Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին պարզաբանում է տարածել

Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին պարզաբանում է տարածել

Mon, 10 Aug 2026 09:00:41 +0400


Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին պարզաբանում է տարածել եկեղեցու շուրջ տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ. «Օգոստոսի 7-ին Արմեն Խաչատրյան անունով ֆեյսբուքյան օգտատերը Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ հրապարակում է կատարել՝ «Մշակութային բարբարոսություն Եղվարդում» վերտառությամբ, որում մի շարք իրականությանը չհամապատասխանող պնդումներ ներկայացրել է որպես հաստատված փաստեր, դրանց հիման վրա խոսել «վանդալիզմի», «հանցագործության», «տգիտության» և մարդկանց՝ օրենքով պատժելու անհրաժեշտության մասին։

Քանի որ խոսքը ոչ միայն XIV դարի բացառիկ արժեք ունեցող եկեղեցու, այլև այնտեղ տասնամյակներ շարունակ ծառայություն իրականացնող հոգևորականի և եկեղեցական համայնքի աշխատանքի նկատմամբ հրապարակային մեղադրանքների մասին է, անհրաժեշտ ենք համարում փաստերով պատասխանել հրապարակման բոլոր հիմնական պնդումներին։

Նախ՝ սխալ է հրապարակման առաջին փաստական պնդումը։

Գրառման մեջ նշվում է, որ հրապարակված լուսանկարում Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու «արևմտյան ճակատն է»։ Իրականում լուսանկարում եկեղեցու հարավային ճակատն է։ Եվ սա պարզապես աշխարհագրական ուղղության պատահական վրիպում չէ. այս սխալ նույնականացված ճակատի հիման վրա հետագայում արվում են ճարտարապետական ու մշակութաբանական ծանրակշիռ թվացող «եզրահանգումներ»։

Երկրորդ և ամենակարևոր սխալ պնդումն այն է, թե իբր «եկեղեցու նրբահյուս խաչ-պատուհանը բարբարոսաբար փորել են ու միջից վառարանի ծխատար խողովակ անցկացրել»։

Ոչ, չեն փորել։ Այն, ինչ ներկայացվում է որպես խողովակի համար «փորված» միջնադարյան խաչ, իրականում եկեղեցու ճարտարապետական հորինվածքի մաս կազմող պատուհանային բացվածք է։ Խաչաձև ռելիեֆային հորինվածքի կենտրոնում այդ նեղ պատուհանային բացվածքը գոյություն ունի անկախ որևէ ջեռուցման համակարգից և ծառայում է եկեղեցու առաջին հարկի բնական լուսավորմանը (Նկար N01):

Ավելին՝ նույն կառուցվածքային սկզբունքը հստակ երևում է նաև եկեղեցու հյուսիսային ճակատին, որտեղ որևէ ծխատար խողովակ չկա։ Կից ներկայացվող հարավային և հյուսիսային ճակատների համադրական լուսանկարները (Նկար N02) բավարար են հասկանալու համար, որ խոսքը ոչ թե այսօր «փորված խաչի», այլ եկեղեցու սկզբնական ճարտարապետական հորինվածքում առկա պատուհանային բացվածքի մասին է։

Եկեղեցին գործող է։ Այստեղ մատուցվում են Սուրբ Պատարագներ, ժամերգություններ և կատարվում են եկեղեցական ծեսեր, ուր ամբողջ տարվա ընթացքում գալիս են հավատացյալներ։ Գործող եկեղեցու պատուհանային բացվածքներն ապակեպատված են։ Ջեռուցման համակարգի ծխատար խողովակը չի անցկացվել խաչաքանդակի կամ պատմական քարի միջով և դրանց վրա խողովակի համար անցք չի բացվել։ Այն դուրս է բերված արդեն գոյություն ունեցող պատուհանային բացվածքի՝ ապակեպատված հատվածի վերին մասով։ Կից ներկայացվող մանրամասն լուսանկարները հենց դա են ցույց տալիս (Նկար N03): Ջեռուցումն ապահովում է հատկապես տարվա ցուրտ ամիսներին եկեղեցական արարողությունների իրականացման և եկեղեցի այցելող հավատացյալների համար նվազագույն պայմանները:

Առանձին անդրադառնանք նաև էլեկտրական լարերի մասին պնդմանը։

Հեղինակը լուսանկարում տեսանելի լարերը ևս ներկայացնում է որպես «վանդալիզմի» ապացույց՝ գրելով, թե դրանք կախված են «հինավուրց արձանագրության վրա»։ Լարերի տեխնիկական դասավորության արտաքին տեսքի վերաբերյալ կարելի է ունենալ տարբեր էսթետիկական գնահատականներ, սակայն էսթետիկական գնահատականը չի կարող փոխարինել փաստին։ Ներկայացված լուսանկարը չի վկայում արձանագրության քանդման, փորման, ջնջման կամ որևէ այլ ֆիզիկական վնասման մասին։ Լարի տեսանելի լինելը և պատմամշակութային տարրի վնասումը նույն բաները չեն։

Հրապարակման հեղինակին չհիմնավորված պնդումներ անելուց և որևէ մեկին օրենքով պատժելու պահանջ ներկայացնելուց առաջ հայրաբար հորդորում ենք հատկապես պատմամշակութային և հոգևոր ժառանգության մասին հրապարակումներ կատարելիս նախ ուսումնասիրել փաստերը, անհրաժեշտության դեպքում դիմել ոլորտի մասնագետներին կամ եկեղեցու հոգևոր հովվին՝ ապատեղեկատվություն տարածելուց զերծ մնալու համար։

Սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն պարունակող հրապարակումը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․․․

«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․․․ Mon, 10 Aug 2026 10:19:32 +0400 Անցած շաբաթը տեղեկատվական…

5 րոպե ago

Բանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա

Բանակում փոխհարաբերություններն առողջ դաշտ տեղափոխելու 2 առանցքային գործոն կա Mon, 10 Aug 2026 10:17:16 +0400…

7 րոպե ago

Լեգենդը մահացավ

Լեգենդը մահացավ Mon, 10 Aug 2026 10:00:43 +0400 Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) հնգակի չեմպիոն և…

24 րոպե ago

#Ուղիղ․ Ազգային ժողովը Արամ Վարդևանյանի ընտրության հարցն է քննարկում

#Ուղիղ․ Ազգային ժողովը Արամ Վարդևանյանի ընտրության հարցն է քննարկում Mon, 10 Aug 2026 09:59:29 +0400…

25 րոպե ago

Անզոր ու ինչ-որ բան փոխելու անկարող մարդկանց բազմության ենք վերածվել

Անզոր ու ինչ-որ բան փոխելու անկարող մարդկանց բազմության ենք վերածվել Mon, 10 Aug 2026 09:45:34…

39 րոպե ago

ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ է փոխանցում Կիևին Ռուսաստանի մասին

ԱՄՆ-ն հետախուզական տվյալներ է փոխանցում Կիևին Ռուսաստանի մասին Mon, 10 Aug 2026 09:30:04 +0400 ԱՄՆ-ն…

54 րոպե ago