Օրեցօր ավելի լկտի
Sat, 28 Nov 2026 09:00:40 +0400
Անխղճորեն շահագործելով իրավապահ համակարգը, տրորելով օրենքը, քաղաքական մրցակիցներին բանտերը լցնելով եւ մարդկանց ունեցվածքն ապօրինաբար բռնազավթելով` իշխանությունը փորձում է մի քանի խնդիր լուծել: Նախ՝ հարստանալ եւ ինքն իրեն գերբարձր աշխատավարձեր ու պարգեւավճարներ տալու ֆինանսներ կուտակել` ցանկացած գնով: Ապա` ոչնչացնել մրցակիցներին եւ չեզոքացնել իրենց իշխանությանը սպառնացող ամենաչնչին վտանգն անգամ, եւ երրորդ` վախի մթնոլորտ ձեւավորել երկրում, որ ոչ ոք չհամարձակվի ընդվզել, պայքարել, բողոքի ձայն բարձրացնել: Ընդ որում, ինչքան ապօրինություններն անթաքույց են, ժողովրդավարության դեմ իրականացվող քայլերը` բացահայտ ու լկտի, այնքան ավելի է նվազում հանրային պայքարի հավանականությունը, որովհետեւ մարդիկ մտածում են` սրանք ո՛չ ամոթ ունեն, ո՛չ վախ, ո՛չ օրինականությունը գոնե առերեւույթ պահպանելու խնդիր: Տեսեք, թե ինչպես մեզ հաշտեցրին մարդկանց տարիների ստեղծածն ու կուտակածը բռնագրավելու աննախադեպ քայլերի հետ` ՀԷՑ, կոնյակի ու ցեմենտի գործարաններ, մարզասրահ, կենդանիներ, կտավներ` կապ չունի: Հիմա ո՞վ է հիշում այդ մասին: Անգամ մարզիկներին ծառայող Օլիմպավանի, տարբեր ընկերությունների՝ ամիսներով փակ լինելն այլեւս մարդիկ չեն հիշում, չնայած մեծ թվով մարդիկ աշխատատեղերից են զրկվել: Ընտրություններից 10 օր առաջ կալանավորում են Մասիսի ընդդիմադիր թեկնածուին, այն դեպքում, երբ Վանաձորի ընտրված համայնքապետին էլ ժամանակին կալանավորեցին, որ թույլ չտան ընտրվի, 2 տարի 7 ամիս բանտում փակված պահեցին, իսկ մեկ ամիս առաջ դատարանը նրան արդարացրեց: Մեկ այլ համայնքապետի թեկնածուի ողբերգական մահվանից 2 շաբաթ է ընդամենը անցել, եւ ոչ ոք չի պատժվել: Լկտիացած իշխանությունը ոչ մի մահից ու պատահարից դասեր չի քաղում: