Խոսքի մոգական ուժը

Խոսքի մոգական ուժը

Fri, 07 Aug 2026 17:15:44 +0400


20-21-րդ դարերի գիտությունն աստիճանաբար մոտեցել է խոսքի ուժն ընկալելու իրողությանը: Վերհիշենք, թե ինչ է ասվում Աստվածաշնչում. «Ի սկզբանե էր Բանը, եւ Բանն Աստծո մոտ էր, եւ Աստված էր Բանը» (Նոր Կտակարան, Հովհ. 1:1): Իհարկե, Հիսուս Քիստոսին մատնացույց անող՝ աստվածաշնչյան «Բան» բառն ունի ավելի լայն եւ խորը իմաստ, քան ընդամենը «խոսք» բառն է: Թարգմանված լինելով հունարեն «Լոգոս» տերմինից, այն միաժամանակ նշանակում է խոսք (լեզու), միտք (բանականություն) եւ գործ (իրողություն): Համարյա նույնն էլ հունարենի դեպքում է՝ բացառությամբ երրորդ՝ «պատճառ» կամ «օրենք» իմաստների:

Խոսքի ուժը դրսեւորվում է ոչ միայն սոցիալական ոլորտում՝ զանգվածներին մոբիլիզացնելու մեջ: Այն կարող է դրսեւորվել նաեւ որպես գործողության շարժիչ ուժ: Իհարկե, խոսքը Հայաստանի Ազգային ժողովում մեծամասնություն կազմող խմբակցության անդամների կողմից լեզվակռվի կամ ձեռնամարտի պատրաստվելու մասին չէ: Դրանք կարող են ծագել նույնիսկ աննշան sms-ի միջոցով՝ ուղարկված մեկ անձի կողմից: Կամ էլ նույնիսկ ձեռքի շարժումով պայմանավորված, ինչպես հին ժամանակներում ճակատամարտից առաջ էր: Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ գրավոր (հիմնականում) վիճակում այն կարող է ձեռք բերել մոգական ուժ: Եվ ազդեցություն գործել մարդկային մտածողության, իսկ դրա միջոցով՝ նաեւ օբյեկտիվ իրականության վրա:

Խոսքի ուժի այդօրինակ զորությունը հիմնականում ընդունվում եւ կիրառվում է աշխարհի արեւելյան կողմում՝ Հնդկաստան, Հնդկաչին, Չինաստան եւ այլն, ինչը մուտք է գործել արեւմտյան քաղաքականություն էզոթերիկայի (թաքնագիտության) անվան ներքո եւ դրա միջոցով, ինչի մասին որոշակի պատկերացում ունի նաեւ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Դա ժամանակ առ ժամանակ զգացել եմ ու արձանագրել «Հրապարակ»-ում: Իսկ ավելի վաղ՝ նաեւ Ֆեյսբուք-ում: Այսօր դա հերթական անգամ արձանագրելու պահն է, ինչի համար հիմք է ծառայել նախարարություններն անվանափոխելու նախաձեռնությունը: Ասեմ, որ այն որոշակի ֆինանսական ծախսեր պահանջող գործողություն է, քանի որ փոխվելու են բազմաթիվ կնիքներ ու ձեւաթղթեր: Բայց դե հանուն «բարձր» նպատակի՝ իշխող ուժի տեսակետից ինչ մի մեծ բան է լրացուցիչ ծախս կատարելը պետբյուջեից:

Եվ այսպես, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կվերանվանվի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարություն։ Դա, նախ նշանակում է, որ արհեստական բանականությունն այսուհետ կարեւոր տեղ է զբաղեցնելու նախարարության գործունեության մեջ: Եվ, ինչը շատ ավելի էական է, խոսքի մագիայի շնորհիվ մինչեւ 2050 թվականը Հայաստանը կդառնա այդ բնագավառի աշխարհի առաջատար պետություններից մեկը, ինչը, ի դեպ, չափազանց բարդ գործ է, վկա՝ Իսրայելի փորձառությունը (): Այս դեպքում էական չէ իմ եւ մնացածների վերաբերմունքը հրեաների նկատմամբ: Կարեւորը նրանց հաջողված փորձառությունն ուսումնասիրելն է:

Միաժամանակ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության փոխարեն, գրում է «Հրապարակ»-ը, առաջարկվում է սահմանել «Աշխատանքի եւ բարեկեցության նախարարություն» անվանումը։ Ինչպես երեւում է, նույն գաղտնիքն առկա է նաեւ այս հարցում: Բարեկեցությունը ստեղծվում է աշխատանքով, նախարարության նոր անվանումն էլ մարդկանց ուղեղների միջից վանելու է լոդրությունը: Իսկ դրա միջոցով նաեւ ամենամեծ «մեղքը»՝ աղքատությունը, ինչպես ժամանակին հորդորում էր վարչապետի աթոռը զբաղեցնողը: Խոսքը հատկապես «65+» տարիքի թոշակառուների, այսինքն՝ իմ տարիքի անձանց մասին է: Եվ, վերջապես, արտաքին գործերի նախարարությանը կկրի «Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարություն» անվանումը։ Բայց այս մեկի անվանափոխության խորհուրդը մի փոքր այլ է: Ընդհանրապես, բազմաթիվ երկրների ԱԳՆ-ների կազմում գործում է ռազմական ու առեւտրային կցորդների ինստիտուտը: Բայց դրանք շարունակում են մնալ որպես զուտ արտաքին գործերի գծով գերատեսչություն, որովհետեւ ենթադրվում է, որ գերատեսչության անվանման մեջ պետք է շեշտվի գլխավորը՝ առանց այն ծանրաբեռնելու երկրորդական գործառույթների անվանումով: Բայց քանի որ մեզանում ամեն ինչ յուրատեսակ է, ապա այդ տրամաբանությունն էլ պետք է լինի առանձնահատուկ, ինչը, միաժամանակ, արտերկրի մեր դեսպաններին անընդհատ կհիշեցնի, թե հանուն ինչի են իրենք այնտեղ:
Տեղեկատվությունը հրապարակած «Հրապարակ»-ը մի թեթեւ կասկածանքով է ներկայացնում անվանափոխության հարցը՝ շեշտելով «նախագծի ընդունման դեպքում» արտահայտությունը: Կարծում եմ, որ այդ լուրը պետք է որ լինի հավաստի, քանի որ իր անհեթեթությամբ ամբողջությամբ համապատասխանում է «իրական Հայաստանի» ոգուն: Ինչ վերաբերում է իմ նախանշած տարեթվին՝ 2050 թվականին, ապա այն, հիշենք, 2019-ին շրջանառվել է դեռեւս «դուխով» վարչապետի կողմից: Ինքը պետք է Հայաստանը կառավարեր առնվազն մինչեւ 2050 թվականը, եւ այդ տարեթիվը պետք է լիներ իր «դուխով» գործունեության հանրագումարային տարին: Հուսով եմ՝ Հայաստանը շատ ավելի վաղ կարող է ազատագրվել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի բռնապետական իշխանությունից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձմռանը տաքանալու խնդիր կծագի

Ձմռանը տաքանալու խնդիր կծագի Sat, 29 Aug 2026 15:30:34 +0400 Կատարից սեղմված գազի մատակարարման դադարեցման…

2 րոպե ago

Այսօր մեզ պակասում է ոչ թե նոր թշնամի, այլ՝ ազգային համերաշխություն

Այսօր մեզ պակասում է ոչ թե նոր թշնամի, այլ՝ ազգային համերաշխություն Sat, 29 Aug 2026…

18 րոպե ago

Ավելի քան 600 զոհ․ սարսափելի աղետի հետևանքները

Ավելի քան 600 զոհ․ սարսափելի աղետի հետևանքները Sat, 29 Aug 2026 15:00:20 +0400 Նեպալում ջրհեղեղների…

33 րոպե ago

Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը

Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը Sat, 29 Aug 2026…

48 րոպե ago

ՌԴ-ում զոհեր և վիրավորներ կան․ Ուկրաինան էլի հարվածել է

ՌԴ-ում զոհեր և վիրավորներ կան․ Ուկրաինան էլի հարվածել է Sat, 29 Aug 2026 14:30:22 +0400…

1 ժամ ago

Փաշինյանը վստահ չէ և ժամանակ է շահում․․․

Փաշինյանը վստահ չէ և ժամանակ է շահում․․․ Sat, 29 Aug 2026 14:15:35 +0400 Ամենայն Հայոց…

1 ժամ ago