Երեքշաբթի , 18 Օգոստոսի 2026

Մեր ժամանակների «չեղած մտավորականությունն» ու Ռուբեն Բաբայանը

Մեր ժամանակների «չեղած մտավորականությունն» ու Ռուբեն Բաբայանը

Tue, 18 Aug 2026 18:45:52 +0400


Երեւանյան կարճալիք ռադիոկայաններից մեկով մի կրոնագետ, ավելի ստույգ՝ իսլամագետ, վերլուծում էր իսլամ կրոնի ծագումնաբանությունը եւ մի համեմատություն արեց, թե քրիստոնեությունը սեր է քարոզում, իսկ իսլամը՝ հնազանդություն։ Տեղին կլինի մեջբերել «Զհաց մեր հանապազորդ» եռամսագրի 2026թ․ Գ եռամսյա համարի օգոստոսի 13-ի էջից մի հատված (Սաղմոս 87-88 )․ «Մենք չենք կրնար մեր զավակները ստիպել հավատալու։ Կրնանք միայն պատճառներ տալ անոնց՝ հավատալու այն բանին, ինչ որ մենք կհավատանք»։ Սա ծնողավարական խոհեմ դիտարկում է, բայց հարց է՝ «ինչպե՞ս ընենք այդ», երբ պատասխանը թողնված է հանրության խղճին։ Իսկ հանրությունն օրվա հոգսերից, համատարած անորոշությունից հոգնած ու գարշած՝ չի ուզում ուղեղ շարժել։ Գուցե ժամանակն է՝ սաղմոսով ուղղորդվող «պատճառներն» առավել դիպուկ ձեւակերպել, դարձնել հնազանդեցնող, ինչ-որ տեղ վախեցնող, ինչպես վարչապետն է անում գրգռված ժամանակ եւ արդյունք գրանցում։

Ներկա կացությամբ օրվա հոգսերը, այսպես թե այնպես, տանելի են, իսկ քաղաքական ոլորտում մի իշխանական անորոշությանը հաջորդում է մեկ այլ անորոշություն՝ միտված ամրապնդելու հանրության հանդուրժողականությունը ռեժիմի նկատմամբ։ Զարմանալի չէ, թե ինչպես է խորանում հանրություն-քաղաքականություն անտարբերության ջրբաժանը, հավատքը դառնում ամորֆ, իսկ իշխանական քաղաքանությունը՝ ճամարտակությամբ ծեփված բռնապետական կարծր կաղապար։

Վերջերս Պետրոս Ղազարյանի հյուրն էր ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։ Խոսք գնաց մտավորականության, որպես հավաքական միավորի, լինել-չլինելու մասին։ Ռեժիսորը կտրուկ էր։ Ըստ նրա՝ «մտավորականություն», որպես ամբողջականություն, չկա, կան «մտավորական անհատներ»։ Գուցե դա է գլխավոր դրդապատճառը (մոտիվը), որ ՀՀ վարչապետը բոլոր ստեղծագործական միությունների նստավայրերը (սկսած Հայաստանի գրողների միության շենքից) հանրայնացնում է, որ հետո վաճառի, նաեւ՝ բյուջե լցնի։ Գործընթացը կարծես թե սառեցված է, բայց փակված չէ։ Շտապել պետք չէ, Երեւանում տասնյակ հազարների բնակության համար թանկարժեք թաղամասեր են կառուցվում։ Հարց․ ո՞ւմ համար են այդ բնակելի նորակառույցները, եթե դրանցում բնակարանների գներն անհասանելի են Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության գրպանին։ Պատասխանը գտնված է, հայաստանյան նորակառույցներում հեռավար կարգով կարող է բնակարան ձեռք բերել ոմն անձ՝ չգտնվելով Հայաստանում։ Իսկ ովքե՞ր են այդ մեծահարուստ գնորդները․․․ հարցը արգելափակված է հայաստանյան «բարձրյալի» կարգադրությամբ։ Նույնիսկ Ռուբեն Բաբայանի համարձակության պաշարը բավական չեղավ՝ այդ թեման շոշափելու։ Հետեւաբար, Պետրոս Ղազարյանին հանձնարարված առաջադրանքը՝ չշեղվել թեմայից, կենսագործվեց հաջողությամբ։

Վերադառնանք մեր ժամանակների «չեղած մտավորականությանը»։ Ռուբեն Բաբայանի հարցազրույցից այդպես էլ չպարզվեց ՝ «մտավորականություն» ընդանրապես չկա՞, թե՞ ժամանակին եղել է, բայց հիմա չկա։ Եվ եթե կան անհատ մտավորականներ, ապա նրանց միջեւ գաղափարական հիմքով թեմատիկ ստեղծագործական ընդհանրությունն ո՞ւր կորավ։ Այդ դեպքում ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանի գրողների միության «Գրական թերթը»։ Կարդում ես երկար-բարակ, հաճախ շարունակելի պոեմները, պատմվածքները, քննադատականներն ու զարմանում, երբ ակնհայտ է, որ գրվածքի հիմնական միտքը կարելի է մի քանի նախադասությամբ մատուցել։ Չի բացառվում, որ Հայաստանի գրողների միությունը հրահանգավորվել է «բարձրյալից»՝ «Գրական թերթի» ջանքերով խորացնել ընթերցողների անտարբերությունը նույնիսկ անկախ պետականության մաս-մաս անդամահատումը շարունակելու պարագայում։ Սակայն փաստերը վկայում են, որ ոչ վաղ անցյալում ե՛ւ մտավորականություն կար, ե՛ւ անհատ մտավորականներ։

Մի քանի փաստ, 2002-ի ապրիլի 2-ի միջադեպի ժամանակ մտավորականները շոկի մեջ էին։ Այդ օրը բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը շատ էր զայրացել։ Նա ձեռնոց նետեց Հայաստանում ձեւավորված ռեժիմին՝ ՀՀ երկրորդ նախագահի մակարդակով։ Բանաստեղծուհին ՀՀ երկրորդ նախագահի` իրեն արժանացրած Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանից հրաժարվելու հայտարարություն արեց։ Հետագայում իշխանությունների արժանացրած պարգեւից, կոչումից հրաժարվեցին արձակագիր Լեւոն Խեչոյանը, դերասան, թատերական գործիչ Երվանդ Մանարյանը։ Իսկ մեծ երգչուհի Գոհար Գասպարյանն ավելի վաղ էր արժանացել Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանին։ Երգչուհին արժանապատիվ համարեց Սիլվա Կապուտիկյանի քաղաքացիական քայլը, բայց նրա քաղաքացիական արձագանքն այլ քաղաքական տոնայնությամբ էր եւ նույնպես արժանապատիվ։ Հարցին, թե երգչուհին չի՞ պատրաստվում կրկնել Սիլվա Կապուտիկյանի քայլը, Գոհար Գասպարյանը պատասխանեց, որ իրեն Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանին արժանացրել է Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Այդուհանդերձ, մտավորականության նահանջը հասարակական, քաղաքական կյանքից առեղծվածային երեւույթ չէ։ Նորաբաց ԱԺ-ում կգտնե՞ք գեթ մեկ մտավորական ․․․ Իսկ գործարարների առատությունից ԱԺ-ն պայթում է։ Ոչ մեկը չի ցանկանում Վանո Սիրադեղյանի ճակատագիրը կիսել։ Հայրենասիրությունը, արժանապատվությունը, բարոյականությունը հեքիաթներում մնացին։ Հիմա գոյատեւման խնդիր է՝ վտանգներով, հալածանքներով, հաշվեհարդարներով լի։ Փողի խնդիր է։ Երկիրն այնքան է ապականվել, որ նույնիսկ իշխանություններին քծնողները պակասում են, միայն մեծ փողի զորությամբ կարելի է «մտավորականին» տեղից շարժել, այն էլ՝ ոչ բոլորին։ Այսօրվա մտավորականին բնորոշ չափանիշներն այլ են, ռիսկային են, արգելափակվել է քաղաքական թեմատիկայի մեջ գլուխ խոթելը։ Մաքուր մտավորականներ են մնացել նրանք, ովքեր լիարժեք ազատ են, ոչ մի պետական կոչման, պարգեւի չեն արժանացել եւ չեն էլ ձգտում։ Նրանք գիտեն, թե ում ձեռքից են ստանալու եւ դառնալու նրա պատանդը։

Ի դեպ, գտանք մեր ժամանակի ազատ, անկախ, հազվագյուտ մտավորականներից մեկին։ Կհիշեք Հրանտ Մաթեւոսյանի հեղինակած «Աշնան արեւ» ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ Աղունի դերակատար Անահիտ Ղուկասյանին։ Դերասանուհին պետական մակարդակով ոչ մի կոչման, պարգեւի չի արժանացել եւ չի էլ ձգտել, թեեւ հայ կինոյում նրա կերտած Աղունը լավագույն եւ մնայուն արժեքներից է։
Դերասանուհի Անահիտ Ղուկասյանի հետ մեր զրույցը կարճ էր։ Նա հավելեց, որ իր համար լիարժեք մտավորականն ու այսօր միակ պետական գործիչը ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որովհետեւ նա չունի որեւէ պետական պարգեւ, կոչում, շքանշան, մեդալ։ ՀՀ հիմնադիր նախագահի իրական կոչումները շատ են․ Հայաստանի անկախ պետականության հիմնադրում, պատերազմում տարած հաղթանակ, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացում, խաղաղության օրակարգային խնդրի առաջնային կարեւորում, աշխարհի մեծ ու փոքր պետությունների հետ Հայաստանի փոխշահավետ համագործակցության ընդլայնում, Ազգային ինքնորոշման միջազգային օրենքի (արդեն չգործող) հաջողությամբ գործարկում, առջեւում էր «Անջատում՝ հանուն փրկության» միջազգայնորեն փորձարկված սկզբունքը․․․
Համոզվելու համար` այսքանն էլ բավարար է։

Արամայիս Ասլանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս իշխանությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները ոչ թե վերանայում է, այլ քայլ առ քայլ ապամոնտաժում

Այս իշխանությունը Ռուսաստանի հետ հարաբերությունները ոչ թե վերանայում է, այլ քայլ առ քայլ ապամոնտաժում Tue, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով