«Հրապարակ». Ինչո՞ւ Կոնդը դարձավ գետտո, որովհետեւ Կոնդն ամբողջովին «պարսպապատեցին»

«Հրապարակ». Ինչո՞ւ Կոնդը դարձավ գետտո, որովհետեւ Կոնդն ամբողջովին «պարսպապատեցին»

Tue, 04 Aug 2026 12:15:30 +0400


Հարցազրույց Կենտրոնի նախկին թաղապետ, քաղաքաշինարար Վիկտոր Մնացականյանի հետ

– Մենք գտնվում ենք Կոնդի սկզբնամասում` Պարոնյան եւ Պռոշյան փողոցների կողմից, այստեղ տեսնում ենք բարձրահարկ շենքեր, եւ չի երեւում Կոնդը: Կարո՞ղ ենք ասել, որ Կոնդի մուտքն արգելափակված է, եւ Երեւանի այդ հնագույն թաղը տեսանելի չէ:

– Հենց սկզբնամասում կուզենայի մի բան ցույց տալ, որը շատ խորհրդանշական է: Ինչպես Կոնդը Երեւանում, այնպես էլ այս եզակի աշտարակը՝ «Դվին» հյուրանոցի մոտ, որն այս նորակառույց ամբողջ շինարարության մեջ միակ հայկական ճարտարապետությունն է` ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանի գլուխգործոցը, ոնց է մնացել կղզիացած: Այս աշտարակի քարերը հիմնականում Անիի, Արմավիրի տարբեր երանգային խաղեր ունեցող տուֆն են, ի տարբերություն Արթիկի վարդագույն կամ երեւանյան սեւ տուֆի, որն ավանդաբար օգտագործվել է: Երբ «Դվին» հյուրանոցը կառուցել են, ընտրվել են հենց այս քարը եւ այս ճարտարապետությունը: Իրականում, «Դվին» հյուրանոցի ճարտարապետությունը եզակի է, որ կարելի է ասել՝ հայկական ճարտարապետության հետաքրքիր ու նոր շերտ է: Կառույցը բարձրահարկ է, իսկ մենք սովոր ենք թամանյանական ոչ բարձրահարկ շենքերի, հատկապես տուֆակերտ լինելու դեպքում:
Իսկ հիմա այս հետաքրքիր, ֆանտաստիկ, հզոր աշտարակը շրջափակված է ապակիներով, բետոնով, ինչ-որ ոչ հասկանալի ճարտարապետությամբ: Այս դիմացի նորակառույց շենքի ճարտարապետությունն ի՞նչ կապ ունի մեր Երեւանի ճարտարապետության հետ: Եվ սա՝ այն դեպքում, երբ Սուրբ Հովհաննեսը` Կոնդի միակ եկեղեցին, Երեւանի եկեղեցիներից միակն էր, որ բարձրադիր գոտում էր, այսինքն՝ երբ Պարոնյան փողոցով բարձրանում էիր, տեսնում էիր եկեղեցին։ Հիմա այս շենքը փակել է, եւ եկեղեցին երեւում է ընդամենը Բաղրամյանից Պռոշյանով իջնելիս: Այ, սա է կարեւորը: Հիմա այս աշտարակ-կտորը մնացել է փակված արժեք, ինչպես Կոնդն է մնացել Երեւանում որպես բարձրադիր գոտի, ամենահին թաղը:

– Ինչպե՞ս պետք է կառուցապատվեր հատկապես «Դվին» հյուրանոցի շրջակայքը, նաեւ՝ Պարոնյան եւ Լեո փողոցների կողմից, որպեսզի Կոնդը չհիշեցներ երեւանյան անկլավ:

– «Դվին» հյուրանոցի պես հյուրանոց Մոսկվայում կամ Դուբայի լավագույն տեղերում շատ քիչ կան: Իրականում, շնորհակալություն ներդրողներին եւ կառուցապատողներին: Բայց ես խնդիր չունեմ կառուցապատողի հետ, ես խնդիր ունեմ նախկին քաղաքային իշխանությունների հետ: Եթե կանգնեք հրապարակում եւ Ամիրյան փողոցով նայեք, գալիս եք հենց այս շենքը: Բայց հնարավորություն կար՝ ամեն բան շտկելու: Դեռեւս 2018թ. մենք բանակցում էինք, որ այստեղ ընդամենը երկու շենք առնելով (90-ականների նորակառույցների մասին է խոսքը, ոչ թե Կոնդի հին, պատմական շենքերի), այդ դեպքում, պատկերացնո՞ւմ եք, կարող էիր «Դվին» հյուրանոցից դուրս գալ եւ Սարյանով իջնել Ամիրյան: Պարտադիր չէր, որ դա մեքենայով լիներ, դա կարող էր լինել հետիոտնի համար նախատեսված ճանապարհ: Պատկերացրեք, զբոսաշրջիկը դուրս է գալիս «Դվին» հյուրանոցից եւ ուզում է գնալ Կենտրոն, որն ընդամենը 100 մետր է, բայց չի գնում, որովհետեւ չի վստահում, չի կողմնորոշվում: Ստիպված՝ տաքսիով է գնում: Կոնդին մնացել են ընդամենը այս մի մուտքն ու ելքը, սա է ամենամեծ խնդիրը: Էլ չեմ ասում, որ տրավերտինով են շենքերը երեսպատում, բայց Կոնդը տրավերտինի հետ ի՞նչ կապ ունի: Երեւանի առաջին տրավերտինով կառույցը եղել է Կասկադը: Հիմա տրավերտինը մի քիչ շատ է չարաշահվում, դարձել է նոր Երեւանի քարը, մոռացել ենք մեր տուֆի բազմազանությունը:
Դեռ խորհրդային շրջանում «Դվին» հյուրանոց սարքելն էր սխալ, որովհետեւ «Դվին»-ով փակեցին Կոնդի հիմնական սիրուն տեսարանները, ինչպես Պարոնյանում ատամնաբուժարանի շենքով` շտապօգնության դիմաց, իսկ մյուս կողմից էլ` Լեո-Պարոնյան, փակեցին 5 հարկանի շենքով: Ինչո՞ւ Կոնդը դարձավ գետտո, որովհետեւ Կոնդն ամբողջովին «պարսպապատեցին», եթե Կոնդում տարբեր ճանապարհներ կային, հիմա մնացել է այս մի ճանապարհը՝ հյուրանոցի հետնամասում:

– Հիմա մենք ունենք այս վիճակում հայտնված` շրջափակված, գետտոյի ու անկլավի վերածված Կոնդ: Ինչպե՞ս եք տեսնում Կոնդի զարգացման, սպասվող վերակառուցման ծրագիրն այսուհետ` հույս ունենալով փրկել ե՛ւ պատմականությունը, ե՛ւ մշակութային արժեքները, ե՛ւ ունենալ նորացված երեւանյան հին թաղ:

– Հյուրանոցի հետնամասից, որ մտնում ենք Կոնդ, նոր ժամանակի շենքերից մեկը ֆերզիտ է, մյուսը` Հոկտեմբերյանի կարմիր տուֆ, որոնք Կոնդի հետ կապ չունեն: Բայց այստեղ կա մի շենք, որ մեր ժողովրդական վարպետներից Մամիկոն Մխիթարյանն է մի 25 տարի առաջ կառուցել: Պահպանել է երեւանյան հին շենքերի ոճը, ե՛ւ քարի ընտրությունն ու շարվածքը, ե՛ւ երկհարկանի բարձրությունը, նաեւ պատուհանների ձեւն ու փայտից պատշգամբը` սյուներով ու դրսային արտահայտությամբ: Այս ոճով, այս մոտեցմամբ պետք է վերակառուցել Կոնդը: Պետք է զգույշ լինել` այս նրբություններն ու առանձնահատկությունները հաշվի առնելով, երբ վաղը մեծ շինարարություն սկսվի Կոնդում, իսկ դա մի օր լինելու է: Այդ ժամանակ ուղղակի պետք է լինի մի գլխավոր գրասենյակ, ԾԻԳ-ի պես մի բան, որովհետեւ միայն թաղապետը չի կարող զբաղվել այդ բոլոր հարցերով: Ինչ-որ մի մարմին է պետք՝ իր գեղագիտական խորհրդով, իր ճարտարապետական խորհրդով, պատմական ու քաղաքաշինական բաժիններով, որ որոշեն թե ինչպես է զարգանալու Կոնդի կոնցեպտը, գաղափարը, նոր գնան առաջ: Այստեղ մենք տեսնում ենք լավ օրինակներ, բայց կարող ենք տեսնել նաեւ կառուցվող շենքերի վատ օրինակներ:

Հիմա Կոնդում ջրագիծ են անցկացնում, շատ լավ է, բայց բեռնատարներով բերված ավազն ու խիճը լցրել են` սեղմել-ճնշելով պատմամշակութային արժեք հանդիսացող այս պատը, որը մեզ հայտնի է հատկապես «Նվագախմբի տղաները» ֆիլմից, որ ամեն վայրկյան կարող է փլվել անփութության, անխոհեմության հետեւանքով: Կան կիսաքանդ պատեր ու պարսպի մասեր, նաեւ այդ ամենի հետ խնամքով վարվելու միջոցներ ու մեխանիզմներ է պետք մշակել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուկրաինային նոր առաջնո՞րդ է պետք․ Զելենսկին պատասխանեց Թրամփին

Ուկրաինային նոր առաջնո՞րդ է պետք․ Զելենսկին պատասխանեց Թրամփին Tue, 13 Oct 2026 00:00:14 +0400 Ուկրաինայի…

40 րոպե ago

Ձախողված մարդ, ձախողված կառավարում, իր ձախողումները որպես հաջողություն ու հաղթանակ ներկայացնելու խղճուկ փորձեր…

Ձախողված մարդ, ձախողված կառավարում, իր ձախողումները որպես հաջողություն ու հաղթանակ ներկայացնելու խղճուկ փորձեր... Mon, 12…

42 րոպե ago

«Կալասը նույնիսկ քարտեզի վրա չի կարող գտնել Վրաստանը». Կալաձե

«Կալասը նույնիսկ քարտեզի վրա չի կարող գտնել Վրաստանը». Կալաձե Mon, 12 Oct 2026 23:55:25 +0400…

44 րոպե ago

Newsweek-ը ներկայացրել է Վլադիմիր Զելենսկիին փոխարինող չորս թեկնածուի անուն

Newsweek-ը ներկայացրել է Վլադիմիր Զելենսկիին փոխարինող չորս թեկնածուի անուն Mon, 12 Oct 2026 23:45:09 +0400…

55 րոպե ago

Քանյե Ուեսթը 20 միլիոն դոլար է ստացել չեղարկված համերգների համար

Քանյե Ուեսթը 20 միլիոն դոլար է ստացել չեղարկված համերգների համար Mon, 12 Oct 2026 23:30:52…

1 ժամ ago

Բանավեճ՝ ԱԺ-ում, լարված իրավիճակ՝ Շինարարներում․ Օրվա ամփոփում

Բանավեճ՝ ԱԺ-ում, լարված իրավիճակ՝ Շինարարներում․ Օրվա ամփոփում Mon, 12 Oct 2026 23:10:16 +0400 Հոկտեմբերի 12-ի…

1 ժամ ago