Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

Կարո՞ղ է պարզվի, որ Փաշինյանը Հայաստանի վարչապետը չէ

Կարո՞ղ է պարզվի, որ Փաշինյանը Հայաստանի վարչապետը չէ

Tue, 25 Aug 2026 18:15:04 +0400


Հայտարարությունները՝ Անկախության հռչակագրից հրաժարվելու, Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ հարձակումները շարունակելու, ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, Ադրբեջանին նորանոր զիջումներ անելու եւ այլնի մասին, ունեն մեկ ընդհանուր ձեւակերպում՝ Նիկոլ Փաշինյանը վճռական է Հայաստանի ինքնիշխանության վերջին փշրանքները ոչնչացնելու հարցում եւ ամեն ինչ անելու է իր ստանձնած պարտավորությունն իրականություն դարձնելու համար, այն է՝ Հայաստանը վերածել Թուրքիայից վասալային կախվածություն ունեցող տարածքի: Նույնիսկ նրա երեկվա հայտարարությունը, թե շատ ուրախ կլինեն, եթե ՀԱՊԿ-ը Հայաստանին հեռացնի իր շարքերից, ասվածի հաստատումն է, Փաշինյանն այնքան է զրկված իրավազորությունից, որ նույնիսկ իրավունք չունի ՀԱՊԿ-ից դուրս գալու դիմում ներկայացնել, ինչ կորոշեն, դա էլ կընդունվի ի գիտություն:

Ավելի լայն կոնտեքստում Փաշինյանի ասածն այն է, որ թուրքական վասալության ընդունումն ավելի ձեռնտու է, քան Ռուսաստանի դաշնակից լինելը: Դրա հիմնավորումն այն է, որ Ռուսաստանն այնքան թույլ երկիր է, որ ընդունակ չէ կատարելու դաշնակցի իր պարտականությունները` պաշտպանելու իր վասալին եւ նրա անվտանգությունը: Դրա համար Փաշինյանը բերում է այն հիմնավորումները, որ Ռուսաստանը Հայաստանին չպաշտպանեց 2020 թվականին, 2022 թվականին, իսկ 2023 թվականին անպաշտպան թողեց իր խնամատարությանը հանձնված Արցախի հայկական մնացած մասը եւ այդ տարածքում ապրող բնակչությանը: Մինչդեռ Թուրքիան, որն Արեւմուտքի մի մասն է եւ իր թիկունքում ունի հավաքական Արեւմուտքի աջակցությունը, կարող է դառնալ անվտանգության ավելի կատարյալ երաշխավոր, ինչի ապացույցը վերջին տարիներին Հայաստանի դեմ բացահայտ ռազմական ագրեսիայի բացակայությունն է: Երբ Փաշինյանը խոսում է միջազգային լեգիտիմության մասին՝ որպես անվտանգության ամենակարեւոր բաղադրիչի, նա ուղղակի նկատի ունի Արեւմուտքի, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իր իշխանության օրինականության ճանաչումը, Հայաստանի վրա իշխելու իր իրավունքի ընդունումը: Եթե Արեւմուտքն ու դրա մաս կազմող Թուրքիան համարում են, որ իր իշխանությունը Հայաստանի վրա օրինական է, ուրեմն նրանք պատերազմ չեն հրահրի Հայաստանի դեմ եւ դրանով չեն սպառնա իր իշխանությանը:

