Երբ չգիտես ինչ անել, բայց գիտես` ով է մեղավորը

Երբ չգիտես ինչ անել, բայց գիտես` ով է մեղավորը

Wed, 01 Jul 2026 18:15:43 +0400


Ռուսաստանի նախկին նախագահ, նախկին վարչապետ, իսկ ներկայում Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը ցուցադրում է միջազգային հարաբերությունների էությունից իր անտեղյակությունը, միաժամանակ՝ Ռուսաստանի թուլությունն ու անճարակությունը: Նա հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնությունում կառավարող՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարում, որի նախագահն ինքն է, եւ խոսում է հավաքական Արեւմուտքի կողմից Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին, զգուշացնում Հայաստանի քաղաքացիներին՝ Ռուսաստանի հետ կապերի խզման հետեւանքների մասին: Փոխանակ բացատրի, թե ինչպես իրենց ձախողված քաղաքականության արդյունքում իրենց դաշնակից Հայաստանը դարձավ Արեւմուտքի ձեռքին Ռուսաստանի դեմ ուղղված գործիք, նա ինչ-որ մեղավորներ է գտնում Արեւմուտքում:

Այն, ինչ ասում է ռուսաստանցի քաղաքական գործիչն ու պաշ­տոնյան՝ Արեւմուտքի կողմից Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության մասին, հայտնի է բոլորին. «Արեւմուտքը Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է բացառապես որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք։ Արեւմուտքը շահագրգռված է երկրի քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի եւ Երեւանի միջեւ առողջ հարաբերությունների կողմնակիցներից»։ Նա որպես օրինակ բերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մանդատներից, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելը, նրա նկատմամբ քրեական հետապնդում կազմակերպելը. «Այս ամենը տեղի է ունենում արեւմտյան երկրների լիակատար լռության պայմաններում… Իրենց սիրելի նեոգաղութատիրական գործելակերպի ոգով նրանք Հայաստանի պետական ապարատը բառացիորեն դարձրել են ձեռնասուն»:
Իհարկե, Արեւմուտքը Հայաստանն օգտագործում է որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք, եւ դա որեւէ մեկի համար ո՛չ նորություն է եւ, առավել եւս, ո՛չ էլ գաղտնիք: Արեւմուտքը, ի դեմս Հայաստանի եւ նրա իշխանության, ձեռք է բերել մի գործիք, որն օգտագործում է ըստ նշանակության, զարմանալի կլիներ, եթե հակառակը տեղի ունենար, այդ գործիքը չօգտագործեր կամ օգտագործեր ոչ ըստ նշանակության, ասենք` թույլ տար կամ նպաստեր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական, հոգեւոր-մշակութային կամ ռազմատեխնիկական կապերի զարգացմանը: Յուրաքանչյուր գործիք ձեռք է բերվում ըստ նշանակության օգտագործման համար, Արեւմուտքում հիմարներ չեն, որ այլ կերպ վարվեն:

Ինչպես նշեցինք` Դմիտրի Մեդվեդեւն իր ելույթում հանդես եկավ նաեւ ՀՀ քաղաքացիներին ուղղված զգուշացումով. «ՀՀ շարքային քաղաքացիների համար Ռուսաստանի հետ տասնամյակների ընթացքում կառուցված կապերի խզումն անխուսափելիորեն կհանգեցնի ծանր հետեւանքների։ Սակայն ԵՄ-ն բացարձակապես չի հետաքրքրվում այս հարցերով»: Իսկ ինչո՞ւ պետք է ԵՄ-ին հետաքրքրի Հայաստանի քաղաքացիներին հասցվող վնասը կամ ծանր հետեւանքները:

Ռուսաստանը կորցրել է Հայաստանի նկատմամբ հսկողությունը եւ դրա համար մեղադրում է Հայաստանին ու հայ հասարակությանը, սակայն դա Ռուսաստանի ձախողումն է, որի գինը վճարում է ինչպես Հայաստանը, այնպես էլ Ռուսաստանը: Այս վիճակը շատ նման է նրան, որ Փաշինյանը եւ նրա շրջապատն իրենց ձախողումների համար մեղադրում են նախկիններին կամ Ռուսաստանի իշխանություններին: Չնայած այդ ձախողումներից տուժում են Հայաստանը եւ հայ հասարակությունը, բայց կարեւորը` կան մեղավորներ:

Ամեն անգամ, երբ չգիտես, թե ինչ անել, փորձում ես խնդիրը տեղափոխել «իսկ ո՞վ է մեղավոր» հարթություն եւ գտնել մի մեղավորի, որին պետք է վերագրես քո ձախողումը կամ անճարակությունը: Քանի որ Հայաստանի մասով շատ է ասվել, ասենք միայն Ռուսաստանի մասով: Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից դուրս է եկել ոչ Հայաստանի մեղքով կամ կամքով, այլ Ռուսաստանի, Ռուսաստանի թուլության եւ իր շահերը պաշտպանելու հարցում անհետեւողականության պատճառով: Հայաստանի համար եղել է պայքար Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ (Թուրքիան հանդիսանում է Արեւմուտքի մաս), եւ այդ պայքարում հաղթել է Արեւմուտքը, դրա համար Հայաստանը մեղավոր չէ: Մեղավոր չէ նաեւ հայաստանյան հասարակությունը, նա չի կարող միայնակ պայքարել եւ հաղթել Արեւմուտքի, Թուրքիայի եւ հայաստանյան նրանց դրածո կառավարիչների դեմ պայքարում: Երբ Մեդվեդեւը հայտարարում է, որ Արեւմուտքը Հայաստանը`Ռուսաստանի վաղեմի եւ երկարամյա դաշնակցին վերածել է իր դեմ պայքարի գործիքի, դրանով ընդունում է իր երկրի պարտությունը: Բայց փոխանակ ընդունելու, որ իրենք պարտվել են, նրանք փորձում են այդ պարտության մեղավոր եւ պատասխանատու հռչակել Հայաստանին եւ Հայաստանի քաղաքացիներին՝ ասելով, որ նրանք իրենց վրա կզգան այդ պարտության հետեւանքները: Ասենք թե՝ կզգան եւ արդեն իսկ զգում են, հետո՞ ինչ: Իսկ մի՞թե Ռուսաստանը չի զգում իր աշխարհաքաղաքական պարտությունների ազդեցությունը, երբ իր տասնյակ դաշնակիցներ վերածվել են թշնամիների, երբ երկիրը շրջապատված է թշնամիներով եւ ոչ թե բարեկամներով: Կամ` խոսելով Հայաստանի մասին, մի՞թե իրենց հետաքրքրում է ՀՀ քաղաքացիների ճակատագիրը եւ ոչ թե այն, որ բարեկամ երկիրը վերածվել է թշնամու:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող քրեական հետապնդմանը` միայն նրա համար, որ նա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առողջ հարաբերությունների կողմնակից է, դա եւս Ռուսաստանի ձախողումն է: Պատկերացնո՞ւմ եք` ինչպիսին կլիներ Արեւմուտքի արձագանքը, եթե որեւէ պրոարեւմտյան գործչի նկատմամբ քրեական գործ հարուցեին կամ, առավել եւս՝ զրկեին մանդատներից, ինչպիսի աղմուկ-աղաղակ հիմա բարձրացած կլիներ: Իսկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շուտով մեկ տարի կլինի՝ զրկված է ազատությունից միայն այն պատճառով, որ խոսել է Հայաստանի եւ Ռուսաստանի բարեկամական հարաբերությունների մասին: Ռուսաստանում որեւէ մեկը հիշո՞ւմ է նրա գոյության մասին: Հեշտ է սեփական ձախողումների համար մեղավորներ գտնել, միայն թե դրանից ի՞նչ օգուտ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ջորջ Քլունին ստացել է պատվո «Ոսկե առյուծ»

Ջորջ Քլունին ստացել է պատվո «Ոսկե առյուծ» Thu, 03 Sep 2026 22:30:14 +0400 Ամերիկացի հայտնի…

20 րոպե ago

Փաշինյանի «Սրտի օլիգարխ» Նարեկ Նալբանդյանի մասին 825 հրապարակում, օրվա գլխավոր թեմաները

Փաշինյանի «Սրտի օլիգարխ» Նարեկ Նալբանդյանի մասին 825 հրապարակում, օրվա գլխավոր թեմաները Thu, 03 Sep 2026…

30 րոպե ago

«Առաքել». երբ թատրոնի բեմից հնչում են քաղաքական դաշտում չլսվող հարցերը

«Առաքել». երբ թատրոնի բեմից հնչում են քաղաքական դաշտում չլսվող հարցերը Thu, 03 Sep 2026 22:18:26…

32 րոպե ago

ԵՄ-ն հայկական ապրանքների համար մի քանի արտոնություն է սահմանել, հազար հատ` սահմանափակում

ԵՄ-ն հայկական ապրանքների համար մի քանի արտոնություն է սահմանել, հազար հատ` սահմանափակում Thu, 03 Sep…

35 րոպե ago

Ինտելեկտուալ Հեղափոխություն․ ինչ կփոխվի մեր կյանքում

Ինտելեկտուալ Հեղափոխություն․ ինչ կփոխվի մեր կյանքում Thu, 03 Sep 2026 22:14:53 +0400 19-րդ դարի Արդյունաբերական…

36 րոպե ago

Հայտնաբերել են 2-հազարամյա բնակավայր

Հայտնաբերել են 2-հազարամյա բնակավայր Thu, 03 Sep 2026 22:00:30 +0400 Չեխիայում հնագետները պատահաբար հայտնաբերել են…

50 րոպե ago