«Հրապարակ». ՔՊ-ական համայնքապետը Նիկոլ Փաշինյանի մեթոդով որոշել է ընտրողին «կաշառելով» վերընտրվել

«Հրապարակ». ՔՊ-ական համայնքապետը Նիկոլ Փաշինյանի մեթոդով որոշել է ընտրողին «կաշառելով» վերընտրվել

Tue, 11 Aug 2026 12:15:26 +0400


Օգոստոսի 3-ին հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշել է Դիլիջան համայնքի տարածքում գործող բոլոր ուսումնական հաստատություններ հաճախող աշակերտների (աշակերտուհիների) եւ ուսանողների (ուսանողուհիների) ներհամայնքային ուղեւորափոխադրումների վճարների համար «կիրառել զրոյական դրույքաչափ», այսինքն` դարձնել անվճար։ Այդ որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թ․ սեպտեմբերի 1-ից։ Համայնքապետ Դավիթ Սարգսյանը շտապել է համայնքապետարանի ինտերնետային կայքում համայնքի բնակիչներին աչքալուսանք անել՝ աշակերտներին եւ ուսանողներին ուղեւորափոխադրումների վճարից ազատելու մասին։

Դիլիջան համայնքի ավագանու հունիսի 23-ի որոշմամբ, ավագանու հերթական նիստը նշանակված է սեպտեմբերի 10-ին, սակայն աշակերտներին ու ուսանողներին ուղեվարձից ազատելու որոշումը կայացրել են ավագանու արտահերթ՝ օգոստոսի 3-ի նիստով։ Որոշմանը կողմ է քվեարկել ավագանու 12 անդամ։ Ինչո՞ւ այդ որոշումը համայնքի ավագանին 2025թ․ վերջին կամ 2026-ի սկզբին չի ընդունել, այլ՝ օգոստոսի 3-ի արտահերթ նիստում։ Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանն ավագանու արտահերթ նիստ է նախաձեռնել, աշակերտների ու ուսանողների ուղեվարձն անվճար դարձրել, որովհետեւ առաջիկայում նախատեսված են Դիլիջան համայնքի ավագանու հերթական ընտրություններ: Ինչպես համապետական ընտրություններից առաջ ՔՊ-ն կիրառեց բյուջեի հաշվին համընդհանուր կաշառքի մեթոդը` 10 հազար դրամով բարձրացնելով թոշակները եւ պարտադիր բժշկական ապահովագրություն ներդնելով, այնպես էլ Դիլիջանի ՔՊ-ն է նույնն անում:

Դիլիջան համայնքի ավագանու վերջին ընտրությունները կայացել են 2021թ․ հոկտեմբերի 17-ին։ Տրամաբանական կլիներ, եթե Դիլիջանի ավագանու հերթական ընտրությունները նշանակվեին 2026թ․ սեպտեմբերի 27-ին, սակայն, ամենայն հավանականությամբ, կնշանակվեն հոկտեմբերի 25-ին, որպեսզի մինչ այդ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ու ավագանին համայնքի բյուջեից բավարար չափով լավություններ անեն դիլիջանցիներին եւ քվեներ կորզեն: Շտապում են նաեւ, որ հասցնեն, քանի դեռ ընտրությունների կապակցությամբ բարեգործություն անելու արգելքը չի գործում։

Դիլիջան համայնքում բազում, բազմաբնույթ չլուծված հիմնահարցեր կան։ Տուրիստական Դիլիջանի շատ փողոցներ անբարեկարգ են, քաղաքում աղբահանությունը վատ է կատարվում, Դիլիջանում հասարակական զուգարան, գյուղատնտեսական շուկա չկա, քաղաքի փողոցներում՝ գետնին վաճառվող ապրանքներ են դրված, միջպետական ավտոճանապարհին կից գտնվող համայնքի աղբավայրը ցանկապատված չէ` այնտեղ հաճախ են հրդեհներ լինում, որի ծանր հոտն ու ծուխը պատում են Աղստեւի գեղատեսիլ հովիտը։ Վարչապետ Ն․ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, իր անձնական գործում սեռի վերաբերյալ գրառման մեջ «արու» նշած Դավիթ Սարգսյանն անցած 5 տարում հայտնվել է բազում սկանդալների մեջ։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքի համայնքի ղեկավարի էջում տեղադրված է ՔՊ-ական համայնքապետ Դ․ Սարգսյանի կենսագրությունը։ Այնտեղ նրա կրթության տողում նշված է․ «2001-2006 թթ. սովորել է Դիլիջանի պետական քոլեջում, ավարտելով այն՝ ստացել է տնտեսագետի եւ հաշվապահական հաշվառման մասնագետի որակավորում, սովորում է Եվրոպական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում՝ հեռակա»: 1984թ․ ծնված Դ․ Սարգսյանն անցած տարի՝ 2024-2025 ուսումնական տարում, ավարտել է Եվրոպական համալսարանը, դիպլոմ է ստացել, բայց երեւի դեռ իրեն ուսանող է համարում, որ կենսագրության մեջ ուղղում չի մտցնում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Պատմական անցյալն ուրացողը չի կարող խաղաղություն հաստատել

«Հրապարակ»․ Պատմական անցյալն ուրացողը չի կարող խաղաղություն հաստատել Fri, 06 Nov 2026 10:15:21 +0400 Ազգային…

7 րոպե ago

Բոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը

Բոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը Fri, 06 Nov 2026 10:09:47 +0400 Բոլորին…

13 րոպե ago

Լարված միջադեպ՝ Թուրքիայի խորհրդարանում

Լարված միջադեպ՝ Թուրքիայի խորհրդարանում Fri, 06 Nov 2026 10:00:36 +0400 Թուրքիայի խորհրդարանում ֆինանսների նախարարության 2027թ.…

22 րոպե ago

Երբ երկրի ճակատագիրն է որոշվում, քաղաքական հակասությունները հաղթահարելը հասունության նշան է

Երբ երկրի ճակատագիրն է որոշվում, քաղաքական հակասությունները հաղթահարելը հասունության նշան է Fri, 06 Nov 2026…

32 րոպե ago

«Հրապարակ»․ Հո չէի՞նք հավաքվել՝ մի թուղթ ստորագրենք, ցվրվենք տներով` պրոցեսը շատ լուրջ է

«Հրապարակ»․ Հո չէի՞նք հավաքվել՝ մի թուղթ ստորագրենք, ցվրվենք տներով` պրոցեսը շատ լուրջ է Fri, 06…

37 րոպե ago

Հայտնել է «աշխարհացունց մոտալուտ գործարքի» մասին

Հայտնել է «աշխարհացունց մոտալուտ գործարքի» մասին Fri, 06 Nov 2026 09:30:21 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

52 րոպե ago