Քոչարյանը Փաշինյանից ձայնագրություն միացրեց
Tue, 04 Aug 2026 12:42:23 +0400
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ Մարտի 1-ի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին, խորհրդարանում հրապարակել է 2008 թվականի իրադարձությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած խոսքերի ձայնագրությունը։
Ձայնագրությունում Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաղաքացիներին պատրաստվել ինքնապաշտպանության և հավաքել հնարավորինս մեծ թվով մարդկանց։
«Ես ձեզնից յուրաքանչյուրին կոչ եմ անում՝ ունենալ ձեռքին ինչ-որ բան՝ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Չեք պատկերացնի՝ հոգիս ոնց էր փառավորվել, երբ իմացա՝ ոստիկանների ձեռքից վահաններ ու մահակներ եք վերցրել։ Հավաքում եք ինչքան հնարավոր է շատ մարդ»,- հնչում է ձայնագրությունում։
Լևոն Քոչարյանը նշել է, որ այդ հայտարարությունների ժամանակ, ըստ իր գնահատականի, զոհեր չեն եղել, իսկ մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում առաջին զոհը եղել է ոստիկանը։
«Երբ ձեր վարչապետն այս հայտարարություններն էր անում, ոչ մի զոհ չի եղել։ Առաջին զոհը եղել է ոստիկան։ Ավելի քան 190 ոստիկան տարբեր վնասվածքներ է ստացել, իսկ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը կազմել է 32»,- հայտարարել է պատգամավորը։
Քոչարյանը հավելել է, որ Մարտի 1-ի իրադարձությունների գնահատականներում անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր հանգամանքներն ու կողմերի գործողությունները։