իմ կարծիքով, այսօր արդեն տեսանելի են։
– Ի՞նչ տրամադրություններ եք նկատում երիտասարդների շրջանում։
– Երիտասարդների շրջանում, իհարկե, կան տարբեր քաղաքական հայացքներ, սակայն շատերին միավորում են մի շարք մտահոգություններ։ Խոսքը վերաբերում է ընտրական գործընթացների նկատմամբ վստահությանը, քաղաքական բևեռացմանը և այն հանգամանքին, որ երիտասարդների ձայնը հաճախ բավարար չափով չի լսվում։ Նոր սերունդը ցանկանում է ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ քաղաքական համակարգը կլինի ավելի թափանցիկ, արդար և իրական մրցակցային։
Որպես ընդդիմադիր երիտասարդներ՝ մենք չենք պատրաստվում լուռ հետևել, թե ինչպես է մեր ապագան հանձնվում բախտի քմահաճույքին։ Մենք մերժում ենք և՛ մշակութային, և՛ քաղաքական կապիտուլյացիան։ Մենք կոչ ենք անում մեր հասարակությանը, մտավորականությանը և հատկապես երիտասարդությանը՝ սթափվել և հասկանալ, որ յուրաքանչյուր լռություն և յուրաքանչյուր սխալ ընտրություն մոտեցնում է մեզ ազգային աղետին։ Ժամանակն է ձևավորելու այնպիսի քաղաքական և մշակութային վերնախավ, որն ունակ է պաշտպանել հայի տեսակը, պատիվն ու ժառանգությունը՝ թե՛ միջազգային հարթակներում, թե՛ ընտրատեղամասերում։
– Դուք արդեն անդրադարձաք ազգային արժեքներին։ Ձեր կարծիքով՝ իշխանությունների քաղաքականությունն ինչպե՞ս է անդրադարձել Արցախի հարցի և ազգային ինքնության ընկալման վրա։
– Արցախի հարցում ևս հասարակությունը խոր հիասթափություն և ցավ է ապրում։ Շատ քաղաքացիներ կարծում են, որ վերջին տարիներին իշխանությունների քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Արցախը փաստացի դուրս մնաց հայկական վերահսկողությունից, իսկ հետագա պաշտոնական հայտարարություններն ու դիրքորոշումները որոշ մարդկանց կողմից ընկալվեցին որպես պատմական և ազգային այդ ժառանգությունից հրաժարում։ Հատկապես քննադատության տեղիք տվեց այն հանգամանքը, որ իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով շեշտադրում էին Հայաստանի Հանրապետության և Արցախի հարցերի տարանջատումը, ինչը շատերի ընկալմամբ հակասում էր տարիներ շարունակ ձևավորված համազգային պատկերացումներին։ Իմ կարծիքով՝ անկախ քաղաքական գնահատականներից և միջազգային իրողություններից, Արցախը հայ ժողովրդի պատմական հիշողության, մշակույթի և ինքնության կարևոր բաղադրիչներից է։ Հետևաբար, նույնիսկ ամենաբարդ պայմաններում անհրաժեշտ է պահպանել ազգային արժանապատվությունը, չուրանալ պատմական հիշողությունը և շարունակել պաշտպանել մեր ժողովրդի իրավունքներն ու հոգևոր ժառանգությունը՝ խուսափելով ներազգային պառակտումից և փոխադարձ թշնամանքից։
– Հաճախ խոսվում է նաև մշակութային ժառանգության պաշտպանության մասին։ Ի՞նչ խնդիրներ եք տեսնում այս ոլորտում։
– Մտահոգիչ է նաև այն, որ մեր մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների պարագայում հաճախ չի լսվում այն հստակ և միասնական ձայնը, որը հասարակությունը սպասում է տեսնել մտավորականությունից և մասնագիտական կառույցներից։ Օրինակ, երբ Կոմիտասի մշակումները միջազգային հարթակներում ներկայացվում են որպես ադրբեջանական երաժշտություն, բնական է ակնկալել, որ Հայաստանի մշակութային հաստատությունները, կոմպոզիտորները և արվեստի հեղինակավոր ներկայացուցիչները հանդես գան ավելի ակտիվ և սկզբունքային դիրքորոշմամբ։ Մշակութային ժառանգությունը միայն անցյալի հիշողություն չէ, այլ ազգային ինքնության կարևորագույն հենասյուն, և դրա պաշտպանությունը չպետք է կախված լինի քաղաքական կամ այլ հանգամանքներից։
– Ձեր կարծիքով՝ ինչի՞ շուրջ պետք է համախմբվի հասարակությունը, և ո՞րն է Հայաստանի ապագայի գրավականը։
– Կարծում եմ՝ մեր ժողովուրդը պետք է վստահի ոչ թե առանձին անձանց, այլ գաղափարներին, արժեքներին և պետական մտածողությանը։ Քաղաքական ուժերը պետք է արժանանան վստահության իրենց ծրագրերով, սկզբունքայնությամբ և պատասխանատվությամբ։ Հասարակությունը պետք է ընտրի նրանց, ովքեր առաջնորդվում են ազգային շահերով, այլ ոչ թե կարճաժամկետ քաղաքական հաշվարկներով։ Որպես երիտասարդ՝ համոզված եմ, որ Հայաստանի ապագան կախված է գիտակից, կրթված և ազգային արժեքներին հավատարիմ քաղաքացիներից։ Մեզ անհրաժեշտ է ոչ թե ատելության և բաժանման մթնոլորտ, այլ համախմբում, պատասխանատվություն և պետական մտածողություն՝ հանուն ուժեղ, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի։
– Իսկ ո՞ր քաղաքական ուժի մեջ եք այսօր տեսնում այդ գաղափարների իրականացումը։
– Անձամբ ես այդ սկզբունքներն ու մոտեցումները տեսնում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեության մեջ։ Կարծում եմ՝ այսօր հենց այդ քաղաքական ուժը կարող է դառնալ այն համախմբող հարթակը, որի շուրջ հնարավոր կլինի միավորել ազգային մտածողություն ունեցող, պատասխանատու և Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներին։