Ապօրինի գույքի բռնագանձմանը կողմ ենք, քաղաքական բռնագանձմանը՝ ոչ
Wed, 12 Aug 2026 11:26:34 +0400
ԱԺ-ում ելույթ ունենալով՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանն անդրադարձել է ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտին՝ ընդգծելով, որ իր և խմբակցության վերաբերմունքն այդ գաղափարի նկատմամբ դրական է։
Նրա խոսքով՝ ապօրինի ձեռք բերված գույքի վերադարձը պետությանը լայնորեն կիրառվող պրակտիկա է զարգացած երկրներում, սակայն առանցքային հարցը դրա իրականացման մեթոդներն են։
«Այո, պետությունից թալանելն աններելի է, և թալանված յուրաքանչյուր կոպեկ պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ Մենք այս գաղափարի կրողն ենք և պետք է նպաստենք դրա իրագործմանը, բայց դա չի կարող իրականացվել քաղաքական ճանապարհով»,- հայտարարել է պատգամավորը։
Հարությունյանի համոզմամբ՝ գործընթացը պետք է իրականացվի բացառապես իրավական մեխանիզմներով։ Նա նշել է, որ գործող օրենսդրությամբ նախատեսված կարգավորումները բազմաթիվ քննադատությունների տեղիք են տալիս։
Անդրադառնալով դատական համակարգին՝ ընդդիմադիր պատգամավորը քննադատել է նաև իշխանությունների վերաբերմունքը դատարանների և դատավորների նկատմամբ։ Նրա խոսքով՝ ՔՊ-ն նախկինում շրջափակել է դատարանները և նշանակել իր նախընտրած դատավորներին։
Հարությունյանի պնդմամբ՝ դատական համակարգը կախվածության մեջ է գործադիր իշխանությունից, իսկ իշխանության հետ չհամագործակցող դատավորները տարբեր ճնշումների են ենթարկվում։ Նա մասնավորապես նշել է, որ նման դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվում, որոնք կարող են ավարտվել նրանց լիազորությունների դադարեցմամբ։
Պատգամավորը նաև պնդել է, որ հատկապես Վարչական դատարանում որոշ դատավորներ ծանրաբեռնվում են մեծաքանակ գործերով, ինչը, նրա գնահատմամբ, հետագայում կարող է օգտագործվել նրանց նկատմամբ կարգապահական գործընթացներ նախաձեռնելու և պաշտոնից հեռացնելու նպատակով։
Ելույթի ավարտին Հարությունյանը ողջունել է, իր բնորոշմամբ, բոլոր քաղբանտարկյալներին՝ նշելով, որ իր բազմամյա փաստաբանական գործունեության ընթացքում Հայաստանում երբևէ չի հանդիպել քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածների նման մեծ թվի։