Բայց թուրքական վասալիտետի ճանաչումը եւ այդ երկրի կողմից իրեն տրված իշխելու իրավունքը ենթադրում են, որ ինքը պետք է կատարի այդ երկրի եւ դրա իշխանության կողմից իջեցվող բոլոր հրահանգները, որովհետեւ վասալն իրավասու չէ՝ չկատարելու սյուզերենի պահանջները: Այդ պահանջների մեջ է մտնում Ադրբեջանին տարածքային զիջումներ անելը: Երբ խորհրդարանում եւ դրանից դուրս ընդդիմությունը եւ տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ հայտարարում են, որ Տիգրանաշենի եւ Տավուշի որոշ հատվածների հանձնումն Ադրբեջանին կարող է Հայաստանին միակողմանիրեն կախման մեջ գցել Ադրբեջանից, որ Հայաստանի տրանսպորտային կապն Իրանի եւ Վրաստանի հետ անմիջականորեն կանցնի Ադրբեջանի հսկողության տակ, նրանք, իհարկե, ճիշտ են, բայց չեն ասում մի կարեւոր բան, որ ցանկացած վասալ երկիր, որը հրաժարվում է իր անկախությունից եւ զիջում է իր ինքնիշխանությունը, այլեւս չունի ռազմավարական եւ նույնիսկ տակտիկական շահեր, չի կարող ունենալ: Նրա ենթակառուցվածքները հսկվում են արտաքին երաշխավորի կողմից: Դրա դիմաց Նիկոլ Փաշինյանը հավաստիացում է ստացել, որ անկախությունից հաժարվելու դեպքում ինքը չի կորցնի կառավարություն ունենալու եւ տեղական նշանակության հարցեր լուծելու հնարավորությունը, օրինակ, դպրոցների տնօրեններ նշանակել կամ ազատել, մանկապարտեզի դաստիարակին խրախուսել կամ պատժել, շինթույլտվություն տրամադրել, տեղական նշանակության հարկեր հավաքել եւ այլն: Բայց Հայաստանն այլեւս չի ունենալու ինքնուրույն արտաքին քաղաքականություն, եւ ամեն ինչ շաղկապված է լինելու Թուրքիայի հետ, զուգահեռ է լինելու թուրքական արտաքին քաղաքականությանը: Նույնիսկ ԵԱՏՄ-ից դուրս գալը եւ ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը վասալիտետի շրջանակներում է. Թուրքիան՝ ինքը ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռեւս 30 տարի առաջ, արդեն տեւական ժամանակ է՝ ԵՄ անդամության թեկնածու է, բայց այդ կազմակերպության անդամ չէ: Նշանակում է՝ նույնը կարելի է նաեւ Հայաստանին` ԵՄ անդամության հայտ եւ որոշ ժամանակ անց անդամության թեկնածուի կարգավիճակի շնորհում, բայց ոչ` անդամակցություն: Իսրայելին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մեղադրելը եւս դրա հաստատումն է, Հայաստանը չի կարող թուրքական դիրքորոշումից տարբերվող դիրքորոշում ունենալ:

Վերջնականապես վասալիտեի հաստատմանը խանգարող մի քանի էական հանգամանք, այնուամենայնիվ, կա. առաջինը Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումն է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կողմից, վասալային կախում ունեցող երկրի ռազմավարական բոլոր կառույցները պետք է լինեն սյուզերենի հսկողության տակ, դրա համար է Փաշինյանն անվերջ հայտարարում, որ Ռուսաստանը պետք է վաճառի երկաթուղու կառավարման կոնցեսիան: Մյուսը ռուսական բանակի`102-րդ ռազմաբազայի եւ Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներկայությունն է Հայաստանի տարածքում: Չի կարող Հայաստանը լինել Թուրքիայի վասալ, բայց նրա տարածքում լինեն ռուսական զորքեր: Թուրքիան չի ցանկանում իր անունից Ռուսաստանին Հայաստանից հեռանալու պահանջ ներկայացնել, ինքն իբրեւ թե չեզոք երկիր է, դա նրա փոխարեն կանի Արեւմուտքը, Փաշինյանը հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելուց հետո կկազմվի գործողությունների ճանապարհային քարտեզ, դրա կետերից մեկը, եթե ոչ առաջինը, կլինի բազայի եւ սահմանապահների հեռացումը Հայաստանի տարածքից: Փաշինյանն ինքն էլ է վախենում նման պահանջ ներկայացնել Ռուսաստանին, վախենում է, որովհետեւ եթե նման պահանջ ներկայացնի եւ մերժում ստանա, կստացվի, որ ինքը Հայաստանում իշխանություն չունի, ինքը Հայաստանի վարչապետը չէ եւ ընդհանրապես երբեք էլ չի եղել: Կպարզվի, որ լեգիտիմության աղբյուրը ոչ թե Արեւմուտքն ու Թուրքիան են, այլ՝ Ռուսաստանը, որը չի ճանաչում իր իշխանության օրինականությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ է պատմում Լևոն Քոչարյանը

Ի՞նչ է պատմում Լևոն Քոչարյանը Tue, 25 Aug 2026 13:55:27 +0400 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով