Ստի ․․․, թե գաղտնի տեղեկատվության փոխանցման դիմաց 622 հազար դոլար փող եմ ստացե
Fri, 24 Jul 2026 09:47:15 +0400
«Մայր Հայաստան»-ը հրապարակել է կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հոդվածը՝ կալանավայրից․
«Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ-ի պատվերով․ ստի․․․, թե․․․
Դատավոր Գ․ Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված ապօրինի քրեական «գործով» կալանքս ապօրինաբար ևս 2 ամսով երկրաձգելով։
Այս «գործի» առանձնահատկությունն այն է, որ «նախաքննական գաղտնիք» և «պետական գաղտնիք» ձևակերպումների ներքո ես և փաստաբանական խումբը զրկված ենք «գործի» ամբողջ դադարկությունը բացահայտելու և հանրության հետ բաց տեքստով շփվելու հնարավորությունից։ Արդյունքում ստացվում է, որ քաղաքացի Նիկոլ Փ-ն ու իր գործիքները, խախտելով անմեղության կանխավարկածը, ինձ կպցնում են «պետական դավաճանի» և «լրտեսի» պիտակ, իսկ ես զրկված եմ ինքս ինձ, իմ թիմակցին և «Մայր Հայաստանին» պաշտպանելու հնարավորությունից։
Սա այն դեպքն է, երբ գողն ամենաբարձրն է գոռում «բռնեք գողին», այսինքն՝ Արցախն ու Հայաստանի տարածքները հանձնած, թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկող Նիկոլն ինձ է մեղադրում պետական դավաճանության համար։
Հուլիսի 21-ին կայացած դատական նիստի ժամանակ մենք միջնորդեցինք անցկացնել բաց դատավարություն, որպեսզի հանրությունը հնարավորություն ստանա օբյեկտիվ գնահատել, թե ինչ է իրենից ներկայացնում այս «գործը», սակայն քննիչն առարկեց, իսկ դատավորը համաձայնեց այդ առարկությանը, և նիստը կրկին փակ անցկացվեց։
Քանի որ ես զրկված եմ «գործի» դետալների և դրանց «փուչիկության» մասին հրապարակային խոսելու հնարավորությունից, ուստի կանդրադառնամ այն մեղադրանքներին, որոնք հրապարակավ հնչեցվել են։
Նիկոլ Փ-ն իր կամակատարների միջոցով մեղադրում է ինձ, թե, իբր, 2024թ․ հավաքագրվել եմ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից (ի դեպ, համառորեն չեն նշում, թե այդ ո՞ր պետությանը նկատի ունեն, ո՞րն է այն թշնամի պետությունը, որի օգտին, իբր, աշխատել եմ)։ Սո՛ւտ է, չկա՛ որևէ ապացույց և հիմնավորում։
Ասում են, թե, իբր, ԱԺ փակ նիստի մասին փողի դիմաց տեղեկություններ եմ փոխանցել դրսին։ Սու՛տ է, չկա՛ որևէ ապացույց և հիմնավորում։
Ուշագրավն այն է, որ մեղադրող կողմն էլ է ընդունում, որ իրենց ներկայացրած մեղադրանքի մեջ հիմնավոր ապացույցներ չկան, բայց «հիմնավորում» են կալանքն այն բանով, որ աշխատում են իրենց ասածների ապացույցներ և հիմքեր գտնելու ուղղությամբ։ Այսինքն՝ իրենք էլ են փաստացի ընդունում, որ «գործը» հում է, ապացույցները ենթադրության հիմքով են, բայց «նա վսյակի» և պատվերի շրջանակներում ինձ ու Արեգնազ Մանուկյանին կալանավորել են, որպեսզի, իբր, չխոչընդոտենք իրենց աշխատանքներին կամ էլ չխուսափենք քննությունից։ Եվ դա այն դեպքում, երբ խոչընդոտելու կամ քննությունից խուսափելու որևէ ապացույց կամ փաստ չկա (կա հակառակ փաստը․ ինքս եմ գնացել Քննչական կոմիտե և ասել, որ ԿԸՀ–ի կողմից նիկոլական պատվերի կատարումից հետո ինձ ձերբակալեն, իսկ Արեգնազ Մանուկյանը օրեր շարունակ հայտարարում էր, որ սուրճը դրած սպասում է խուզարկությանը)։
Մի խոսքով, դատաիրավական համակարգ կոչվածը Նիկոլ Փ-ից պատվերը ստացել է ու հիմա լցված է գործը «կարելու» աշխատանքներին։ Մեզ էլ ապօրինաբար կալանքի տակ են պահում՝ «գործը» «կկարվի»՝ «կկարվի», չի «կարվի»՝ չի «կարվի» տարբերակով։ Նվազագույնը, որ Նիկոլ Փ-ն ստացել է այս պատմության մեջ, կալանքն ու հակաքարոզչությունն է, ինչպես նաև ինձ ընտրական գործընթացներից ֆիզիկապես մեկուսացնելը (քվեագողությունը դրա շարունակությունն էր)։
Եվ վերջում։ Քանի որ, կրկնեմ, զրկված եմ արդյունավետ պաշտպանվելու հնարավորությունից և «գործն» ամբողջությամբ «կարված» է, ուստի կանցնեմ հարձակման՝ դիմելով արտաքաղաքական և արտաիրավական միջոցների։ Տվյալ դեպքում դա, թերևս, անհրաժեշտ է։
Ստի ․․․, թե հավաքագրվել եմ օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից։
Ստի ․․․, թե գաղտնի տեղեկատվության փոխանցման դիմաց 622 հազար դոլար փող եմ ստացել»։
Հ․Գ․ Քննչական կոմիտեն սկզբում հաղորդագրություն էր տարածել, թե, իբր, ես 2021-ից լինելով ԱԺ պատգամավոր՝ 2024թ․ ապրիլի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական փակ նիստից տեղեկություններ եմ փոխանցել դրսին։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ես 2023-ին վայր եմ դրել ԱԺ պատգամավորի մանդատը և հետևաբար չէի կարող այդ նիստին մասնակցել։
Այդ «կիքսը» հիմա ուզում են «դզել»՝ Արեգնազ Մանուկյանին ապօրինաբար կալանավորելով, թե բա՝ ինքը տված կլինի տեղեկությունը, քանի որ «Մայր Հայաստանից» է։ Զրո ապացույց, զրո հիմնավորում, բայց Մանուկյանին կալանավորել են, կալանքը ճնշման գործիք դարձրել՝ դիմելով քստմնելի քայլերի։