Երեք եպիսկոպոսներ կոչ են արել դադարեցնել Վեհափառի և մյուս հոգևորականների դեմ քրեական գործընթացը

Երեք եպիսկոպոսներ կոչ են արել դադարեցնել Վեհափառի և մյուս հոգևորականների դեմ քրեական գործընթացը

Thu, 06 Aug 2026 20:57:50 +0400


Դամասկոսի առաջնորդ Հայր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր, Իրաքի և Քյոլնի սրբազան հայրերի համատեղ հայտարարությունը.

«Մենք` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքոստորագրյալ եպիսկոպոսներս, խոր մտահոգությամբ տեղեկացանք, որ 2026 թվականի օգոստոսի 7-ին նախատեսված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական վարույթի դատական քննությունը։

Այս դատավարությունը, մեր համոզմամբ, ոչ միայն ցավ եւ մտահոգություն է առաջացնում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետեւորդների շրջանում, այլեւ լուրջ հարցադրումներ կարող է առաջացնել բոլոր նրանց շրջանում, ովքեր կարեւորում են կրոնական ազատությունը, իրավունքի գերակայությունը եւ ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքները։

Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է եւ շարունակում է մնալ հայ ժողովրդի հոգեւոր ու ազգային ինքնության կարեւորագույն հենասյուներից մեկը։ Մեր Եկեղեցին, ի գլուխ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, իր առաքելությունն իրականացրել եւ իրականացնում է ժողովրդի ու պետության բարօրությանը ծառայելու բարձր գիտակցությամբ։ Այդ իսկ պատճառով Եկեղեցու բարձրագույն հոգեւոր իշխանության նկատմամբ իրականացվող ցանկացած իրավական գործընթաց պետք է լինի առավելագույնս զգուշավոր, բացառիկ հիմնավորված եւ լիովին համապատասխանի ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, այնպես էլ միջազգային իրավունքի չափանիշներին։
Մինչդեռ ներկա իրավիճակը լուրջ հարցադրումներ է առաջացնում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խղճի եւ կրոնի ազատության, պետության եւ եկեղեցու տարանջատման սկզբունքի, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներքին ինքնավարության եւ նրա առաջնորդի իրավասություններին առնչվող հիմնարար սկզբունքների պահպանման առնչությամբ։ Այս իրավիճակը խաթարում է մեր Եկեղեցու բնականոն գործունեությունը։

Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին պետություն-եկեղեցի հարաբերություններում ձեւավորվել են լարվածություն, փոխադարձ անվստահություն եւ առաջացել բազմաթիվ այլ խնդիրներ։ Մենք համոզված ենք, որ նման բարդ ու զգայուն հարցերը չեն կարող ստանալ իրենց արդար ու կայուն լուծումը իրավական ճնշումների, քրեական հետապնդումների, սուր առճակատման կամ Եկեղեցու ներքին կյանքին միջամտության միջոցով։ Նման գործընթացները վտանգում են հասարակության ներքին համերաշխությունը, խորացնում պառակտումը եւ կարող են վնասել պետության ժողովրդավարական հեղինակությանը, ինչպես նաեւ Հայաստանի միջազգային վարկանիշին՝ որպես մարդու իրավունքներն ու կրոնական ազատությունները հարգող պետության։

Մենք վստահ ենք, որ իշխանության եւ եկեղեցու միջեւ առկա բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն սահմանադրական սկզբունքների պահպանման եւ օրենքի գերակայության, փոխադարձ հարգանքի, ինչպես նաեւ առողջ ու կառուցողական երկխոսության ճանապարհով։

Հետեւաբար կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին` առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով՝ ձեռնպահ մնալով այնպիսի քայլերից, որոնք կարող են խորացնել հասարակական բաժանումները կամ վտանգել երկրի հոգեւոր ու հասարակական կայունությունը։

Միաժամանակ դիմում ենք մեր քույր եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կառույցներին՝ ուշադրությամբ հետեւելու ընթացող զարգացումներին եւ իրենց աղոթքով ու բարոյական աջակցությամբ նպաստելու առողջ երկխոսության ու փոխըմբռնման ձեւավորմանը։

Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված իմաստություն ու խոհեմություն պարգեւի բոլոր պատասխանատուներին, որպեսզի ստեղծված ծանր իրավիճակը հաղթահարվի բարվոք ճանապարհով՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ մեր ժողովրդի ապահով ու անվտանգ ներկայի ու ապագայի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միջազգային աչքի՞ն թոզ փչել, թե՞ հոգ տանել. ի՞նչ վիճակում է Երեւանը դիմավորում COP17 պատվիրակներին

Միջազգային աչքի՞ն թոզ փչել, թե՞ հոգ տանել. ի՞նչ վիճակում է Երեւանը դիմավորում COP17 պատվիրակներին Wed,…

12 րոպե ago

«ՌԴ-ն ԱՄՆ-ի և Կիևի հետ բանակցությունների վերաբերյալ որոշում կկայացնի՝ ելնելով իր շահերից»․ Պեսկով

«ՌԴ-ն ԱՄՆ-ի և Կիևի հետ բանակցությունների վերաբերյալ որոշում կկայացնի՝ ելնելով իր շահերից»․ Պեսկով Wed, 14…

26 րոպե ago

ՍԴ նոր ընտրություն կանցկացվի

ՍԴ նոր ընտրություն կանցկացվի Wed, 14 Oct 2026 20:56:08 +0400 ՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն…

31 րոպե ago

ԵՊՀ-ն ֆեմինիզմ է քարոզում

ԵՊՀ-ն ֆեմինիզմ է քարոզում Wed, 14 Oct 2026 20:45:50 +0400 ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնում տեղի…

41 րոպե ago

«Գրենլանդիայում շուտով կսկսվեն նավթի, գազի և օգտակար հանածոների որոնողահետախուզական աշխատանքները»․ Թրամփ

«Գրենլանդիայում շուտով կսկսվեն նավթի, գազի և օգտակար հանածոների որոնողահետախուզական աշխատանքները»․ Թրամփ Wed, 14 Oct 2026…

56 րոպե ago

«Ցեղասպանություն 2.0․ էթնիկ զտում Արցախում» ֆիլմը հաղթել է ԱՄՆ կինոփառատոնում

«Ցեղասպանություն 2.0․ էթնիկ զտում Արցախում» ֆիլմը հաղթել է ԱՄՆ կինոփառատոնում Wed, 14 Oct 2026 20:23:53…

1 ժամ ago