Ցուգցվանգ

Wed, 12 Aug 2026 18:15:53 +0400


Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգի վիճակում: Դասական իմաստով դա նշանակում է, որ նա օգտակար քայլ չունի, եւ ցանկացած քայլ, որ կանի, կհանգեցնի տապալման կամ իրավիճակի առավել վատթարացման: Նրան պլստալ է պետք այս իրավիճակից, բայց ինչպե՞ս անի դա, եթե, իր կամքից անկախ, այդպիսի հնարավորություն պարզապես չկա: Նա հիմա մի բան կարող է անել՝ չձեռնարկել ոչինչ եւ անհաջողակ շախմատիստի նման սպասել ժամացույցի սլաքի ընկնելուն: Սրա այլընտրանքը ժամանակից շուտ հանձնվելն ու գլխիկոր հեռանալն է: Կանի՞ դա Փաշինյանը…

Երանի Փաշինյանը մի նորմալ խորհրդատու ունենար ու լսեր նրան: Ով փորձել է խելք սովորեցնել, ռադ է արել իր ճանապարհից: Դեռ չեմ ասում՝ քանի-քանիսին է ենթարկել հետապնդումների, ձերբակալել, կալանավորել, բանտ նետել, դարձրել թշնամի: Եվ ո՞վ է մեղավոր, որ նա այսօր «եսիրի» պես կանգնած է մնացել Էրդողանի եւ Ալիեւի արանքում… Ինչպես ասում են՝ առաջը՝ ջուր, հետեւը՝ սուր… Ուզում են, ու պիտի տա, որովհետեւ չի կարող չտալ, ցուգցվանգ է, օգտակար որեւէ քայլ չունի, ինչ քայլ անի՝ սխալ է դուրս գալու: Հայաստանի անկախությունն էլ է աննկատ տվել: Այսօր շատ է խոսում անկախությունից, բայց դա նման է արագ-արագ մեղր ասելուն, որից բերանդ չի քաղցրանում: Ինչքան ուզում ես, ասա «անկախություն», բայց հենց հայտարարում ես, որ Լուկաշենկոյի մեղքով ես լքում ԵԱՏՄ-ն, ուրեմն անկախ չես, սեփական գլուխ չունես, անկախ երկրի ղեկավար չես, ուրեմն քո վարած քաղաքականությունը դատարկ ժամավաճառություն է:

Արդյոք դու կախյալ չե՞ս, երբ տարբեր կողմերից քեզնից պահանջում են հանրաքվե կազմակերպել: Այսօր դա անում են Պուտինն ու Ալիեւը, վաղը գուցե նրանց միանան Թրամփը, Մակրոնը, Մերցը, Ուրսուլան, Հռոմի պապը… Բայց սա, գրողը տանի, երկի՞ր է, թե՞ կրկես: Պուտինին չես կարող մերժել, Ալիեւին՝ առավել եւս: Երկու հանրաքվե՞ ես անելու: Պուտինին մերժես՝ օդերդ կփակի, Ալիեւին մերժես՝ պատերազմ կսկսի: Ո՞վ է կանգնելու կողքիդ: Մենակ ենք, մենակ ենք՝ քո վարած հիմար քաղաքականության պատճառով: Դե քայլիր, ձեռք ես տվել՝ խաղա…

Ըհըըը, խելոքացել է, խորհրդարանում մեղմացել, մոռացել է ընդդիմության հասցեին ինչպես քարոզարշավի օրերին, այնպես էլ հետընտրական շրջանում հնչեցրած բոլոր մեղադրանքները, բարի քեռի է սկսել խաղալ: Ինքը չէր ասո՞ւմ, որ պատերազմի կուսակցություններն են ուզում իշխանություն վերցնել, «եռագլուխ հրեշ», բան-ման… Ինձ չընտրեք՝ պատերազմ է լինելու՝ ինքն էր ասում, չէ՞: Այսօր չունի բավականաչափ իշխանություն, որ ինչ ուզենա, անի, հայտնվել է հանրաքվեով հարցերը կարգավորելու պարտադրանքի առաջ ու միանգամից բարի քեռի դարձել: Բայց դա կօգնի՞… Վաղը Ալիեւը կասի՝ չհասկացա, ինձ ուրիշ բան ես ասում, բայց պատերազմի կուսակցության ներկայացուցչին ընտրում ես խորհրդարանի փոխխոսնակ, հանձնաժողովներ ես տալիս «եռագլուխ հրեշին»: Դու այդքանից հետո ի՞նչ երաշխիք ունես, որ կկարողանաս հանրաքվեով սահմանադրություն փոխել, Սյունիք հանձնել, մեր 300 հազար քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխման հարցը լուծել… Քեզ կարգին պահիր, այլապես ծոծրակդ կտեսնես ու TRIPP-ը չես տեսնի… Պատերազմն էլ հո կա ու կա…

Չոլփոն Աթայից մազապուրծ փախավ՝ Երեւանում Սարգիս Խանդանյան է խոսացնում, թե բա՝ ԵԱՏՄ հետդարձի ճանապարհ չկա: Կարելի է մտածել՝ մեր անկախը ԵԱՏՄ-ից արդեն դուրս է եկել, ու հիմա հետդարձի ճանապարհ չկա: Երեկ դեռ ասում էր՝ այդպիսի քննարկում չունենք, ի՞նչը դնենք հանրաքվեի: Պարզ չէ՞, ինչը դնեք հանրաքվեի՝ ԵՄ եք գնո՞ւմ, թե՞ տիտիկ եք տալիս ԵԱՏՄ-ում: Պուտինին սա է հետաքրքրում, այն էլ ոչ թե Սարգիս Խանդանյանի ասելով, այլ՝ հայ ժողովրդի: Նույնիսկ այս հարցում քո կարծիքն այլեւս հաշվի չեն առնում, անկախ ջան: Ռուսամետ ընդդիմությանը խորհրդարանում «պռախոդ» տալն էլ ոնց որ չի օգնում: Ռուսները ժամկետ են դրել: «Հայաստանը մինչեւ այս տարվա դեկտեմբեր՝ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպման ժամանակ, պետք է որոշի՝ համազգային հանրաքվե անցկացնի Եվրամիությանը միանալու համար կամ պահպանի ԵԱՏՄ անդամակցությունը»,- ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինն է ասել: Պաշտոնական Երեւանը լռում է, փոխարենը լավ խոսում է Սարգիս Խանդանյանը, թե բա՝ հետադարձ ճանապարհ ԵԱՏՄ չկա: Դա, ցավոք, մենք չենք որոշում: Նայած իրավիճակին՝ մեզ կա՛մ կվռնդեն ԵԱՏՄ-ից, կա՛մ կհրեն այդ կառույցի ամենահետին անկյունը, այնքան խորը, որ ԵՄ գնալու հարցն էլ կմոռանանք, ԵՄ-ին էլ: Զուտ ժամանակի հարց է:

Իսկ ե՞րբ Հայաստանում հանրաքվե կնշանակի Ալիեւը: Հայաստանը, կարծեմ, նրան ավելի շատ է պետք, քան Մոսկվային: Սահմանազատում-սահմանագծումը նա դիտմամբ չի ավարտում, որ թուղթ չստորագրվի, որ Ադրբեջանի սահմանները չվավերացվեն, որ ադրբեջանական զինուժի հետագա առաջխաղացումներն ագրեսիա չդիտվեն:
Ցուգցվանգը պոզով-պոչով չի լինում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ ԴԱՀԿ-ն բռնագանձման ենթակա գումարների 10 տոկոսից պակասն է բռնագանձել

«Հրապարակ»․ ԴԱՀԿ-ն բռնագանձման ենթակա գումարների 10 տոկոսից պակասն է բռնագանձել Sat, 17 Oct 2026 11:45:08…

15 րոպե ago

Ռուսաստանի և Իրանի դեմ էլի պատժամիջոցներ չեղարկեց

Ռուսաստանի և Իրանի դեմ էլի պատժամիջոցներ չեղարկեց Sat, 17 Oct 2026 11:30:10 +0400 ԱՄՆ նախագահ…

30 րոպե ago

«Հրապարակ»․ Զինդատախազությունը պարտակեց Չարբախիկի դանակահարության գործը

«Հրապարակ»․ Զինդատախազությունը պարտակեց Չարբախիկի դանակահարության գործը Sat, 17 Oct 2026 11:15:00 +0400 Չարբախում՝ ազգային հերոս…

45 րոպե ago

«Հրապարակ»․ Եվրոպան նորից երես է թեքում Փաշինյանից

«Հրապարակ»․ Եվրոպան նորից երես է թեքում Փաշինյանից Sat, 17 Oct 2026 11:00:03 +0400 Ամիսներ շարունակ…

1 ժամ ago

Ազատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին

Ազատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին Sat, 17 Oct 2026 10:49:49 +0400 Այսօր Գյումրու տոնն…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Սամվել Կարապետյանը դիմել է դատարան

«Հրապարակ»․ Սամվել Կարապետյանը դիմել է դատարան Sat, 17 Oct 2026 10:45:07 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության…

1 ժամ ago