«Հրապարակ». Թող գայլերը մտածեն

«Հրապարակ». Թող գայլերը մտածեն

Sat, 11 Jul 2026 12:15:27 +0400


Երկու օր առաջ գայլերը հարձակվել էին Գորիս համայնքի Քարահունջ գյուղի բնակիչների վրա, կծել 6 հոգու, որոնցից մեկն իր տան բակում խաղացող 3 տարեկան երեխա է եղել: 72 տարեկան տղամարդու դեմքն ամբողջությամբ հոշոտել էին, նրան պետք է տեղափոխեին Երեւան՝ վիրահատությունները շարունակելու համար: Ականատեսները նշում են, որ գայլերի համար սա անսովոր պահվածք է։ «Հրապարակը» զրուցել է կենդանաբան Կարեն Մանվելյանի հետ:

– Գայլը հարձակվել է գյուղում գտնվող մարդկանց վրա, ի՞նչը կարող է հարձակման պատճառ դառնալ:

– Զարմանալի է ուղղակի, որովհետեւ շատ հազվագյուտ է լինում: Հատկապես գյուղի մեջ է եղել, շատ սուղ տեղեկատվություն էր, մանրամասն տեղեկատվություն չկա, թե ոնց է եղել այդ հարձակումը: Ինձ համար զարմանալի է, որ գայլը հարձակվում է մարդկանց վրա, ես դա չեմ պատկերացնում: Այդ մասով տեղեկատվություն ավելի շատ պետք է լինի, որ մենք՝ որպես մասնագետ, կարողանանք ասել, թե ինչն է եղել պատճառը: Կատաղություն հիվանդություն կա, այդ դեպքում աղվեսն էլ կարող է կծել մարդուն՝ վարակվի, գայլն էլ, շունն էլ:

– Հնարավո՞ր է վայրենացած շների հետ գործ ունենք, որովհետեւ ասում են՝ Գորիսի կողմերում շատ կան վայրենացած շների ոհմակներ:

– Միայն Գորիսի կողմերում չէ, վայրենացած շների ոհմակներ շատ տեղերում կան, որ ոհմակով են: Բայց դե՝ պետք է նկարագիրը։ Տեսանյութը տեսա, սակայն դա բավական չէ՝ հստակ բան ասելու համար: Նկարագրածով ու եղած տեղեկատվությամբ ավելի շատ նման է կատաղությամբ վարակված գայլի: Եթե մեկ գայլ է, ամենայն հավանականությամբ, կատաղություն ունի, հիվանդություն է, ինչը վտանգավոր է: Անկախ նրանից՝ մենակ է, թե մենակ չէ, շատ վտանգավոր է, կշարունակի հարձակվել թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների վրա: Միայն նման դեպքում է գայլը հարձակվում:

– Դուք երկար տարիներ ծրագրեր եք իրականացրել՝ բնապահպանական հատուկ տարածքներ ձեւավորելու համար, այդ թվում՝ Զանգեզուրի կենսոլորտային համալիրը, որի մեջ մտնում են Զանգեզուր արգելավայրը, Շիկահողի արգելոցը, Սեւ լճերի տարածքը: Իսկ հնարավո՞ր է գայլի անսովոր պահվածքը կապված լինի նաեւ մեր տարածաշրջանում վերջին ռազմական գործողությունների հետ՝ Արցախի տարածքում, Սյունիքի հատվածում անտառային տարածքներում տեղի ունեցած պատերազմի հետ:

– Ոչ, դա կապ չունի: Սահմանամերձ տարածքներում ազդեցությունը կարող է լինել այն, որ ապօրինի որսագողություն անեն այդ սահմանապահները, կամ ականներ լինեն, դրանից կենդանիները տուժում են, բայց որ Արցախից գայլը գա հասնի այստեղ, հարձակվի՝ հեքիաթներ են:

– Իսկ գայլերի միգրացիայի ճանապարհների մասով որեւէ տեղեկատվություն ունե՞ք:

– Կենդանիներ կան, որ միգրացիա անում են, կենդանի կա, որ չի անում: Ընձառյուծն անում է միգրացիա՝ որոշ ժամանակահատվածի ընթացքում, ու եթե գտնում է մի վայր, որտեղ ինքը կեր ունի՝ հիմնականում բեզոարյան այծերը, մնում է այնտեղ: Օրինակ, Խոսրովում ունենք, ինքն արդեն 6 տարուց ավել այնտեղ է: Գայլերը մեծ միգրացիաներ չեն անում, հիմնականում անասնապահական ռեգիոններում են լինում, այնտեղ են կուտակվում: Ամբողջ Հայաստանում կան գայլեր, իհարկե, բայց Սյունիքի մարզում բարձր լեռնատափաստանային, լեռնային գոտիներում են լինում, որտեղ անասնապահությամբ են զբաղվում, Շիրակի, Արագածոտնի մարզում են լինում:

– Ձեր կազմակերպությունը տեսահսկման միջոցով հետեւում է հովազի տեղաշարժին: Արդյոք մտահոգիչ չէ՞, որ այն արեալում, որտեղ հովազ կա, կան նաեւ գայլեր:

– Գայլերը թող մտածեն: Ի դեպ ասեմ, Սյունիքի տեղացիները, որտեղ կա ընձառյուծ, ուրախ են, որ ընձառյուծ կա, քանի որ այն իրենց ընտանի կենդանիներին ձեռք չի տալիս: Հայաստանում համարյա դեպք չի եղել, որ ընձառյուծը հարձակվի, երկու դեպք է եղել, որ ձիու քուռակ է տարել, այդ երկու դեպքն են՝ 15 տարվա ընթացքում: Ինքը հիմնականում սնվում է հզոր, վայրի կենդանիներով: Իսկ գայլերը, իհարկե, հարձակվում են, եթե այդ տարածքում ընձառյուծ է լինում, գայլերին այդ տարածքից քշում է, այսպես ասած:

– Այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում, որ Սյունիքում ընձառյուծ կա, ու գայլեր էլ կան:

– Սյունիքն այնքան մեծ տարածք է, շատ բարձր ռելիեֆ, ընձառյուծը՝ որտեղ, Գորիսը՝ որտեղ, բավականին հեռու է այն վայրերից, որտեղ ընձառյուծն է լինում: Գայլերը կարող են Մեղրիում կամ Շիկահողի հատվածում հարձակվել, եթե հարձակվեն, այնտեղ մոտիկ է ընձառյուծի տարածքին, բայց Գորիսում չի լինում:

– Գորիս համայնքում հար­ձակման այս դեպքի հետ կապված՝ Ձեր կազմակերպությունը որեւէ մասնակցություն ունենալո՞ւ է, մասնագետ ուղարկելո՞ւ եք, թե՞ պետական մարմիններն են պատասխանատու՝ այս հարցով զբաղվելու:

– Դա մեր գործը չէ, կան պետական մարմիններ, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին, կան անտառտնտեսություններ, կան էկոպարեկներ, եթե դա իրական է, դա իրագործվել է, բայց սա եթե գյուղում է եղել, մենք նման հարցերով չենք զբաղվում: Եթե դիմեն պետական մարմինները, մենք շրջակա միջավայրի նախարարության հետ ենք համագործակցում՝ եթե դիմեն մեզ, Կենդանաբանության ինստիտուտին, որ մասնակցենք, իհարկե, ուղարկում ենք մասնագետներ, հետազոտում են եւ տալիս են համապատասխան կարծիք:

– Իսկ համագործակցության առումով Ձեզ դիմե՞լ են՝ հենց այս հարձակման հետ կապված:

– Ոչ, չեն դիմել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում

Ժողովրդավար երկրներում 50 քաղբանտարկյալ չի լինում Thu, 02 Jul 2026 13:26:43 +0400 Կառավարության շենքի դիմաց …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով