«Հրապարակ». Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը

«Հրապարակ». Նրանց համար սրիկա լինելն ավելի հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը

Sat, 15 Aug 2026 09:45:13 +0400


Երեկվանից իրավիճակն Ազգային ժողովի նիստերի դահլիճում լարվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո:

Իր ելույթում սուր քննադատելով իշխող «Քաղաքացիական պայմանագրին», մեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «ղարաբաղյան բանակցությունները տապալելու, պատերազմի, հազարավոր երիտասարդ զոհերի, արցախցիներին տնավեր դարձնելու» համար՝ Ղազարյանն ամփոփեց․ «Սա է այս իշխանության դեմքը՝ պատերազմ, զոհեր, կորուստներ եւ պարգեւավճարներ»։ Ապա իշխող կուսակցությանը մեղադրեց զինվորների կյանքը «սրիկայաբար շահարկելու» փորձելու մեջ:

Ազգային ժողովի ՔՊ-ական փոխնախագահ Հայկ Կոնջորյանը տեղից անմիջապես հակադարձեց. «Պարոն Ղազարյան, Ձեզ կոռեկտ պահեք, Դուք ստանում եք նախազգուշացում Ձեր ոչ կոռեկտ եւ ամբարտավան պահվածքի պատճառով, եւ ես Ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե Դուք չինքնաէվակուացվեք էս դահլիճից, Ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու էս դահլիճից եւ Ազգային ժողովի շենքից»: Մինչ ոստիկանի դեր ստանձնած ՔՊ-ական փոխխոսնակն արձագանքում էր, Էդգար Ղազարյանը դուրս եկավ դահլիճից։ Նրա հետեւից որոշ ՔՊ-ականներ եւս որոշեցին դուրս գալ, հավանաբար՝ տղայական կռիվ անելու, որովհետեւ այս անձանց մի մասին թվում է, թե իրենք ԱԺ-ում են հայտնվել ընդդիմությանը դասեր տալու, նրանց քննադատությունը կանխելու եւ Փաշինյանի շահերը պաշտպանելու համար: Մի քանի ՔՊ-ական էլ, օրինակ, Սիսակ Գաբրիելյանը, գործընկերներին պահում էին, որ դահլիճից դուրս չգային։

Հետո ընդդիմության ներկայացուցիչները սկսեցին դուրս գալ, եւ իրավիճակն արդեն քաշքշոցի էր վերածվում։ Եկավ նաեւ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ բաժանվելու կոչեր անելով եւ պահանջելով, որ «Ուժեղ Հայաստանը» գնահատական տա Էդգար Ղազարյանի ելույթին, ներողություն խնդրի եւ այլն։ Ճնշումն այնքան մեծ էր, որ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը փորձեց հարթել իրավիճակը՝ ասելով, որ իրենք կքննարկեն միջադեպը: «Խմբակցությունում տեղի կունենա նիստ, որտեղ կքննարկվեն հետագա քայլերը, որոնց մասին տեղյակ կպահենք: Բարեվարքության պայմանավորվածությունների շրջանակում դա բարեվարքության նորմի խախտում էր»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը: Սակայն նույն օրը հանրության արձագանքը շատ կոշտ էր` համացանցում մարդիկ պահանջում էին չզիջել, ապացուցում էին, որ Ղազարյանի ելույթը քաղաքական ելույթ էր, եւ նա «մի բան էլ քիչ է ասել», մեղադրում էին խմբակցության ղեկավարին՝ մեղմ պահվածքի համար: Հաջորդ օրը եւս ՔՊ-ական մեծամասնությունը նույն թեմայի մեջ էր` յուրաքանչյուր ՔՊ-ական իր պարտքն էր համարում դատապարտել Էդգար Ղազարյանին, իսկ ԱԺ նախագահը նորից շանտաժի էր ենթարկում, թե խմբակցությունն ասելիք չունի՞, մինչեւ որ Նարեկ Կարապետյանն ասաց` ոչ:

Բայց կրքերը չեն հանդարտվում, արդյո՞ք Էդգար Ղազարյանին ընդհուպ մինչեւ մանդատից հրաժարվելու կոչ կարվի։ «Կաշխատենք խնդիրները լուծել»,- հարցին ի պատասխան՝ ասել է Նարեկ Կարապետյանը։ Ինքը՝ Ղազարյանը, հրաժարվում է որեւէ մեկնաբանություն տալ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն Ազգային ժողովի նիստերի դահլիճը վերածել է «բազարի»: Ինչ խոսք, նախորդ իշխանությունների ժամանակ էլ որոշ պատգամավորներ չէին փայլում իրենց բարեվարքությամբ, բայց Արցախ հանձնած, այսքան աղետներ բերած ՔՊ-ականների պահվածքն աննախադեպ է: Իսկ նման վեճերն ուղղակի մեր հանրությանը հիասթափեցնում են խորհրդարան կոչվող ինստիտուտից առհասարակ, եւ խորհրդարանականները փոխանակ հանրության շրջանում վստահությունը վերականգնեն, միմյանց վիրավորելով են զբաղված: ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այսօրվա խորհրդարանի վիճակին, ասաց.

– Տեւական ժամանակ է՝ արդեն ավելորդ է ուղղակի խոսելը այս երեւույթի մասին: Հայաստանի խորհրդարանում ռեսուրսների պայքար է գնում: Այնտեղ ո՛չ էթիկայի խնդիր, ո՛չ բարոյականության հարց եւ ո՛չ էլ կանոնակարգի խնդիր կա: Իշխանությունը կարծում է, որ եթե իրենք շատ են, ապա իրենց ամեն ինչ կարելի է: Այս սկզբունքով են նրանք առաջնորդվում: Միջանցքներում կան պահպանության ծառայության աշխատակիցներ, որոնք կատարում են իշխանության բոլոր հրահանգները: Ամբողջ խնդիրը սա է: Հույս ունենալ, որ այս մարդիկ բարոյականություն կունենան կամ ազգային մտքեր կհայտնեն ամբիոնից, արժեհամակարգ կթելադրեն եւ այլն, ես չունեմ նման ակնկալիքներ եւ բոլորին խորհուրդ կտամ չունենալ…. ես առհասարակ որոշել եմ խնայել իմ նյարդերը եւ այլեւս չհետեւել ԱԺ նիստերին:

– Իշխանական պատգամավորները ընդդիմադիրների հայտարարություններն են գրաքննության ենթարկում: Օրինակ, պատգամավոր Էդգար Ղազարյանին երեկվանից թիրախավորել են այն բանի համար, որ նա ՔՊ-ականների գործողություններին տվել է «սրիկայաբար» որակումը: Սա ի՞նչ երեւույթ է: Իշխանավորներն ունե՞ն իրավունք ընդդիմության բառամթերքը որոշելու:

– Խնդիրը հետեւյալն է` նրանց համար սրիկա լինելն ավելի պատվաբեր ու հեշտ է, քան այդ սրիկայությունների մասին լսելը: Անբարոյականների մոտ էլ է այդպես: Իրենց համար իրենց անբարոյականությունն ավելի պատվաբեր է, քան այն, որ իրենց դիմում ես իրենց անունով: Գողերի համար էլ գող լինելն է ավելի պատվաբեր, սակայն երբ հիշեցնում ես իրենց գող լինելու մասին, դրանից խիստ վիրավորվում են: Դա է իրականությունը: Այս մարդիկ հիմա, փաստորեն, շատ նորմալ են համարում սրիկայություններ անելը, բայց մի արտահայտությունից բորբոքվում են: Բայց չէ՞ որ նրանց քայլերն իրականում սրիկայաբար քայլեր են, ի դեպ, դա ամենամեղմ բառն է, որ բնութագրում է այդ թիմին: Իրենց ասածն այն է, որ մենք շարունակելու ենք սրիկայություններ անելը, բայց մեզ սրիկա ասողներին կպատժենք: Իրենք շարունակելու են իրենց ապազգային քայլերը, ոչ մի այլանդակության առաջ կանգ չեն առնելու, դա օքեյ է, բայց, այ, եթե ինչ-որ մեկը համարձակվի խոսել այդ մասին, դուրս կշպրտենք ԱԺ դահլիճից, կծեծենք, կջարդենք նրան, ինչ ուզենք` կանենք, մի խոսքով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանցի նավաստիները հացադուլ են անում

Ադրբեջանցի նավաստիները հացադուլ են անում Sat, 15 Aug 2026 13:30:29 +0400 Թուրքական Cunda Shipping նավագնացության…

12 րոպե ago

Փաշինյանի վզին գցած օղակը մի կողմից քաշում են թուրքերը, մի կողմից՝ ռուսները

Փաշինյանի վզին գցած օղակը մի կողմից քաշում են թուրքերը, մի կողմից՝ ռուսները Sat, 15 Aug…

15 րոպե ago

«Հրապարակ». Պետպատվերը վերանում է, մնում է միայն ապահովագրությունը

«Հրապարակ». Պետպատվերը վերանում է, մնում է միայն ապահովագրությունը Sat, 15 Aug 2026 13:15:00 +0400 Հինգշաբթի…

28 րոպե ago

Գլենդելում 5 հայ է ձերբակալվել

Գլենդելում 5 հայ է ձերբակալվել Sat, 15 Aug 2026 13:08:17 +0400 Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում հանցավոր…

34 րոպե ago

«Հրապարակ». Ատոմակայանը փակելով` Հայաստանը կհրաժարվի իր սուբյեկտայնությունից

«Հրապարակ». Ատոմակայանը փակելով` Հայաստանը կհրաժարվի իր սուբյեկտայնությունից Sat, 15 Aug 2026 12:45:50 +0400 Ադրբեջանի նախագահ…

57 րոպե ago

Նոր երկրաշարժ․ նոր զոհեր․ մանրամասներ

Նոր երկրաշարժ․ նոր զոհեր․ մանրամասներ Sat, 15 Aug 2026 12:30:39 +0400 Այսօր առավոտյան Ինդոնեզիայում 7,7…

1 ժամ ago