TRIPP-ը մոտ է իրականություն դառնալուն. Մարկո Ռուբիո

TRIPP-ը մոտ է իրականություն դառնալուն. Մարկո Ռուբիո

Sat, 08 Aug 2026 22:45:22 +0400


Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով TRIPP նախագծի իրականացման շուրջ Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության առաջին տարեդարձին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ ասված է. «Մեկ տարի առաջ այս օրը նախագահ Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն ապահովեց՝ Սպիտակ տանը հյուրընկալելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վկա լինելով նրանց կողմից պատմական համատեղ հռչակագրի ստորագրմանը։ Հռչակագիրը վերջ դրեց Հարավային Կովկասում տասնամյակներ շարունակվող հակամարտությանը և հիմք դրեց Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության ու բարգավաճման նախաձեռնությանը (Trump Route for International Peace and Prosperity)։

Վերջին տասներկու ամիսների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ աշխատել է այդ խոստումը գործնական առաջընթացի վերածելու ուղղությամբ։ TRIPP-ը՝ բազմամոդալ տարանցիկ երթուղին, որը նախատեսում է արդիականացնել երկաթուղային, ճանապարհային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները, աստիճանաբար մոտենում է իրականություն դառնալուն։ Հայաստանում արդեն սկսվել են երկաթուղու ինժեներական ուսումնասիրությունները, իսկ Ադրբեջանը գրեթե ավարտել է Հայաստանի հետ կապվելու համար նախատեսված ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը։

Խաղաղությունը հնարավորություն է ստեղծել խորացնելու Միացյալ Նահանգների, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչը կնպաստի երեք երկրների տնտեսական բարգավաճմանը։ Այսօր ուրախ եմ հայտարարել, որ Անդրկասպյան ձեռնարկությունների հիմնադրամն (Trans-Caspian Enterprise Fund) արդեն սկսել է գործել։ Հիմնադրամը ղեկավարում է նորընտիր տնօրենների խորհուրդը, իսկ դրա կապիտալը կազմում է 201 մլն ԱՄՆ դոլար (խմբ. ԱՄՆ կառավարության պաշտոնական ծախսերի շտեմարանն օրերս հայտնել էր, որ հիմնադրամի կապիտալը կրկնապատկվել է՝ հասնելով 402 միլիոն դոլարի)՝ տրամադրված ԱՄՆ կառավարության կողմից։ Նպատակն է խթանել մասնավոր հատվածի ներդրումները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ Անդրկասպյան առևտրային երթուղու (Միջին միջանցք) երկայնքով։

Այս առաջընթացը վկայում է մի պարզ ճշմարտության մասին՝ խաղաղությունն ու բարգավաճումը փոխադարձաբար ամրապնդում են միմյանց։ TRIPP-ը պարզապես ենթակառուցվածքային նախագիծ չէ։ Այն Անդրկասպյան առևտրային երթուղու կարևոր օղակ է, առևտրային նոր հնարավորությունների շարժիչ ուժ՝ Միացյալ Նահանգների և այլ երկրների համար, ինչպես նաև օրինակ այն բանի, թե ինչպես տնտեսական համագործակցությունը կարող է ամրապնդել խաղաղությունը երկարատև վեճերի կարգավորումից հետո։

Միացյալ Նահանգները լիովին հավատարիմ է մնում Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը՝ այս հիմքի վրա հետագա քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։ Մենք շնորհավորում ենք երկու երկրներին վերջին մեկ տարվա ընթացքում ցուցաբերած խիզախության և հեռատեսության համար և ակնկալում ենք շարունակական առաջընթաց Հարավային Կովկասում կայուն և երկարատև խաղաղության հաստատման ճանապարհին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանում կոչ են արել վերացնել ՀՀ-ի հետ ռազմավարական անցակետով տարանցման խոչընդոտները

Իրանում կոչ են արել վերացնել ՀՀ-ի հետ ռազմավարական անցակետով տարանցման խոչընդոտները Sun, 30 Aug 2026…

13 րոպե ago

Այստեղ մենք ունենք լրջագույն անելիք

Այստեղ մենք ունենք լրջագույն անելիք Sun, 30 Aug 2026 14:45:16 +0400 Չեմ պնդի, բայց մեր…

28 րոպե ago

Ուկրաինան հարվածել է թուրքական նավին․ մեծ սկանդալ է

Ուկրաինան հարվածել է թուրքական նավին․ մեծ սկանդալ է Sun, 30 Aug 2026 14:30:22 +0400 Անկարայում…

43 րոպե ago

Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում

Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում Sun, 30 Aug 2026 14:15:56 +0400 Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի…

58 րոպե ago

Թրամփ-Պուտին-Զելենսկի եռակողմ գագաթաժողո՞վ․ նոր մանրամասներ

Թրամփ-Պուտին-Զելենսկի եռակողմ գագաթաժողո՞վ․ նոր մանրամասներ Sun, 30 Aug 2026 14:00:42 +0400 Մոսկվա կատարած այցի ժամանակ…

1 ժամ ago

Պատշգամբ է փլուզվել․ ՆԳՆ-ն մանրամասնում է

Պատշգամբ է փլուզվել․ ՆԳՆ-ն մանրամասնում է Sun, 30 Aug 2026 13:45:31 +0400 Օգոստոսի 30-ին՝ ժամը…

1 ժամ ago