«Հրապարակ». «Պարտքի «թրենդը». ինչո՞ւ է կառավարությունը նախընտրում ավելացնել ներքին պարտքը

«Հրապարակ». «Պարտքի «թրենդը». ինչո՞ւ է կառավարությունը նախընտրում ավելացնել ներքին պարտքը

Thu, 13 Aug 2026 12:15:33 +0400


Հայաստանի կառավարությունն ինչպես ցանկանում է, այդպես էլ ծախսում է ՀՀ քաղաքացիների գումարները: Հաճախ ահռելի ծախսեր անելու համար անգամ ԱԺ-ի «դաբրոն» նրան պետք չէ: Խոսքը պետական պարտատոմսերի թողարկման, ներքին պարտքի սպասարկման մասին է, որի համար տարեցտարի ավելի մեծ գումարներ են պահանջվում:

Իհարկե, «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով եւ բյուջետային համակարգի մասին օրենսդրությամբ՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի դեֆիցիտի առավելագույն չափը եւ պարտքի սահմանաչափը հաստատվում են ԱԺ-ի կողմից տարեկան բյուջեի օրենքով, եւ կառավարությունը չի կարող գերազանցել վերին սահմանաչափը, բայց սա միակ եւ միանգամյա հաշվետվությունն է: Մյուս դեպքերում, տարվա ընթացքում կառավարությունը երբ ուզի, ինչ շահութաբերությամբ որ ցանկանա, պարտատոմս է թողարկում, ինչի հետեւանքով պետական ընդհանուր պարտքի կառուցվածքում, սկսած 20 թվականից, անշեղորեն ավելանում է ներքին պարտքի չափաբաժինը:

2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ, որը վերջին պաշտոնապես հրապարակված տվյալն է, Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմում է 13,9 միլիարդ ԱՄՆ դոլար կամ 5 տրիլիոն 265 միլիարդ դրամ: Եթե հաշվի առնենք կառավարության վերջին վարկային պայմանագրերն ու տարեվերջի կանխատեսումները, ապա պարտքն իրապես արդեն մոտ է 15 միլիարդ դոլարին:
Այս պահի դրությամբ 15 մլրդ դոլարի պետական պարտքի կառուցվածքում մոտ 7,5 մլրդ-ն ներքին պարտքն է: Մոտավորապես այդքան պետական պարտատոմս է թողարկված: Մարման առավելագույն ժամկետը տասը տարի է, բայց ամենաշատը տարածված են 3-5 տարվա մարման ժամկետով պարտատոմսերը:
Այն, որ պետական պարտքի կառուցվածքում ավելանում է ներքին պարտքը, ամենեւին էլ չի նշանակում, որ կառավարությանն ավելի շատ են սկսել վստահել:

Պարզապես պարտատոմսերի գնորդն ավելի բարձր տոկոս է ստանում բանկից, քան այն դեպքոuմ, երբ ավանդ է դնում: Այլ կերպ ասած՝ պետական պարտատոմսերի բարձր եկամտաբերությունն է հիմնական պատճառը, որ ֆիզիկական անձինք սկսել են ավելի շատ պարտատոմսեր գնել: Պետությունը պարտատոմսերը վաճառում է ավելի բարձր տոկոսով, քան ավանդ դնելու դեպքում բանկերի առաջարկած տոկոսներն են: Ահա ինչու ֆիզիկական անձանց պարտատոմս գնելն ավելի ձեռնտու է, քան ավանդ դնելը: Սա կարելի է դիտարկել պաշտոնյաների հայտարարագրերն ուսումնասիրելիս անգամ: Գրեթե բոլորը պետական պարտատոմսեր են հայտարարագրել:

Պարտատոմսերի հիմնական գնորդները, ինչպես հայտնի է, կոմերցիոն բանկերն են: Երբ քաղաքացին այցելում է բանկ՝ ավանդ դնելու, նրան առաջարկում են ավանդի փոխարեն պետական պարտատոմսերի մեջ ներդրում կատարել, քանի որ դրանց համար ավելի բարձր տոկոս են տալիս: Ավելի մեծ եկամուտ ունեն պարտատոմսերից նաեւ բանկերը: Պետական պարտատոմսը նրանք վաճառում են 11-14 տոկոսով, իսկ քաղաքացիներին տալիս են 6-7 տոկոսով: 4-7 տոկոսը մնում է բանկերին, ինչը բերում է բանկերի արագ հարստացմանը հանրային գումարների հաշվին:

Բայց ինչո՞ւ է պետությունը բարձր եկամտաբերությամբ պարտատոմսեր թողարկում: Չէ՞ որ որքան ավելի շատ է շահում պարտատոմս գնողը, այնքան ավելի տուժում է պետությունը: Բանն այն է, որ պարտատոմսերի թողարկման համար հատուկ թույլտվություններ կամ Ազգային ժողովի կողմից հաստատում պետք չէ: Կառավարությունը որքան ցանկանա, կարող է այդքան պարտատոմս թողարկել ու տարվա ընթացքում հանել վաճառքի՝ պահպանելով բյուջեով հաստատված վերին շեմը, իսկ եթե տեսնում է, որ պարտատոմսերը չեն վաճառվում, ավելի է բարձրացնում եկամտաբերությունը: Եվ երրորդ առավելությունը, որը ստանում է գործադիրը՝ պարտատոմսերը թողարկելիս, այն է, որ այդ գումարը նա կարող է ծախսել ինչպես կամենա՝ կարող է թոշակ տալ, աշխատավարձ, այլ ծախսեր կատարել, բացառապես իր հայեցողությամբ ու իր կարիքներից ելնելով:

Այս թեմայով տնտեսագետները բազմիցս բացասական գնահատականներ են հնչեցրել: ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է մի քանի անգամ զգուշացրել, որ կառավարությունն ահռելի գումարներ է ծախսում պետական պարտքի սպասարկման համար, ինչն անթույլատրելի է: Ըստ Բագրատյանի, պետական պարտքի սպասարկման առումով մենք կանգնած ենք աղետի առաջ: Բյուջեն ավելացվել է 1-2 տրիլիոնով, բայց դրանից ավելի շատ նիկոլական կառավարությունը պարտքի սպասարկման եւ պարտատոմսերի մարման գումար է ծախսում: «Այսինքն ձեր բյուջեն, ընկերներ, չի ավելացել»,- ասում է Բագրատյանը եւ հավելում, որ, ըստ էության, 2017 թ․ մեր բյուջեն ավելի մեծ էր, քան այսօր: Նա թվեր է բերում, որ եթե Սերժ Սարգսյանի օրոք տարեկան 100 մլրդ էր ծախսվում, որպեսզի սպասարկվի պետական պարտքը, ապա Փաշինյանն այսօր ծախսում է 1,4 տրիլիոն դրամ:

Վերջին տարիներին էապես պարզեցվել է նաեւ պարտատոմսերի գնման գործընթացը: Պետությանը փող տալը «թրենդ» է դարձել: Եթե նախկինում դրա համար այցելում էիր բանկ կամ բրոքերային ընկերություն, հաշիվ էիր բացում, եւ այլն, ապա հիմա ֆինանսների նախարարության էլեկտրոնային հարթակի՝ gp.minfin.am միջոցով հենց տնից կարող ես պարտատոմսեր գնել, առանց որեւէ միջնորդավճարի։ Այլ` տեղական բանկային եւ ներդրումային հավելվածներ էլ կան՝ Apricot Capital, EvocaTOUCH, Dime, Telcell եւ այլն, որոնք ունեն պարտատոմսերի գնման կոճակ: Այժմ պարտատոմս գնելը նույնն է, թե հեռախոսի հաշիվը լիցքավորես։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում

«Հրապարակ»․ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում Fri, 06 Nov 2026 08:15:00 +0400 Կապանում երրորդ…

16 րոպե ago

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց

«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց Fri, 06 Nov 2026 08:10:40 +0400 Մեր…

21 րոպե ago

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ

«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ Fri, 06 Nov 2026 08:05:16 +0400 Նիկոլ Փաշինյանը…

26 րոպե ago

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Fri, 06 Nov 2026 08:00:02 +0400 ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովում…

31 րոպե ago

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն Thu, 05 Nov 2026 23:59:04 +0400 Պաշտպանության…

9 ժամ ago

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում

Կեղծ լուսանկարը խաբել է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում Thu, 05 Nov 2026 23:45:52 +0400 ԱՄՆ…

9 ժամ ago