Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Եթե ուսուցիչը կամավոր ատեստավորման գնալ չի ցանկանում, ուրեմն դպրոցի տնօրենը տգետ է

«Հրապարակ»․ Եթե ուսուցիչը կամավոր ատեստավորման գնալ չի ցանկանում, ուրեմն դպրոցի տնօրենը տգետ է

Sat, 12 Sep 2026 12:45:00 +0400


«Հրապարակի» զրուցակիցը ՔՊ-ական պատգամավոր Ռուզաննա Երեմյանն է:

– Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է աշակերտների առաջադիմության եւ գրագիտության մակարդակի վերաբերյալ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հրապարակած հետազոտությանը, ըստ որի՝ Հայաստանը 91 պետության թվում վերջից երրորդն է եւ հետ է անգամ Ադրբեջանից ու Թուրքիայից։ Փաշինյանը նշել է, որ տգետ դպրոցի տնօրեններից օր առաջ պետք է ազատվել, նորից մեղքը բարդել է նախկինների վրա, թե դաշնակցականներն ու հանրապետականները դպրոցները սարքել էին ընտրակեղծարարության պլատֆորմ եւ այլն: Թեեւ ինքն արդեն 9-րդ տարին է՝ կառավարում է: Ի՞նչ նկատի ունի Փաշինյանը, երբ ասում է, թե տնօրենն է տգետ….

– ՀՀ վարչապետն իր խոսքում շատ հստակ ներկայացրեց, թե ինչի մասին է խոսքը: Բայց ծնողն է ընտրում, թե իր երեխան որ դպրոցը հաճախի: Ծնողները շատ հանգիստ կարող են ներքին գնահատման, արտաքին գնահատման արդյունքներին հետեւելով՝ նախապատվությունը տալ այս կամ այն դպրոցին: Այդ իմաստով ծնողների ընտրությունն ազատ է:

– PISA-ի հետազոտության արդյունքները բավականին աղմուկ են բարձրացրել, Հայաստանը վերջից երրորդ տեղում է: Ըստ Ձեզ` ի՞նչն է պատճառը:

– Բայց այդ հարցումները հին չափորոշիչներով են եղել, վստահաբար՝ Դուք էլ գիտեք:

– Այո, բայց այդ հին չափորոշիչներով ժամանակին նորմալ կրթություն են ստացել․․․ նախկինում նման արդյունքներ չեն եղել։

– Մենք այդ ծրագրին նոր ենք միացել, առաջին անգամ է այդ հետազոտությունը Հայաստանում անցկացվել, նախորդներն այլ հետազոտություններ են եղել: Հետազոտությունը միտված չի եղել՝ ստուգելու երեխաների գիտելիքները, այստեղ խոսքը կարողությունների մասին է: Իսկ կարողությունների տեսանկյունից, թույլ տվեք ասել, որ հանրակրթության հին չափորոշիչներն ընդհանրապես կարողունակության վրա ուշադրություն չեն դարձրել: Հիմքը միայն գիտելիքն էր: 2023 թվականից հանրակրթության նոր չափորոշիչներով են աշխատում, այն, գիտելիքից, արժեքներից բացի, երեխաներին կարողություններ է փոխանցում, եւ այս տեսանկյունից մենք պետք է հաշվի առնենք այս հանգամանքը: Խոսվում է այն մասին, որ բնագիտական առարկաներից երեխաները կարողունակություն չեն ցուցաբերել, բայց, հազար ներողություն, երեխան իր ողջ ուսումնառության ընթացքում լաբորատոր փորձ չի արել, տարրական պայմաններ չեն եղել դպրոցներում, որտեղ լաբորատորիաներ կլինեին, որտեղ դպրոցը նյութեր ձեռք բերելու համար գումարներ կունենար եւ այլն: Լաբորատոր հմտություններ կիրառելու հմտությունները որտե՞ղ պետք է ձեւավորվեին: Հետազոտությունն իրականացվել է 10-րդ դասարանի սովորողների շրջանում, 10-րդ դասարանում սովորող երեխան հաճախում է ավագ դպրոց, ավագ դպրոցները, հոսքերն ընտրովի են, երեխաներն իրենք են հոսքն ընտրում, ուստի մենք հիմա չենք կարող ասել, թե այդ հետազոտություններին որ հոսքերի երեխաներն են մասնակցել:

