«Հրապարակ»․ Խարբերդի մանկատանը 2 անձ է մահացել
Sat, 28 Nov 2026 10:25:31 +0400
Խարբերդի մասնագիտացված մանկատանը հերթական սկանդալն է գրանցվել՝ մեր տեղեկություններով, 2 անձի մահ։ Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին․ «2026 թ. նոյեմբերի 4-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, մասնավորապես այն մասին, որ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում ամիսներ առաջ գրանցվել է 2 անձի մահվան դեպք, որ կազմակերպության բժիշկները 3 օր շարունակ բանավոր կերպով պարբերաբար ահազանգել են տնօրինությանը 5 անձի առողջական ծանր վիճակի մասին, եւ, չնայած նախազգուշացումներին, այդ մարդիկ բժշկական կենտրոն են տեղափոխվել միայն երրորդ օրը, ինչից հետո նրանցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել: Դիմումատուն խնդրել է պարզել հանգամանքները եւ տալ իրավական գնահատական:
Դիմումատուի կողմից բարձրացված խնդիրները ստուգելու նպատակով, այն ուղարկվել է ներքին գործերի նախարարության ՀՈԳՎ։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ 2026 թվականի ապրիլի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրում գտնվող «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել նույն ՊՈԱԿ-ի շահառուներ՝ 24-ամյա Ա. Մ.-ն եւ 35-ամյա Հ. Վ.-ն, որտեղ նույն օրը գրանցվել է Ա. Մ.-ի, իսկ ապրիլի 11-ին՝ Հ. Վ.-ի կենսաբանական մահը: Արարատի մարզի քննչական վարչությունում 2026 թվականի նոյեմբերի 23-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), կատարվում է նախաքննություն»։ Փորձեցինք կապ հաստատել մանկատան տնօրեն Համազասպ Նահատակյանի հետ, սակայն չհաջողվեց։ Աշխատանքի եւ բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը, մեկնաբանելով դեպքը, ասաց․ «Ինչպես Խարբերդի խնամքի հաստատությունում, այնպես էլ այլ խնամքի հաստատություններում, նաեւ պայմանավորված խնամվողների առողջական, շատ հաճախ շատ ծանր վիճակով, այն դեպքերով, որ մենք ունենում ենք, ունենում ենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող խնամվողներ, ցավոք սրտի, ունենում ենք մահվան դեպքեր, դրա մասին պատշաճ ժամանակում եւ պատշաճ կերպով համապատասխան մարմինները ծանուցվում են, ինչպես որ ծանուցվել են այս դեպքում։ Այստեղ շատ-շատ ծանր վիճակում գտնվող մարդիկ են խնամք ստանում, որոնք որ, բնականաբար, ստանում են առողջապահական եւ համապատասխան ծառայությունները՝ խնամքի ծառայությունները, բայց, ցավոք սրտի, ինչպես նշեցի, այսպիսի դեպքեր են տեղի ունենում»։
Հիշեցնենք. ամիսներ առաջ անդրադարձել էինք նույն հաստատությունում արձանագրված բռնության դեպքին, երբ դայակը ծեծի էր ենթարկել չխոսող, չքայլող երեխային։ Դեպքով վարույթ էր հարուցվել, մեղադրյալը գտնվում է տնային կալանքի տակ։