«Հրապարակ»․ Ինչու գնաց 50-ի Կարենը, ով կփոխարինի նրան
Sat, 28 Nov 2026 10:15:32 +0400
ԳՇ պետի տեղակալ, գեներալ մայոր, արցախցի Կարեն Գրիգորյանը պաշտոնանկ է արվել վարչապետի առաջարկով եւ ՀՀ նախագահի նոյեմբերի 26-ի հրամանագրով: Համակարգում խոսում են, որ Կարեն Գրիգորյանը Սուրեն Պապիկյանի ամենահավատարիմ թիմակիցներից էր: Զինվորական շրջանակներում նա հայտնի է «50-ի Կարեն» մականունով, քանի որ Արցախի ՊԲ-ում ծառայության ընթացքում երկար տարիներ եղել է Հադրութի թիվ 50 զորամասի հրամանատարը: Թե ինչու է հանկարծ աշխատանքից ազատվում գեներալ մայորը՝ պաշտոնական հրամանագրում, բնականաբար, ոչ մի բառ չկա: ՊՆ խոսնակն էլ ավանդական դիվանագիտական էկվիլիբրիստիկայով խուսափում է որեւէ հստակություն մտցնելուց։ «Նշանակման եւ ազատման հրամանագրերում երբեւէ պատճառներ չեն նշվում: Նման հարցերի մեկնաբանումն իմ իրավասություններից դուրս է»,- ասում է նա:
Իսկ ՊՆ աղբյուրները տարբեր բաներ են ասում: Նախ՝ այն, որ Կարեն Գրիգորյանի դիրքն ու դերը համակարգում իսկապես առանցքային էին: Նա համակարգում էր առաջնագծում իրականացվող բետոնապատման, ինժեներական ու ամրաշինական աշխատանքները եւ համարվում էր նախարարի վստահությունը վայելող պաշտոնյա, այնպես որ, նրա պաշտոնանկությունը մինչեւ վերջերս ուղղակի անհավանական էր թվում: ՊՆ կուլիսներում համոզված են՝ նախարարն իր սիրելի գեներալին պարզապես «փուռն է տվել»՝ սեփական գլխից սեւ ամպերը ցրելու եւ սեփական կաշին փրկելու համար: Իսկ վերջին կադրային փոփոխությունների պատճառը հանրային դժգոհությունն ու բողոքն է՝ բանակում հաճախացած մահվան դեպքերի, ինքնասպանությունների առիթով, եւ վարչապետն այդ դժգոհությունը չի անտեսում, ուզում է հանրային զայրույթն իրենից, նախարարից ու ԳՇ պետից հեռացնել եւ քավության նոխազներ է պարբերաբար գտնում: Այս հողի վրա աշխատանքից ազատվեցին ռազմական ոստիկանության պետը, բանակի հոգեբանական վիճակի համար պատասխանատվություն կրող մի քանի պաշտոնյա, բայց մահերը շարունակվում են: Ընդդիմությունն ու հանրային կարծիքը քայլերի, գործողությունների պահանջ են դնում ու այս հողի վրա քննադատում իշխանություններին:
Չկա շաբաթ՝ առանց բանակայինի մահվան, ուստի պետք է պատասխանատու գտնել, պատժել, եւ ամենահարմար ու քիչ թե շատ բարձրաստիճան պաշտոնյան արցախցի գեներալն է եղել: ԳՇ պետի տեղակալի պաշտոնի համար այժմ ՊՆ-ում ներքին պայքար է գնում: Ասում են, թե վարչապետն իր թեկնածուն ունի` հին զինվորականների շրջանակից, նախարարը՝ իրենը: Պապիկյանի թեկնածուն 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանն է: Նա կորպուսի հրամանատար է նշանակվել 2024 թ. նոյեմբերի վերջին՝ ազատվելով հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից: Նրա անունը կոռուպցիոն սկանդալներում չի շոշափվել: ՊՆ-ում նա «լուռ աշխատող» եւ զուսպ զինվորականի իմիջ ունի, նրան պարբերաբար ցուցադրում են զինուժի «սարքած» պաշտոնական ռեպորտաժներում: Օրինակ, «Մեկ օր բարձրաստիճան զինվորականի հետ» տեսանյութերից մեկում նա հոգ է տանում զինվորների կենցաղի եւ անվտանգության մասին: Մյուս կողմից ասում են՝ Գագիկ Պողոսյանը նույնպես բանակի համար կազմակերպվող մրցույթների «թեմայի մեջ» է: Նրա շրջապատից ինչ-որ մարդիկ են հաղթողների ցանկում հայտնվում, որոնք իրականացնում են ճանապարհաշինության, առաջնագծի կահավորման եւ ամրաշինական աշխատանքներ: Դրանցից որոշներով քրեական վարույթներ կան հարուցված: Համակարգում կարծում են` ով էլ որ զբաղեցնի ԳՇ պետի տեղակալի պաշտոնը, նա կա՛մ Պապիկյանի մարդն է լինելու, կա՛մ դառնալու է այդպիսին: Մենք փորձեցինք կապ հաստատել Գագիկ Պողոսյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց: