Շաբաթ , 28 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Մարզերում պետք է հարկային, վարկային մեծ արտոնություններ տան

«Հրապարակ». Մարզերում պետք է հարկային, վարկային մեծ արտոնություններ տան

Sat, 28 Nov 2026 11:45:31 +0400


Հայաստանի մարզերն աստիճանաբար դատարկվում են, բնակչությունը կենտրոնանում է Երեւանում: Մայրաքաղաքում են գործող աշխատատեղերի մեծ մասը, կրթական ու առողջապահական հաստատությունները, պետական կառույցներ, ծառայություններ։ Արդյունքում մարզում բնակվելը դառնում է դժվար ու անհետաքրքիր, եւ մարդիկ տեղափոխվում են մայրաքաղաք՝ թողնելով հայրենի բնակավայրերը։ Այս անհամաչափ զարգացումն իր հետեւանքներն է թողնում ոչ միայն մարզերի, այլեւ ողջ երկրի վրա։ Իհարկե, Երեւանում էլ հեշտ չէ ապրելը` խցանումները, հասարակական տրանսպորտի գերծանրաբեռնվածությունը, կայանատեղիների պակասը, օդի աղտոտվածությունն ամենօրյա փորձության են վերածել մայրաքաղաքում ապրելը։ Ինչպե՞ս կարելի է համաչափ զարգացնել երկիրը` գերուռճացված մայրաքաղաքն ու դատարկվող մարզերն ինչ խնդիրներ են առաջացնում: Զրուցել ենք աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանի հետ:

– Ինչո՞ւ են մարզերը դատարկվում, եւ ամեն բան կենտրոնացվում է Երեւանում, մայրաքաղաքը կարծես քաղաք-պետություն լինի: Մարզերում լրիվ այլ իրականություն է, Երեւանում` այլ: Ինչպե՞ս կարելի է այս խնդրին լուծում տալ, ի՞նչ եղանակով:

– Ասեմ ավելին` խնդիրն ավելի է խորանալու: Ես ժամանակին ասում էի, որ պետք է այս ուղղությամբ աշխատել, ցավոք, պատկան մարմինները հաշվի չառան իմ կարծիքը, իմ նախազգուշացումները: Երեւանի բնակչության թիվն իրականում ԽՍՀՄ տարիների համեմատ բավականին նվազել է: Համատարած արտագաղթը նաեւ Երեւանին է վերաբերում: Ե՛վ ՀՀ մարզերից, ե՛ւ Երեւանից մարդիկ հեռացան, սակայն վերջին տարիներին Երեւանում բնակչության թվի աճ է նկատվում` ներքին միգրացիայի հաշվին: Մարզերը դատարկվում են, մարզերից մարդիկ տեղափոխվում են Երեւան: Այս ամենին նպաստեց նաեւ եկամտահարկի վերադարձով տների ձեռքբերման օրենքը, ինչը լավ նախադեպ էր, սակայն Երեւանին չպետք է վերաբերեր: Թեպետ այն այլեւս Երեւանում չի գործում, սակայն արդեն ուշ է: Երեւանը դարձավ համատարած կառուցապատման գոտի, ինչը սխալ է: Շինարարությունը մեծ թափ ստացավ Երեւանում, իսկ մարզերում` ոչ: Պետք է այնպես լիներ, որ մարզերում եկամտահարկի վերադարձը գործեր, եւ վճարունակ մարդիկ կարողանային իրենց ծննդավայրերում բնակարան գնել: Մարզերից երիտասարդները, հատկապես` վճարունակ երիտասարդները դարձել են Երեւանի բնակիչներ: Երեւանը գերբնակեցված է, մարզերը` դատարկված: Այս ամենը բերեց նրան, որ Երեւանում բոլոր նորմատիվներն անցած շինարարական աշխատանքներ են կատարվում: Կանաչ գոտիները վերացվել են, դրանց հաշվին շենքեր են կառուցվում: Մի ժամանակ ավտոմեքենաներն այսքան շատ չէին, եւ կայանատեղիների կարիք այսքան շատ չկար: Այժմ այդ կայանատեղերի տարածքների հաշվին եւս շենքեր են կառուցվում: Երբ շենքեր են կառուցում, պետք է կառուցվեն թաղամասերով, հատակագծված պայմաններում եւ այլն, բայց այսօր ով որտեղ ուզում է, շենք է կառուցում: Քաղաքապետարանը թույլտվություն է տալիս, կառուցում են: Կառուցապատումը համալիր չէ: Կան շենքեր, որոնք անգամ ավտոկայանատեղի չունեն: Պատկերացնո՞ւմ եք` ինչ է լինելու, եթե մի քանի տարի անց կիսակառույց շենքերում էլ մարդիկ ապրեն:

– Ի՞նչ անել, որպեսզի մարզերից բնակչությունը չհեռանա:

– Մարզերում պետք է հարկային ու վարկային մեծ արտոնություններ տան մարդկանց: Աշխատատեղեր պետք է ստեղծեն: Արտադրական եւ ոչ արտադրական տարբեր օբյեկտներ պետք է դուրս հանել Երեւանից եւ տանել մարզեր: Օրինակ` բուհերը եւ այլն, բայց ոչ թե դրանք տանել Երեւանին շատ մոտ ինչ-որ քաղաք, որը, ըստ էության, կդառնա Երեւան, այլ հեռու քաղաքներ: Հակառակ դեպքում Երեւանն են պոտենցիալ մեծացնում: Հիմա Աբովյան քաղաքում բուռն շինարարություն է գնում, ստացվում է, որ Երեւանն են մեծացնում: Շեշտադրումը պետք է հեռավոր մարզերի վրա դնել` Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք, Լոռի եւ այլն: Մի շատ կարեւոր պահ էլ կա: Ապակենտրոնացումը Հայաստանում խիստ հրատապ է ե՛ւ կառավարման լիազորությունների առումով, ե՛ւ ֆինանսական առումով: Այժմ բյուջեի 90 տոկոսին Երեւանն է տիրապետում: Այսինքն` տեղական բյուջեն կազմում է մոտավորապես 10 տոկոս: Աշխարհում չկա այս աստիճան խիստ կենտրոնացում մայրաքաղաքի վրա: Համայնքները չնչին բյուջե ունեն՝ տեղական համայնքները զարգացնելու համար: Սուբվենցիաներ եւ այլն, հարցերը չեն փոխում էականորեն:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հերթը հասավ Բուռնաշին

«Հրապարակ»․ Հերթը հասավ Բուռնաշին Sat, 28 Nov 2026 08:45:22 +0400 Դատախազությունը երեկ հայտնեց, որ երկու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով