«Հրապարակ». Մարզերում պետք է հարկային, վարկային մեծ արտոնություններ տան

«Հրապարակ». Մարզերում պետք է հարկային, վարկային մեծ արտոնություններ տան

Sat, 28 Nov 2026 11:45:31 +0400


Հայաստանի մարզերն աստիճանաբար դատարկվում են, բնակչությունը կենտրոնանում է Երեւանում: Մայրաքաղաքում են գործող աշխատատեղերի մեծ մասը, կրթական ու առողջապահական հաստատությունները, պետական կառույցներ, ծառայություններ։ Արդյունքում մարզում բնակվելը դառնում է դժվար ու անհետաքրքիր, եւ մարդիկ տեղափոխվում են մայրաքաղաք՝ թողնելով հայրենի բնակավայրերը։ Այս անհամաչափ զարգացումն իր հետեւանքներն է թողնում ոչ միայն մարզերի, այլեւ ողջ երկրի վրա։ Իհարկե, Երեւանում էլ հեշտ չէ ապրելը` խցանումները, հասարակական տրանսպորտի գերծանրաբեռնվածությունը, կայանատեղիների պակասը, օդի աղտոտվածությունն ամենօրյա փորձության են վերածել մայրաքաղաքում ապրելը։ Ինչպե՞ս կարելի է համաչափ զարգացնել երկիրը` գերուռճացված մայրաքաղաքն ու դատարկվող մարզերն ինչ խնդիրներ են առաջացնում: Զրուցել ենք աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանի հետ:

– Ինչո՞ւ են մարզերը դատարկվում, եւ ամեն բան կենտրոնացվում է Երեւանում, մայրաքաղաքը կարծես քաղաք-պետություն լինի: Մարզերում լրիվ այլ իրականություն է, Երեւանում` այլ: Ինչպե՞ս կարելի է այս խնդրին լուծում տալ, ի՞նչ եղանակով:

– Ասեմ ավելին` խնդիրն ավելի է խորանալու: Ես ժամանակին ասում էի, որ պետք է այս ուղղությամբ աշխատել, ցավոք, պատկան մարմինները հաշվի չառան իմ կարծիքը, իմ նախազգուշացումները: Երեւանի բնակչության թիվն իրականում ԽՍՀՄ տարիների համեմատ բավականին նվազել է: Համատարած արտագաղթը նաեւ Երեւանին է վերաբերում: Ե՛վ ՀՀ մարզերից, ե՛ւ Երեւանից մարդիկ հեռացան, սակայն վերջին տարիներին Երեւանում բնակչության թվի աճ է նկատվում` ներքին միգրացիայի հաշվին: Մարզերը դատարկվում են, մարզերից մարդիկ տեղափոխվում են Երեւան: Այս ամենին նպաստեց նաեւ եկամտահարկի վերադարձով տների ձեռքբերման օրենքը, ինչը լավ նախադեպ էր, սակայն Երեւանին չպետք է վերաբերեր: Թեպետ այն այլեւս Երեւանում չի գործում, սակայն արդեն ուշ է: Երեւանը դարձավ համատարած կառուցապատման գոտի, ինչը սխալ է: Շինարարությունը մեծ թափ ստացավ Երեւանում, իսկ մարզերում` ոչ: Պետք է այնպես լիներ, որ մարզերում եկամտահարկի վերադարձը գործեր, եւ վճարունակ մարդիկ կարողանային իրենց ծննդավայրերում բնակարան գնել: Մարզերից երիտասարդները, հատկապես` վճարունակ երիտասարդները դարձել են Երեւանի բնակիչներ: Երեւանը գերբնակեցված է, մարզերը` դատարկված: Այս ամենը բերեց նրան, որ Երեւանում բոլոր նորմատիվներն անցած շինարարական աշխատանքներ են կատարվում: Կանաչ գոտիները վերացվել են, դրանց հաշվին շենքեր են կառուցվում: Մի ժամանակ ավտոմեքենաներն այսքան շատ չէին, եւ կայանատեղիների կարիք այսքան շատ չկար: Այժմ այդ կայանատեղերի տարածքների հաշվին եւս շենքեր են կառուցվում: Երբ շենքեր են կառուցում, պետք է կառուցվեն թաղամասերով, հատակագծված պայմաններում եւ այլն, բայց այսօր ով որտեղ ուզում է, շենք է կառուցում: Քաղաքապետարանը թույլտվություն է տալիս, կառուցում են: Կառուցապատումը համալիր չէ: Կան շենքեր, որոնք անգամ ավտոկայանատեղի չունեն: Պատկերացնո՞ւմ եք` ինչ է լինելու, եթե մի քանի տարի անց կիսակառույց շենքերում էլ մարդիկ ապրեն:

– Ի՞նչ անել, որպեսզի մարզերից բնակչությունը չհեռանա:

– Մարզերում պետք է հարկային ու վարկային մեծ արտոնություններ տան մարդկանց: Աշխատատեղեր պետք է ստեղծեն: Արտադրական եւ ոչ արտադրական տարբեր օբյեկտներ պետք է դուրս հանել Երեւանից եւ տանել մարզեր: Օրինակ` բուհերը եւ այլն, բայց ոչ թե դրանք տանել Երեւանին շատ մոտ ինչ-որ քաղաք, որը, ըստ էության, կդառնա Երեւան, այլ հեռու քաղաքներ: Հակառակ դեպքում Երեւանն են պոտենցիալ մեծացնում: Հիմա Աբովյան քաղաքում բուռն շինարարություն է գնում, ստացվում է, որ Երեւանն են մեծացնում: Շեշտադրումը պետք է հեռավոր մարզերի վրա դնել` Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք, Լոռի եւ այլն: Մի շատ կարեւոր պահ էլ կա: Ապակենտրոնացումը Հայաստանում խիստ հրատապ է ե՛ւ կառավարման լիազորությունների առումով, ե՛ւ ֆինանսական առումով: Այժմ բյուջեի 90 տոկոսին Երեւանն է տիրապետում: Այսինքն` տեղական բյուջեն կազմում է մոտավորապես 10 տոկոս: Աշխարհում չկա այս աստիճան խիստ կենտրոնացում մայրաքաղաքի վրա: Համայնքները չնչին բյուջե ունեն՝ տեղական համայնքները զարգացնելու համար: Սուբվենցիաներ եւ այլն, հարցերը չեն փոխում էականորեն:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արցախցիները շունչը պահած սպասում են

Արցախցիները շունչը պահած սպասում են Sat, 28 Nov 2026 11:30:20 +0400 Երեւանի Նաիրի Զարյան 17/Ա…

33 րոպե ago

ՔՊ-ական թեկնածուի հորեղբայրը՝ Ռուսաստանում թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներմուծման և իրացման մեղադրանքով

ՔՊ-ական թեկնածուի հորեղբայրը՝ Ռուսաստանում թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներմուծման և իրացման մեղադրանքով Sat, 28 Nov 2026…

42 րոպե ago

«Հրապարակ»․ Հայաստանը եւ Մոլդովան միատեսակ էքսպերիմենտներ են անում

«Հրապարակ»․ Հայաստանը եւ Մոլդովան միատեսակ էքսպերիմենտներ են անում Sat, 28 Nov 2026 11:15:22 +0400 Մոլդովայի…

48 րոպե ago

Հայաստանի վարդագույն երազները կարող են բախվել դաժան աշխարհաքաղաքական իրականության հետ. Foreign Policy

Հայաստանի վարդագույն երազները կարող են բախվել դաժան աշխարհաքաղաքական իրականության հետ. Foreign Policy Sat, 28 Nov…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ինչ ուզենք՝ կուղարկենք, ում ուզենք՝ կլուծարենք.  «սահմանադրական» մանիպուլյացիա Գալյանից

«Հրապարակ»․ Ինչ ուզենք՝ կուղարկենք, ում ուզենք՝ կլուծարենք.  «սահմանադրական» մանիպուլյացիա Գալյանից Sat, 28 Nov 2026 10:45:17…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Խարբերդի մանկատանը 2 անձ է մահացել

«Հրապարակ»․ Խարբերդի մանկատանը 2 անձ է մահացել Sat, 28 Nov 2026 10:25:31 +0400 Խարբերդի մասնագիտացված…

2 ժամ ago