Չորեքշաբթի , 5 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Ինչո՞ւ Կոնդը դարձավ գետտո, որովհետեւ Կոնդն ամբողջովին «պարսպապատեցին»

«Հրապարակ». Ինչո՞ւ Կոնդը դարձավ գետտո, որովհետեւ Կոնդն ամբողջովին «պարսպապատեցին»

Tue, 04 Aug 2026 12:15:30 +0400


Հարցազրույց Կենտրոնի նախկին թաղապետ, քաղաքաշինարար Վիկտոր Մնացականյանի հետ

– Մենք գտնվում ենք Կոնդի սկզբնամասում` Պարոնյան եւ Պռոշյան փողոցների կողմից, այստեղ տեսնում ենք բարձրահարկ շենքեր, եւ չի երեւում Կոնդը: Կարո՞ղ ենք ասել, որ Կոնդի մուտքն արգելափակված է, եւ Երեւանի այդ հնագույն թաղը տեսանելի չէ:

– Հենց սկզբնամասում կուզենայի մի բան ցույց տալ, որը շատ խորհրդանշական է: Ինչպես Կոնդը Երեւանում, այնպես էլ այս եզակի աշտարակը՝ «Դվին» հյուրանոցի մոտ, որն այս նորակառույց ամբողջ շինարարության մեջ միակ հայկական ճարտարապետությունն է` ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանի գլուխգործոցը, ոնց է մնացել կղզիացած: Այս աշտարակի քարերը հիմնականում Անիի, Արմավիրի տարբեր երանգային խաղեր ունեցող տուֆն են, ի տարբերություն Արթիկի վարդագույն կամ երեւանյան սեւ տուֆի, որն ավանդաբար օգտագործվել է: Երբ «Դվին» հյուրանոցը կառուցել են, ընտրվել են հենց այս քարը եւ այս ճարտարապետությունը: Իրականում, «Դվին» հյուրանոցի ճարտարապետությունը եզակի է, որ կարելի է ասել՝ հայկական ճարտարապետության հետաքրքիր ու նոր շերտ է: Կառույցը բարձրահարկ է, իսկ մենք սովոր ենք թամանյանական ոչ բարձրահարկ շենքերի, հատկապես տուֆակերտ լինելու դեպքում:
Իսկ հիմա այս հետաքրքիր, ֆանտաստիկ, հզոր աշտարակը շրջափակված է ապակիներով, բետոնով, ինչ-որ ոչ հասկանալի ճարտարապետությամբ: Այս դիմացի նորակառույց շենքի ճարտարապետությունն ի՞նչ կապ ունի մեր Երեւանի ճարտարապետության հետ: Եվ սա՝ այն դեպքում, երբ Սուրբ Հովհաննեսը` Կոնդի միակ եկեղեցին, Երեւանի եկեղեցիներից միակն էր, որ բարձրադիր գոտում էր, այսինքն՝ երբ Պարոնյան փողոցով բարձրանում էիր, տեսնում էիր եկեղեցին։ Հիմա այս շենքը փակել է, եւ եկեղեցին երեւում է ընդամենը Բաղրամյանից Պռոշյանով իջնելիս: Այ, սա է կարեւորը: Հիմա այս աշտարակ-կտորը մնացել է փակված արժեք, ինչպես Կոնդն է մնացել Երեւանում որպես բարձրադիր գոտի, ամենահին թաղը:

– Ինչպե՞ս պետք է կառուցապատվեր հատկապես «Դվին» հյուրանոցի շրջակայքը, նաեւ՝ Պարոնյան եւ Լեո փողոցների կողմից, որպեսզի Կոնդը չհիշեցներ երեւանյան անկլավ:

