«Հրապարակ»․ Ասացի` ձեր զորքերը գտնվում են ՀՀ տարածքում, ադրբեջանցին ասաց` նման բան չկա, սահմանազատման հարց է
Sat, 28 Nov 2026 09:15:52 +0400
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղհասարակությունները նախօրեին 5-րդ հանդիպումն են ունեցել, որն այս անգամ անցկացվում է Հայաստանում։ Հանդիպմանը մասնակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների 60 ներկայացուցիչ։ Հայաստանյան քաղհասարակությունից մասնակցել են Արեգ Քոչինյանը, քաղաքագետ Էդգար Վարդանյանը, Հանրային հեռուստաընկերության լրագրող Տաթեւ Դանիելյանը:
Տաթեւ Դանիելյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ի՞նչ հարցեր են քննարկվել, եւ ի՞նչ կապ ունի Հ1-ի լրագրողը քաղաքացիական հասարակության հետ, երբվանի՞ց է նա դարձել քաղհասարակության անդամ: Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հույժ գաղտնի է, թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ: Նշեց, որ ձեռք բերված պայմանավորվածություն կա, որ ներկաները չպետք է խոսեն ադրբեջանցիների հետ ունեցած հանդիպման մասին: Իսկ թե ինչ իմաստ ունեն այս հանդիպումները, որոնք արդեն 5 անգամ կայացել են, որոնց արդյունքում ոչ մի հարց չի լուծվել, ոչինչ տեղի չի ունեցել, եւ անգամ տեղեկատվություն չի փոխանցվել հանրությանը, պարզ չէ: Ի դեպ, քաղհասարակություն կոչվածն իրավունք չունի թաքուն հանդիպումներ ունենալու` քաղհասարակության գործելաոճը թափանցիկությունն է, հանրային շահերը ներկայացնելը եւ հանրությանն իր գործունեության մասին հնարավորինս բաց տեղեկատվություն փոխանցելը:
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ ինքը չի մասնակցում այս հանդիպումներին, եւ ինչո՞ւ են բացառապես իշխանական քարոզիչներ մասնակցում, որոնք մեր հանրության տեսակետը չեն ներկայացնում, այլ իշխանական տեսակետի կրողներն են: Քաղաքագետն ասաց. «Ինձ հրավիրում են, պարզապես ես չեմ գնում: Չեմ գնում, որովհետեւ մեկ անգամ մասնակցել եմ ու հասկացել եմ, որ այդ հանդիպումը խաղաղության մասին չէ: Պարզապես կան մարդիկ, ովքեր գրանտներ են ստանում եւ ուզում են ցույց տալ, որ ինչ-որ կարեւոր բան են անում, սակայն` ոչ: Ես առաջին հանդիպման ժամանակ հասկացա, որ այն պետք է վերջինը լինի: Ինքս չեմ նկատել, որ այդ հանդիպման ներկաները պատրաստ են խաղաղության: Նպատակահարմար չեմ համարում, որ ես պետք է մասնակցեմ դրան: Հրավեր ստանում եմ, բայց չեմ մասնակցում: Պատահական չէ, որ գաղտնի են պահում, թե ինչ են քննարկում: Ասելիք չունեն, ի՞նչ ասեն: Այս նույն մարդիկ, ովքեր հիմա խաղաղությունից են խոսում, առանձին հարցազրույցների ժամանակ պնդում են, որ Ալիեւը ժամանակ է ձգում: Այսինքն` եթե անգամ այս մարդիկ են խոսում, որ Ալիեւն արհեստական խոչընդոտներ է գտնում եւ ժամանակ է ձգում, էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Ես Բորիս Նավասարդյանին նախորդ անգամ խնդրել եմ, որ ինձ այլեւս չհրավիրեն: Այդ ամենը կրում է ձեւական բնույթ, եւ ես այդ մասին բարձրաձայնել եմ կազմակերպիչներին: Քանի դեռ ադրբեջանական զորքերը գտնվում են մեր երկրի ինքնիշխան տարածքում, չի կարող որեւէ քննարկում մեր օգտին լինել: Ես անգամ այդ հանդիպման ժամանակ վեճ եմ ունեցել ադրբեջանցու հետ: Վեճն ուղիղ եթերով հեռարձակվեց, սակայն հետո այն մոնտաժեցին: Ասացի` ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում, կոնֆերանսը վարողը, որ ադրբեջանցի էր, պնդեց, որ նման բան չկա: Հարցրի` ինչպե՞ս թե չկա, պատասխանեց` դա սահմանազատման խնդիր է, դա ձեր տարածքը չէ, եւ մեր միջեւ վեճ սկսվեց: Ասացի՝ եթե մեր տարածքը չէ, ուրեմն խոսելու ոչինչ մենք չունենք: Հետո այդ հատվածը մոնտաժվեց: Որպեսզի կազմակերպիչներին վատ դրության մեջ չդնեմ, այդ հանդիպմանը մինչեւ վերջ մասնակցեցի, սակայն ասացի` ինձ այլեւս երբեք չհրավիրեք ձեր քննարկումներին, հատկապես եթե ինքներդ էլ վստահ չեք, որ խաղաղություն է հաստատվելու: Ադրբեջանը բռնապետություն է, այնտեղ չկա քաղհասարակություն, որ մենք էլ նրանց հետ խոսենք: Մարդիկ Եվրոպային խաբում են, թե իբրեւ խաղաղություն ենք հաստատում: Մի պարզ հարց` ինչո՞ւ են սահմանադրության փոփոխության նախապայման դնում, եթե օգոստոսի 8-ի նախաստորագրված պայմանագրում չկա նման պահանջ: Ադրբեջանից պարբերաբար պրովոկացիոն հայտարարություններ են հնչում, օրինակ, այն մասին, որ երբեք չեն մոռանալու Ղարաբաղում տեղի ունեցածը: Մի՞թե նման հայտարարությունները խաղաղության համար բարենպաստ են: Նույն այդ քաղհասարակության անդամներին ես հարց եմ տվել. փոխանցո՞ւմ եք ձեր ղեկավարին, որ Հայաստանում նման հայտարարություններին մարդիկ վատ են վերաբերվում: Այդ մարդիկ սուբյեկտային չեն, նրանց հետ անիմաստ է խոսելը: Այդ հանդիպումներին մասնակցում է մի ադրբեջանցի կին, որն Արցախի բլոկադայի օրերին ներկայանում էր էկոակտիվիստ: Ես ո՞նց կարող եմ նման մարդու հետ նստել ու ինչ-որ հարց քննարկել: Իշխանությունը փորձում է ցույց տալ, որ միայն ինքն է խաղաղության մասին մտածում, եւ ով քննադատում է իրեն, ուրեմն պատերազմ է ուզում, բայց, ներողություն, պատերազմը բերել եք դուք, պատերազմը տեղի է ունեցել ձեր օրոք: Ասում է` Եռաբլուրը չի մեծացել։ Լո՞ւրջ: Եթե վերջին երկու տարիների ընթացքում չի մեծացել, դա չի նշանակում, որ չի մեծացել, եւ չկա ռիսկ, որ կարող է մեծանալ: Եռաբլուրն այնքան է մեծացել, որ կարող է մի քանի տարի չմեծանալ: Նիկոլ Փաշինյանի արձագանքը՝ «Մոնթե» ֆիլմի հետ կապված, անընդունելի է: Այսինքն` տղամարդկանց արդեն զրկում է նույնիսկ այն մտքից, որ մի օր կարող է զենք բռնեն, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը պատերազմի մեջ է, ներառյալ` մեր հարեւանները: Խաղաղություն հաստատիր, բայց դա արա Ալիեւի նման: Ալիեւը ո՞նց է պատրաստվում խաղաղության: Եվ վերջում ասեմ, որ սահմանադրություն փոխելով ոչ մի հարց չեն լուծելու, եթե, իհարկե, կարողանան փոխել»: