«Հրապարակ». Թող գայլերը մտածեն

«Հրապարակ». Թող գայլերը մտածեն

Sat, 11 Jul 2026 12:15:27 +0400


Երկու օր առաջ գայլերը հարձակվել էին Գորիս համայնքի Քարահունջ գյուղի բնակիչների վրա, կծել 6 հոգու, որոնցից մեկն իր տան բակում խաղացող 3 տարեկան երեխա է եղել: 72 տարեկան տղամարդու դեմքն ամբողջությամբ հոշոտել էին, նրան պետք է տեղափոխեին Երեւան՝ վիրահատությունները շարունակելու համար: Ականատեսները նշում են, որ գայլերի համար սա անսովոր պահվածք է։ «Հրապարակը» զրուցել է կենդանաբան Կարեն Մանվելյանի հետ:

– Գայլը հարձակվել է գյուղում գտնվող մարդկանց վրա, ի՞նչը կարող է հարձակման պատճառ դառնալ:

– Զարմանալի է ուղղակի, որովհետեւ շատ հազվագյուտ է լինում: Հատկապես գյուղի մեջ է եղել, շատ սուղ տեղեկատվություն էր, մանրամասն տեղեկատվություն չկա, թե ոնց է եղել այդ հարձակումը: Ինձ համար զարմանալի է, որ գայլը հարձակվում է մարդկանց վրա, ես դա չեմ պատկերացնում: Այդ մասով տեղեկատվություն ավելի շատ պետք է լինի, որ մենք՝ որպես մասնագետ, կարողանանք ասել, թե ինչն է եղել պատճառը: Կատաղություն հիվանդություն կա, այդ դեպքում աղվեսն էլ կարող է կծել մարդուն՝ վարակվի, գայլն էլ, շունն էլ:

– Հնարավո՞ր է վայրենացած շների հետ գործ ունենք, որովհետեւ ասում են՝ Գորիսի կողմերում շատ կան վայրենացած շների ոհմակներ:

– Միայն Գորիսի կողմերում չէ, վայրենացած շների ոհմակներ շատ տեղերում կան, որ ոհմակով են: Բայց դե՝ պետք է նկարագիրը։ Տեսանյութը տեսա, սակայն դա բավական չէ՝ հստակ բան ասելու համար: Նկարագրածով ու եղած տեղեկատվությամբ ավելի շատ նման է կատաղությամբ վարակված գայլի: Եթե մեկ գայլ է, ամենայն հավանականությամբ, կատաղություն ունի, հիվանդություն է, ինչը վտանգավոր է: Անկախ նրանից՝ մենակ է, թե մենակ չէ, շատ վտանգավոր է, կշարունակի հարձակվել թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների վրա: Միայն նման դեպքում է գայլը հարձակվում:

– Դուք երկար տարիներ ծրագրեր եք իրականացրել՝ բնապահպանական հատուկ տարածքներ ձեւավորելու համար, այդ թվում՝ Զանգեզուրի կենսոլորտային համալիրը, որի մեջ մտնում են Զանգեզուր արգելավայրը, Շիկահողի արգելոցը, Սեւ լճերի տարածքը: Իսկ հնարավո՞ր է գայլի անսովոր պահվածքը կապված լինի նաեւ մեր տարածաշրջանում վերջին ռազմական գործողությունների հետ՝ Արցախի տարածքում, Սյունիքի հատվածում անտառային տարածքներում տեղի ունեցած պատերազմի հետ:

– Ոչ, դա կապ չունի: Սահմանամերձ տարածքներում ազդեցությունը կարող է լինել այն, որ ապօրինի որսագողություն անեն այդ սահմանապահները, կամ ականներ լինեն, դրանից կենդանիները տուժում են, բայց որ Արցախից գայլը գա հասնի այստեղ, հարձակվի՝ հեքիաթներ են:

– Իսկ գայլերի միգրացիայի ճանապարհների մասով որեւէ տեղեկատվություն ունե՞ք:

– Կենդանիներ կան, որ միգրացիա անում են, կենդանի կա, որ չի անում: Ընձառյուծն անում է միգրացիա՝ որոշ ժամանակահատվածի ընթացքում, ու եթե գտնում է մի վայր, որտեղ ինքը կեր ունի՝ հիմնականում բեզոարյան այծերը, մնում է այնտեղ: Օրինակ, Խոսրովում ունենք, ինքն արդեն 6 տարուց ավել այնտեղ է: Գայլերը մեծ միգրացիաներ չեն անում, հիմնականում անասնապահական ռեգիոններում են լինում, այնտեղ են կուտակվում: Ամբողջ Հայաստանում կան գայլեր, իհարկե, բայց Սյունիքի մարզում բարձր լեռնատափաստանային, լեռնային գոտիներում են լինում, որտեղ անասնապահությամբ են զբաղվում, Շիրակի, Արագածոտնի մարզում են լինում:

– Ձեր կազմակերպությունը տեսահսկման միջոցով հետեւում է հովազի տեղաշարժին: Արդյոք մտահոգիչ չէ՞, որ այն արեալում, որտեղ հովազ կա, կան նաեւ գայլեր:

– Գայլերը թող մտածեն: Ի դեպ ասեմ, Սյունիքի տեղացիները, որտեղ կա ընձառյուծ, ուրախ են, որ ընձառյուծ կա, քանի որ այն իրենց ընտանի կենդանիներին ձեռք չի տալիս: Հայաստանում համարյա դեպք չի եղել, որ ընձառյուծը հարձակվի, երկու դեպք է եղել, որ ձիու քուռակ է տարել, այդ երկու դեպքն են՝ 15 տարվա ընթացքում: Ինքը հիմնականում սնվում է հզոր, վայրի կենդանիներով: Իսկ գայլերը, իհարկե, հարձակվում են, եթե այդ տարածքում ընձառյուծ է լինում, գայլերին այդ տարածքից քշում է, այսպես ասած:

– Այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում, որ Սյունիքում ընձառյուծ կա, ու գայլեր էլ կան:

– Սյունիքն այնքան մեծ տարածք է, շատ բարձր ռելիեֆ, ընձառյուծը՝ որտեղ, Գորիսը՝ որտեղ, բավականին հեռու է այն վայրերից, որտեղ ընձառյուծն է լինում: Գայլերը կարող են Մեղրիում կամ Շիկահողի հատվածում հարձակվել, եթե հարձակվեն, այնտեղ մոտիկ է ընձառյուծի տարածքին, բայց Գորիսում չի լինում:

– Գորիս համայնքում հար­ձակման այս դեպքի հետ կապված՝ Ձեր կազմակերպությունը որեւէ մասնակցություն ունենալո՞ւ է, մասնագետ ուղարկելո՞ւ եք, թե՞ պետական մարմիններն են պատասխանատու՝ այս հարցով զբաղվելու:

– Դա մեր գործը չէ, կան պետական մարմիններ, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին, կան անտառտնտեսություններ, կան էկոպարեկներ, եթե դա իրական է, դա իրագործվել է, բայց սա եթե գյուղում է եղել, մենք նման հարցերով չենք զբաղվում: Եթե դիմեն պետական մարմինները, մենք շրջակա միջավայրի նախարարության հետ ենք համագործակցում՝ եթե դիմեն մեզ, Կենդանաբանության ինստիտուտին, որ մասնակցենք, իհարկե, ուղարկում ենք մասնագետներ, հետազոտում են եւ տալիս են համապատասխան կարծիք:

– Իսկ համագործակցության առումով Ձեզ դիմե՞լ են՝ հենց այս հարձակման հետ կապված:

– Ոչ, չեն դիմել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան

Մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Sat, 11 Jul 2026 21:48:11…

6 րոպե ago

Լիանա Վանոյանը կրկին վիրահատության է դիմել

Լիանա Վանոյանը կրկին վիրահատության է դիմել Sat, 11 Jul 2026 21:45:33 +0400 Դերասանուհի Լիանա Վանոյանը…

8 րոպե ago

«Դժոխքից եկած թրթուրները» գրոհել են Դանիան

«Դժոխքից եկած թրթուրները» գրոհել են Դանիան Sat, 11 Jul 2026 21:30:28 +0400 Դանիայի մի քանի…

23 րոպե ago

Երասխ գյուղի մոտակայքում բեռնատար է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է

Երասխ գյուղի մոտակայքում բեռնատար է այրվել․ վարորդը հոսպիտալացվել է Sat, 11 Jul 2026 21:15:03 +0400…

39 րոպե ago

Խորհրդավոր վանականը

Խորհրդավոր վանականը Sat, 11 Jul 2026 21:00:42 +0400 «Խորհրդավոր վանականը» խորհրդային պատմաարկածային կինոնկարն արտահայտում է…

53 րոպե ago

Կտրված լարի, ջութակի ու աշխարհահռչակ ջութակահարի շուրջ՝ փառատոնյան հույզեր. Բլոգ

Կտրված լարի, ջութակի ու աշխարհահռչակ ջութակահարի շուրջ՝ փառատոնյան հույզեր. Բլոգ Sat, 11 Jul 2026 21:00:37…

53 րոպե ago