– «Դվին» հյուրանոցի պես հյուրանոց Մոսկվայում կամ Դուբայի լավագույն տեղերում շատ քիչ կան: Իրականում, շնորհակալություն ներդրողներին եւ կառուցապատողներին: Բայց ես խնդիր չունեմ կառուցապատողի հետ, ես խնդիր ունեմ նախկին քաղաքային իշխանությունների հետ: Եթե կանգնեք հրապարակում եւ Ամիրյան փողոցով նայեք, գալիս եք հենց այս շենքը: Բայց հնարավորություն կար՝ ամեն բան շտկելու: Դեռեւս 2018թ. մենք բանակցում էինք, որ այստեղ ընդամենը երկու շենք առնելով (90-ականների նորակառույցների մասին է խոսքը, ոչ թե Կոնդի հին, պատմական շենքերի), այդ դեպքում, պատկերացնո՞ւմ եք, կարող էիր «Դվին» հյուրանոցից դուրս գալ եւ Սարյանով իջնել Ամիրյան: Պարտադիր չէր, որ դա մեքենայով լիներ, դա կարող էր լինել հետիոտնի համար նախատեսված ճանապարհ: Պատկերացրեք, զբոսաշրջիկը դուրս է գալիս «Դվին» հյուրանոցից եւ ուզում է գնալ Կենտրոն, որն ընդամենը 100 մետր է, բայց չի գնում, որովհետեւ չի վստահում, չի կողմնորոշվում: Ստիպված՝ տաքսիով է գնում: Կոնդին մնացել են ընդամենը այս մի մուտքն ու ելքը, սա է ամենամեծ խնդիրը: Էլ չեմ ասում, որ տրավերտինով են շենքերը երեսպատում, բայց Կոնդը տրավերտինի հետ ի՞նչ կապ ունի: Երեւանի առաջին տրավերտինով կառույցը եղել է Կասկադը: Հիմա տրավերտինը մի քիչ շատ է չարաշահվում, դարձել է նոր Երեւանի քարը, մոռացել ենք մեր տուֆի բազմազանությունը:
Դեռ խորհրդային շրջանում «Դվին» հյուրանոց սարքելն էր սխալ, որովհետեւ «Դվին»-ով փակեցին Կոնդի հիմնական սիրուն տեսարանները, ինչպես Պարոնյանում ատամնաբուժարանի շենքով` շտապօգնության դիմաց, իսկ մյուս կողմից էլ` Լեո-Պարոնյան, փակեցին 5 հարկանի շենքով: Ինչո՞ւ Կոնդը դարձավ գետտո, որովհետեւ Կոնդն ամբողջովին «պարսպապատեցին», եթե Կոնդում տարբեր ճանապարհներ կային, հիմա մնացել է այս մի ճանապարհը՝ հյուրանոցի հետնամասում:

– Հիմա մենք ունենք այս վիճակում հայտնված` շրջափակված, գետտոյի ու անկլավի վերածված Կոնդ: Ինչպե՞ս եք տեսնում Կոնդի զարգացման, սպասվող վերակառուցման ծրագիրն այսուհետ` հույս ունենալով փրկել ե՛ւ պատմականությունը, ե՛ւ մշակութային արժեքները, ե՛ւ ունենալ նորացված երեւանյան հին թաղ:

– Հյուրանոցի հետնամասից, որ մտնում ենք Կոնդ, նոր ժամանակի շենքերից մեկը ֆերզիտ է, մյուսը` Հոկտեմբերյանի կարմիր տուֆ, որոնք Կոնդի հետ կապ չունեն: Բայց այստեղ կա մի շենք, որ մեր ժողովրդական վարպետներից Մամիկոն Մխիթարյանն է մի 25 տարի առաջ կառուցել: Պահպանել է երեւանյան հին շենքերի ոճը, ե՛ւ քարի ընտրությունն ու շարվածքը, ե՛ւ երկհարկանի բարձրությունը, նաեւ պատուհանների ձեւն ու փայտից պատշգամբը` սյուներով ու դրսային արտահայտությամբ: Այս ոճով, այս մոտեցմամբ պետք է վերակառուցել Կոնդը: Պետք է զգույշ լինել` այս նրբություններն ու առանձնահատկությունները հաշվի առնելով, երբ վաղը մեծ շինարարություն սկսվի Կոնդում, իսկ դա մի օր լինելու է: Այդ ժամանակ ուղղակի պետք է լինի մի գլխավոր գրասենյակ, ԾԻԳ-ի պես մի բան, որովհետեւ միայն թաղապետը չի կարող զբաղվել այդ բոլոր հարցերով: Ինչ-որ մի մարմին է պետք՝ իր գեղագիտական խորհրդով, իր ճարտարապետական խորհրդով, պատմական ու քաղաքաշինական բաժիններով, որ որոշեն թե ինչպես է զարգանալու Կոնդի կոնցեպտը, գաղափարը, նոր գնան առաջ: Այստեղ մենք տեսնում ենք լավ օրինակներ, բայց կարող ենք տեսնել նաեւ կառուցվող շենքերի վատ օրինակներ:

Հիմա Կոնդում ջրագիծ են անցկացնում, շատ լավ է, բայց բեռնատարներով բերված ավազն ու խիճը լցրել են` սեղմել-ճնշելով պատմամշակութային արժեք հանդիսացող այս պատը, որը մեզ հայտնի է հատկապես «Նվագախմբի տղաները» ֆիլմից, որ ամեն վայրկյան կարող է փլվել անփութության, անխոհեմության հետեւանքով: Կան կիսաքանդ պատեր ու պարսպի մասեր, նաեւ այդ ամենի հետ խնամքով վարվելու միջոցներ ու մեխանիզմներ է պետք մշակել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հաղթահարենք հունիսի 7-ի պատկերը

Հաղթահարենք հունիսի 7-ի պատկերը Tue, 04 Aug 2026 20:45:07 +0400 2021-ի Ազգային ժողովի ղեկավար պաշտոնների …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով