Արձագանքի երկու տեսակ
Sat, 08 Aug 2026 18:15:06 +0400
Երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կամ պետական կառույցների կողմից ինչ-որ անօրինական գործողություն է կատարվում, նորմալ մարդիկ փորձում են արձագանքել ապօրինությանը: Դա կարող է դրսեւորվել որպես բողոքի հայտարարություն կամ փողոցային ակցիա: Երկրորդի առումով խնդիր չկա՝ դա նորմալ գործընթաց է քիչ թե շատ կամ նույնիսկ կիսառ-պռատ ժողովրդավարական հասարակությունում: Խնդիրը ծագում է խոսքի մակարդակում կատարվածի հետ, հատկապես՝ երբ դրա հեղինակը (հեղինակները) փորձում են մնալ խիստ բարեկրթության շրջանակներում, ինչն այնքան էլ ընկալելի ու նաեւ ընդունելի չէ, որովհետեւ գրագետ ու հայրենասեր մարդիկ փորձում են նման վարքագիծ դրսեւորել այն պարագայում, երբ դիմացինը (դիմացինները) էն գլխից դուրս են այդ շրջանակներից:
Այս երեւույթի վերջին դրսեւորումներից մեկը Վեհափառ հայրապետի եւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական գործն է: Քննչական կոմիտեն, բնականաբար, վերեւից իջեցված հրահանգով քրեական գործ է հարուցում հոգեւորականների հանդեպ՝ իրենց պարտականությունները կատարելու առնչությամբ: Այսինքն, հայաստանյան արդարադատությունը կանգնած է հերթական անարդարությունը գեներացնելու շեմին՝ դրանով շարունակելով քննչական-դատախազություն զույգի անօրինական գործընթացը: Ինչպիսի՞ն պետք է լինի այդ պարագայում բողոքի խոսքը: Բնականաբար, գործընթացը մերժելու եւ այն իրականացնողներին ադեկվատության դաշտ վերադարձնելու, մեղմ ասած, խիստ հորդորի տեսքով:
Ասվածի համատեքստում թեթեւակի դիտարկենք եկեղեցականների երկու շրջանակի կողմից կատարված հայտարարությունները: Ժամանակագրական առումով առաջինը Դամասկոսի, Իրաքի եւ Քյոլնի սրբազան հայրերի համատեղ հայտարարությունն էր: Ծավալուն այդ տեքստում առկա են նաեւ այսպիսի տողեր. «… Եկեղեցու բարձրագույն հոգեւոր իշխանության նկատմամբ իրականացվող ցանկացած իրավական գործընթաց պետք է լինի առավելագույնս զգուշավոր, բացառիկ հիմնավորված եւ լիովին համապատասխանի ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, այնպես էլ միջազգային իրավունքի չափանիշներին»:
Բայց ողջ խնդիրն այն է, որ նախաձեռնված իրավական եւ այս պահից նաեւ կոնկրետ դատական գործընթացը միտված է հակառակ երեւույթին: Եվ նպատակն էլ նշված հոգեւորականներին առնվազն հոգեբանորեն խեղճացնելն է եւ որպես դրա ածանցյալ՝ հայաստանյան եւ ոչ միայն, հավատացյալների աչքում նրանց հեղինակազրկելը: Դա լինելու է առաջին քայլը Գարեգին Բ-ից ու նրան աջակից եպիսկոպոսներից ազատվելու ճանապարհին՝ հաշվի առնելով, որ անցյալ տարեվերջին մայր տաճարը գրավելու բռնի գրոհը տապալվեց:
Ինչպես տեսնում ենք, երեք եպիսկոպոսները ՀՀ իշխանություններին կոչ են արել՝ առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով: Բայց դրա պարագայում իրավական այդ գործը չպետք է գոյություն ունենար ընդհանրապես: Ինչ վերաբերում է տեքստում առկա՝ հասարակական բաժանումները խորացնելու կամ երկրի հոգեւոր ու հասարակական կայունությունը վտանգելու ունակ քայլերից ձեռնպահ մնալուն, ապա դրանք արվում են հենց այդ նպատակով: Որովհետեւ ութ տարի շարունակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն առաջնորդվում է հենց նման իրավիճակ ստեղծելու մտայնությամբ, ինչը սովորաբար ագրեսիվ պետությունների ղեկավարության կողմից նախաձեռնվում է զոհի կարգավիճակում գտնվող երկրների նկատմամբ՝ «Բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքի համաձայն:
Հարգարժան հոգեւոր հայրերը, դիմելով թե՛ իրավապահ համակարգի եւ թե՛ ընդհանրապես երկրի ղեկավարությանը, ակնկալում են մարդու իրավունքների սկզբունքներին իրավական գործընթացի համապատասխանություն: Պատկերացնո՞մ եք՝ հոգեւորականների նկատմամբ ապօրինի գործընթաց նախաձեռնողներից խնդրում են պահպանել մարդասիրության կանոնները: Պարզ է, որ դա տեղի չի կարող ունենալ կամ էլ չի կարող ունենալ այդ կարգի հորդորների դեպքում, եթե այդ հորդորներն ամրագրված չլինեն այլ կարգի միջոցառումներով, որոնց խախտումը խնդիրներ կառաջացներ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի համար:
Իսկ այժմ մի քանի տող մեջբերենք «Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի թեմական խորհրդի եւ հոգեւորականաց դասի» հայտարարությունից: «Օգոստոսի 7-ը հայոց պատմության մեջ կարձանագրվի որպես ամոթի ու դավաճանության օր: Դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Գերագույն Հոգեւոր խորհրդի վեց եպիսկոպոսի: Սա դատավարություն չէ, սա աննախադեպ բարոյական ահաբեկչություն է օրվա իշխանավորների ձեռքով 1700-ամյա քրիստոնեական պատմություն ունեցող սեփական ժողովրդի հանդեպ: Սա ինքնության եղերագործություն է, քանզի, ի դեմս ազգընտիր գահակալի ու հոգեւորականների, դատում են հայ ժողովրդին, ոտնահարում ՀՀ սահմանադրությունը, խղճի ու կրոնի ազատության միջազգային օրենքները: Սա դատավարություն չէ, այլ անհավատների հաշվեհարդար, որը վկայում է բռնապետական իշխանավորների բացահայտ հակաեկեղեցական ու հակապետական կեցվածքի մասին…»:
Իհարկե, կարող է ասվել, որ եթե թեմական առաջնորդը չլիներ Վեհափառի եղբայրը, ապա նման բնույթի տեքստ չէր հրապարակվի: Համաձայն եմ, կլիներ ոչ այդքան ծայրահեղ, սակայն բնույթը կլիներ նույնը, քանի որ այն արտացոլում է, նախ, ճշմարտությունը: Երկրորդ․ արտահայտում է այն բանի գիտակցությունը, որ այսօրվա հայաստանյան իրականության պայմաններում իրավական այդ ֆարսի կազմակերպիչներին քաղաքակիրթ տեքստով դիմելն անիմաստ է: Ի դեպ, երբ այսպիսի երեւույթի առկայության պայմաններում Ազգային ժողովում իշխող ուժի կողմից հնչում են քաղաքակիրթ կեցվածք դրսեւորելու հորդորներ, մտածում ես, որ թե՛ հեղինակի ցինիզմի մասին եւ թե՛ այն մասին, թե ինչ աստիճանի անմակարդակ պետք է լիներ «Քաղպայմանագրին» ձայն տված ընտրողը: Այն ընտրողը, որն իրեն հայ քրիստոնյա է համարում, եթե, իհարկե, անձնական շահ չուներ գործող իշխանության վերարտադրությունից: