Սահմանադրական բենեֆիս

Սահմանադրական բենեֆիս

Sat, 27 Jun 2026 18:45:20 +0400


Դե ինչ, սիրելի հայրենակիցներ, ընտրությունների թեմայով ՔՊ-ական «խուժան» համերգն ավարտվեց, եւ այժմ, դասական երաժշտության հնչյունների ներքո, բեմում է անկախ Հայաստանի պատմության մեջ երբեւէ ստեղծված ամենաբարձր դատարանը՝ ՍԴ-ն…

Բայց ո՜նց եմ սիրում ՍԴ դատավորների հանդարտ ընթացքը…Պատմուճանների մեջ՝ ասես սահելիս լինեն պարկետի վրայով… ԱԴ-ի հատակը պարկետ է, չէ՞: Զարմանալի է, ՍԴ-ի ոչ մի մենահամերգ բաց չեմ թողել, սակայն երբեք չեմ եղել այդ շենքում: Սիրում եմ հատկապես հետընտրական թեմաներով համերգները, որոնց ժամանակ ՍԴ-ն փայլում է բոլոր առումներով: Նման համերգների վիրտուոզ կատարող է ՍԴ-ն… Եվ ինչպես են տեքստն ու երաժշտությունը ներդաշնակում միմյանց նրա վերդիկտների մեջ: Շշմելու բան է՝ ի՜նչ Վերդի, ի՜նչ Աիդա… Դուք ասեք՝ ՀՀ ՍԴ, եւ դրանով ամեն ինչ ասած կլինեք: Ինձ համար, օրինակ, մեր ՍԴ-ից դենն էլ աշխարհ չկա՝ որ վերդիկտը կարդաց՝ էլ վերջ: Էն, որ գնում են, բողոքում են եվրադատարաններ, միջազգային դատարաններ՝ էդ սաղ կապիկություններ են: Ես մեր ՍԴ-ի ֆանատն եմ…

Ահա եւ ըմբոշխնում եմ ՍԴ-ի 2026թ. մենահամերգը: Պիտի որոշեն` ով է ճիշտ. Նիկոլն ու Վահագն Հովակիմյա՞նը, թե՞ ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմությունը: «Հրապարակը» գրել էր, որ ՍԴ-ի մասին օրենքի համաձայն՝ դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ 3 հնարավոր որոշում կայացնի. առաջին՝ «անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները», երկրորդ՝ «անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման կարգը», եւ երրորդ՝ «նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»:

Եղբայր, ՍԴ-ն ինչպես որոշի, թող այդպես էլ լինի: Եվ խնդրում եմ՝ ինձ մի հարցրեք, թե դու, լինելով ընդդիմադիր, ինչու ես միանշանակ պնդում, որ ՍԴ-ն կայացնելու է միակ ճիշտ որոշումը: Սիրելիներս, մի մոռացեք, որ ես, ընդդիմադիր լինելուց առաջ, ՀՀ քաղաքացի եմ եւ ուղղակի պարտավոր եմ ոչ միայն ձեւականորեն հարգել ՍԴ որոշումը, այլեւ որպես սրբության սրբոց ընդունել այն: Մնում է միայն, որ ՍԴ-ի առաջ կանգնած Նիկոլն ու Վահագն Հովակիմյանը նույնպես անեն դա: Այլապես ՔՊ-ում եւ ՔՊ-ամերձ շրջանակներում շատ տարածված է դատարանների վճիռները չկատարելու պրակտիկան, ինչն այս դեպքում անթույլատրելի, անգամ արգահատելի վարմունք կլինի նրանց կողմից: Կարճ ասած՝ եթե ՍԴ-ն որոշի անփոփոխ թողնել ընտրությունների մասին ԿԸՀ որոշումը, ես միանշանակ կընդունեմ այդ վերդիկտը եւ կգնամ, ինձ կգցեմ Կիեւյան կամրջից: Ոչ, ոչ, ոչ, ինձ մի համոզեք դա չանել, ես եվրոպական դատարան, միջազգային դատարան դիմողը չեմ: Հենց ՍԴ-ն այդ վճիռը տա, ես կհամարեմ, որ այս գործում գիժը ես եմ եւ ոչ թե Նիկոլն ու Հովակիմյան Վահագնը: Իսկ ես Նիկոլի ու մանավանդ Հովակիմյան Վահագնի մոտ գիժ աշխատելու ոչ մի ցանկություն չունեմ: Կեցցե վերանորոգվող Կիեւյան կամուրջը:

Ես հույս ունեմ, սակայն, որ ՍԴ-ն ընդդիմության ներկայացրած ծանրակշիռ եւ գրեթե անհերքելի փաստերի ճնշման տակ կընդունի հետեւյալ երեք որոշումներից մեկը. առաջին՝ «անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները», երկրորդ՝ «անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման կարգը», երրորդ՝ «նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»: Նիկոլ Փաշինյան եւ Վահագն Հովակիմյան, դուք պատրա՞ստ եք նույնկերպ, ինչպես ես, ընդունել ՍԴ-ի այս երեք վճիռներից մեկը: Ձեզ եմ հարցնում, խոսեք, մի բան ասեք… Խոսքը ՍԴ-ի վճռի մասին է, ոչ թե «կակոյ նիբուծ» շարքային դատարանի, որի վճիռներն անտեսում եք ամեն քայլափոխի: Ի տարբերություն ինձ՝ դուք եվրադատարան ու միջազգային դատարան դիմելու շանս էլ չունեք: Եվ, ուրեմն, եթե ՍԴ-ն որոշի, որ Հայաստանում ոչ թե արդար ընտրություններ, այլ էշի հարսանիք է տեղի ունեցել, ձեզ այլ ելք չի մնալու, քան ուսապարկերը հավաքելն ու դեպի Կիեւյան կամուրջ շարժվելը:

Ասենք՝ մի տարբերակ էլ կա: Դուք կարող եք համարել, որ դուք գիժ եք ու հանգիստ «գիժ» աշխատել միջազգային հանրության եւ ՀՀ նոր իշխանությունների մոտ:

ՀԳ. Խնդրում եմ այս հոդվածը չհամարել ճնշում ՍԴ-ի վրա: Քավ լիցի, ես բնավորությամբ խաղաղ մարդ եմ եւ դավադրությունների ոչ մի տեսության չեմ հավատում: Ինձ համար ՍԴ-ն բացարձակ արժեք է, եւ ես այսօր անհանգստանում եմ, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Հովակիմյանն իրենց անհարկի ակտիվությամբ վնաս չհասցնեն ՍԴ-ի բարձր հեղինակությանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

ՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը Mon, 21 Sep 2026 16:30:03 +0400 ՀՀ ՆԳՆ-ն Հայաստանի…

8 րոպե ago

Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք

Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Mon, 21 Sep 2026 16:18:30 +0400 Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի…

20 րոպե ago

Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ Նիկոլ Փաշինյանին

Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ Նիկոլ Փաշինյանին Mon, 21 Sep 2026 15:45:51 +0400…

52 րոպե ago

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից Mon, 21 Sep 2026 15:33:40 +0400…

1 ժամ ago

Անկախության տոնակատարությունը ձևականություն է

Անկախության տոնակատարությունը ձևականություն է Mon, 21 Sep 2026 15:30:09 +0400 ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել…

1 ժամ ago

Պիտի սա կանգնեցնել․ համախմբվել է պետք

Պիտի սա կանգնեցնել․ համախմբվել է պետք Mon, 21 Sep 2026 15:26:11 +0400 ՀԱԿ փոխնախագահ Արամ…

1 ժամ ago