Ադրբեջանի դեպքում ասում է՝  չգրգռել ցուլին, Ռուսաստանի դեպքում՝ կարմիր շոր հագնել

Ադրբեջանի դեպքում ասում է՝  չգրգռել ցուլին, Ռուսաստանի դեպքում՝ կարմիր շոր հագնել

Thu, 13 Aug 2026 14:15:56 +0400


Մի բան իսկապես դժվար է հասկանալ։ Ադրբեջանի դեպքում, երբ որևէ հարց է առաջանում, Նիկոլ Փաշինյանը մեզ բացատրում է, որ պետք չէ «կարմիր շոր հագնել և գրգռել ցուլին»։ Այսինքն՝ ցուլը Ադրբեջանն է, իսկ մեր գլխավոր պետական ռազմավարությունը՝ հնարավորինս չերևալը, չխոսելը, չհակաճառելը և, Աստված մի արասցե, որևէ բան չասելը, որը կարող է ցուլի տրամադրությունը փչացնել։

Ժողովուրդն էլ, որքան կարողանում է, հարմարվում է այդ կենդանաբանական դիվանագիտությանը։ Հագնում է չերևացող գույներ, քայլում է մատների ծայրերով, շնչում է հնարավորինս անաղմուկ, որպեսզի ցուլը հանկարծ չնկատի։

Բայց բավական է որևէ մեկը հարցնի՝ իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» անվանում, ինչո՞ւ է Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը «միջանցք» անվանում, կամ ընդհանրապես ինչո՞ւ է այդ պետությունը շարունակում Հայաստանի նկատմամբ նման բառապաշար օգտագործել, և անմիջապես հայտնվում են մեր օրերի ցուլագետները։
-Պատերա՞զմ եք ուզում։

Այդ հարցը երբեմն այնպիսի տոնով է հնչում, կարծես պատերազմի հրամանագիրը հենց քաղաքացին էր պատրաստել, իսկ Ադրբեջանը միայն սպասում էր նրա ֆեյսբուքյան մեկնաբանությանը։ Ավելին՝ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե 44-օրյա պատերազմի բոլոր սարսափելի կադրերը մեզ ցույց են տրվել ոչ միայն պատերազմի ողբերգությունը հասկանալու, այլև մի քանի հարյուրամյակ սեփական երկրի, սեփական հողի ու սեփական շահերի մասին բարձրաձայնելուց վախենալու համար։

Բայց այստեղ իմ ասելիքը նույնիսկ Ադրբեջանը չէ։ Հետաքրքիրն այն է, որ նույն իշխանության մոտ այս «ցուլը չգրգռելու» քաղաքականությունը տարօրինակ կերպով գործում է միայն Ադրբեջանի ուղղությամբ։ Ռուսաստանի դեպքում ցուլի մասին մոռանում է։ Այստեղ կարմիր շորը ոչ միայն հագնում ենք, այլև, կարծես, հատուկ պատրաստում ենք, արդուկում, բարձրացնում ու ասում՝ տեսնո՞ւմ ես, ինչ գեղեցիկ է։

Եթե Ադրբեջանին պետք է չգրգռել, ապա Ռուսաստանին կարելի է հրապարակավ քննադատել, պահանջներ ներկայացնել, նրա դեմ պատժամիջոցների քաղաքականությանը միանալ, նրա հակառակորդների հետ հարաբերությունները խորացնել, ռազմաքաղաքական համագործակցության մասին խոսել և միաժամանակ Ռուսաստանին տարածաշրջանից հնարավորինս հեռացնելու ուղղությամբ քայլեր անել։

Ու այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը ներկայացվում որպես ցուլ, իսկ Ռուսաստանը՝ որպես անատամ կենդանի, որը կարող է միայն նայել ու ոչինչ չանել։

Եթե խոսքը իսկապես անվտանգության մասին է, ապա ինչո՞ւ է անվտանգության նույն չափանիշը տարբեր կերպ կիրառվում տարբեր երկրների նկատմամբ։

Եթե սկզբունքը սա է՝ «չգրգռենք նրան, ումից վտանգ ենք տեսնում», ապա այդ սկզբունքը պետք է լինի ընդհանուր։ Իսկ եթե սկզբունքը միայն Ադրբեջանի դեպքում է գործում, իսկ Ռուսաստանի դեպքում՝ ոչ, ապա սա արդեն ոչ թե անվտանգության քաղաքականություն է, այլ քաղաքական հաշվարկ, որի տրամաբանությունը հասարակությանը պետք է բացատրել։

Որովհետև պետության արտաքին քաղաքականությունը չի կարող կառուցվել «սրան չբարկացնենք, նրա վրա բարկանանք» սկզբունքով։ Առավել ևս՝ չի կարող մի դեպքում քաղաքացուն ասել՝ «լռիր, որովհետև կարող ես պատերազմ հրահրել», իսկ մյուս դեպքում իշխանությունն ինքն անի այնպիսի քայլեր, որոնք նույն տրամաբանությամբ կարող են ընկալվել որպես մեկ այլ պետության շահերին ուղղված մարտահրավեր։

Ի վերջո, քաղաքացին իրավունք ունի հասկանալու՝ ո՞րն է մեր արտաքին քաղաքականության իրական չափանիշը՝ Հայաստանի անվտանգությո՞ւնը, թե՞ տարբեր ուժերի հետ տարբեր իրավիճակներում տարբեր չափի համարձակություն ցուցադրելը։
Որովհետև եթե մի ցուլի դեպքում մեզ ասում են՝ «կարմիր շոր չհագնես», իսկ մյուսի դեպքում իշխանությունն ինքն է կարմիր շորը թափահարում, ապա խնդիրը գուցե արդեն ցուլերի մեջ չէ։ Գուցե խնդիրը այն է, որ մենք դեռ չենք հասկացել՝ ով է ընտրում շորերի գույնը, և ինչու է ընտրությունը ամեն անգամ այդքան տարբեր լինում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ ինչ-որ բան ասի. Նարեկ Կարապետյան

Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա մեզ ինչ-որ բան ասի. Նարեկ Կարապետյան Thu, 13 Aug 2026 16:09:32…

6 րոպե ago

Դուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա Մաթևոսյան

Դուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա Մաթևոսյան Thu,…

8 րոպե ago

TRIPP-ի մասով Իրանից մտահոգություններ հնչե՞լ են. Շիրազ Մանուկյանը` Խանդանյանին

TRIPP-ի մասով Իրանից մտահոգություններ հնչե՞լ են. Շիրազ Մանուկյանը` Խանդանյանին Thu, 13 Aug 2026 16:03:19 +0400…

12 րոպե ago

Լինում ա, սուր ելույթի հետևանք էր, մեծ միջադեպ չկա. Նարեկ Կարապետյան

Լինում ա, սուր ելույթի հետևանք էր, մեծ միջադեպ չկա. Նարեկ Կարապետյան Thu, 13 Aug 2026…

13 րոպե ago

Զելենսկին խաղաղության նոր առաջարկ ունի

Զելենսկին խաղաղության նոր առաջարկ ունի Thu, 13 Aug 2026 16:00:37 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին…

15 րոպե ago

Շատ լարված իրավիճակ ԱԺ-ում

Շատ լարված իրավիճակ ԱԺ-ում Thu, 13 Aug 2026 15:55:54 +0400 Latest news from Secure News…

20 րոպե ago