– Բայց երեխաներն անգամ տեքստը չեն կարողացել կարդալ ու վերաշարադրել, պատմել, թե ինչի մասին է գրված:

– Այնտեղ ընթերցանության կարողունակության մասին հարց կար, ընկալման հետ կապված եղել են որոշակի խնդիրներ, բայց ես երեխաներին չեմ մեղադրում: Եկեք խոստովանենք, որ բոլորս էլ դասերը պատմելիս որոշ հատվածներ անգիր ենք արել, հիմա մեր երեխաներին նոր չափորոշիչներով դաս պատմել ընդհանրապես չենք հանձնարարում, մենք հարցնում ենք իմաստի ընկալումը, թե երեխան ինչ հասկացավ այդ դասից, ինչպես կարող է կիրառել այն իր կյանքում: Փոխվեց մոտեցումը, այս հետազոտությունն արվում է 4 տարին մեկ, 4 տարի անց կտեսնենք ակնհայտ տարբերությունը: Հրաշալի սերունդ ունենք, հոյակապ մանկավարժներ:

– Ասում եք, որ դպրոցներում լաբորատորիաներ չկան, գումար չի տրամադրվել՝ նյութեր գնելու համար, եւ այլն։ Բայց ՔՊ-ն 2018-ից իշխանության է, գրեթե 9 տարի: Ո՞վ պետք է այդ հարցերով զբաղվեր, ո՞վ է մեղավոր, որ այս տարիներին այդ ամենը չի արվել:

– 2018-ը չհաշվենք, 2019 թվականից եկեք անենք դիտարկումները: Մեր պետության մեջ 2019-ից դպրոցաշինության կարեւոր գործընթաց սկսվեց: 2021 թվականին ահագին գործ արվեց, դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն: Իմ նախկին դպրոցում կան լաբորատորիաներ, որոնք ունեն հատուկ օդափոխության սարքեր: Նախկին շենքային պայմաններում այդ լաբորատորիաները չէին կարող աշխատել, չկար համակարգ, սակայն կառավարության շնորհիվ Հայաստանի դպրոցների 90 տոկոսից ավելիում այսօր կան լաբորատորիաներ: 2023 թվականին ես Տավուշի մարզում էի, այցելեցի դպրոցներ, գրեթե բոլոր դպրոցները Տավուշում արդեն ունեն լաբորատորիաներ:

– Նիկոլ Փաշինյանի կարծիքով` տգետ տնօրեններ կան, որոնցից պետք է ազատվել: Իսկապե՞ս տգետ տնօրեններն այդքան շատ են:

– Ես բոլոր տնօրեններին չեմ ճանաչում` անգամ Երեւանի դպրոցների, սակայն ինձ թույլ չեմ տա՝ վարչապետի կարծիքը չկիսել: Եթե ունենք դպրոցներ, որտեղ դրամահավաքի դեպքեր են տեղի ունենում, ուրեմն այդ դպրոցների տնօրենները տգետներ են: Ես կիսում եմ վարչապետի տեսակետը` տգետներ են: Եթե կա մի դպրոց, որտեղ ուսուցիչը չունի մոտիվացիա, եթե կամավոր ատեստավորման գնալ չի ցանկանում, ուրեմն այդ դպրոցների տնօրենները տգետներ են: Նշանակում է, որ տնօրեններն իրենք օրինակ չեն ծառայում իրենց ուսուցիչների համար: Ուսուցչին պետք է մոտիվացնել, դրա համար պետք է լինել առաջամարտիկ, պետք է սեփական օրինակով ցույց տալ, որ կարող ենք: Օրինակ` նախկինում իմ ղեկավարած դպրոցի ուսուցիչների 50 տոկոսը կամավոր ատեստավորված է, եւ տնօրենից բարձր աշխատավարձ են ստանում:

– Այսինքն` Դուք եք մոտիվացրել նրանց….

– Անպայման, գնում է կամավոր ատեստավորման նաեւ մնացյալ 50 տոկոսը, գնում են նվաճելու, իրենց կյանքը բարելավելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել

Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով