«Հրապարակ». 70 բժիշկ հարցաքննվել է, 15-ին մեղադրում են պացիենտների նմուշները վաճառելու մեջ

«Հրապարակ». 70 բժիշկ հարցաքննվել է, 15-ին մեղադրում են պացիենտների նմուշները վաճառելու մեջ

Tue, 25 Aug 2026 08:45:44 +0400


Հայաստանում բավականին հայտնի, ճանաչում ունեցող բժիշկների շրջանում ամիսներ առաջ սկանդալային դեպք է տեղի ունեցել։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ մոտ 70 բժիշկ է ձերբակալվել՝ պացիենտների կենսաբանական նմուշներն ու որոշ օրգաններից վերցված նյութերն ապօրինաբար իրացնելու կասկածանքով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, շուրջ 70 բժիշկ հարցաքննվել է, նրանցից 15-ին մեղադրանք է առաջադրվել։

Ինչ է իրականում տեղի ունեցել։ Տարբեր աղբյուրներից մեզ պատմեցին, որ տարբեր բժշկական հաստատություններում աշխատող հայտնի օնկոլոգներ եւ այլ մասնագետներ բուժառուներից վերցված կենսաբանական նմուշները՝ մեզը, արյունը, հյուսվածքները, բջիջները, երիկամից վերցված որոշ նմուշներ, մարդու աչքից վերցված նյութերը, պայմանագրային հիմունքներով, որոշակի գումարի դիմաց, տրամադրել են «Արտ Բիոֆարմա» ընկերությանը։ Ըստ մեր աղբյուրների՝ այս ընկերությունը դրանք պետք է ուղարկեր Գերմանիա՝ հետազոտություններ իրականացնելու նպատակով։ Սակայն Քննչական կոմիտեն այդ գործընթացը որակել է որպես «մարդու կենսաբանական նյութերի ապօրինի շրջանառություն» եւ դրա առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ գործի քննությունն արդեն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ քրեական գործն ուղարկվել է դատարան` քննության: Այն մակագրվել է դատավոր Նելլի Բաղդասարյանին։ Մենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում գտանք ու ծանոթացանք գործի մանրամասներին։

Ըստ Քննչական կոմիտեում քննված քրեական գործի նյութերի՝ մեղադրանքներ են ներկայացվել «Արտ Բիոֆարմա» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Շահբազյանին, ընկերության աշխատակիցներ Վահագն Բեկբությանին եւ Հասմիկ Ներսոյանին, ինչպես նաեւ՝ բժիշկներ Արեւիկ Ստեփանյանին, Գագիկ Ջիլավյանին, Դավիթ Զոհրաբյանին, Լիլիթ Հարությունյանին, Մկրտիչ Մկրտչյանին, Ռուբեն Բորոյանին, Արթուր Գրաբսկուն, Արմեն Ավոյանին, Գեւորգ Ոսկանյանին, Երվանդ Կիրակոսյանին, Երվանդ Հարությունյանին, Թադեւոս Հովհաննիսյանին, Ժիրայր Մալաքյանին, Հայկանուշ Կժդրյանին եւ Նաիրի Մելքոնյանին։

Ըստ մեղադրանքի՝ ««Արտ Բիոֆարմա»-ի ղեկավարությունը շահույթ ստանալու նպատակով կազմակերպել է մարդու օրգանիզմից ստացվող կենսաբանական նյութերի ապօրինի շրջանառություն», իսկ ընկերության աշխատակիցներն ու բժիշկները տարբեր ձեւերով օժանդակել են այդ գործընթացին։ Բժիշկներին մեղադրում են գումարի դիմաց հիվանդներից կամ բժշկական գործունեության ընթացքում ստացված արյունը, մեզը, բջիջները, հյուսվածքները եւ այլ կենսաբանական նմուշներ ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ «Արտ Բիոֆարմա»-ի ներկայացուցիչներին փոխանցելու համար։

Այսինքն՝ ըստ մեղադրանքի, բժիշկները ոչ թե ինքնուրույն են «վաճառել» այդ նյութերը, այլ դրանք փոխանցել են նշված ընկերության ներկայացուցիչներին` ոչ անշահախնդիր, այլ գումարի դիմաց, իսկ այդ ընկերությունն էլ, ըստ մեղադրանքի, զբաղվել է դրանց հետագա շրջանառությամբ։ Բժիշկներից մեկին, օրինակ, մեղադրում են մարդու աչքերից վերցված նմուշները փոխանցելու, մյուսին` բացի այդ նաեւ բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններն ապօրինի հրապարակելու մեջ։

Մեղադրյալ բժիշկներն աշխատում են տարբեր բժշկական կենտրոններում։ Նրանցից չորսը՝ ուրոլոգ Արմեն Ավոյանը, կրծքային վիրաբուժության ծառայության ղեկավար Գեւորգ Ոսկանյանը, ակնաբուժական կլինիկայի ղեկավար Թադեւոս Հովհաննիսյանը եւ ուռուցքաբանական գինեկոլոգիայի ծառայության ղեկավար Ժիրայր Մալաքյանը, աշխատում են «Աստղիկ» ԲԿ-ում, որը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին։ Մյուսներն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, Արյունաբանական կենտրոնում, Միքայելյան եւ Իզմիրլյան ԲԿ-ներում աշխատողներ են:

Առաջին հայացքից սահմռկեցուցիչ թվացող այս մեղադրանքի շրջանակներում, սակայն, մեղադրյալների նկատմամբ կիրառվել են անազատության հետ չառնչվող խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ եւ վարչական հսկողություն, ինչը խոսում է այն մասին, որ մեղադրանքներն այդքան էլ սահմռկեցուցիչ չեն։

Քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաեւ «Վլադիմիր Ավագյան» բժշկական կենտրոնի լազերային եւ էնդոսկոպիկ ուրոլոգիայի բաժանմունքի գործադիր տնօրեն Երվանդ Սերգեյի Հարությունյանին։ Ըստ մեղադրանքի՝ նա գումարի դիմաց մարդկային ծագում ունեցող կենսաբանական նյութեր՝ արյուն, մեզ, բջիջներ եւ հյուսվածքներ, ապօրինի ձեռք է բերել, պահել եւ փոխանցել։ Նրա պաշտպան Պարույր Սաֆարյանն ասաց, որ մեղադրանքը չեն ընդունում։ «Հիմնավոր բան չկա մեղադրանքում։ Որ դատական նիստերին մասնակցեք, հրապարակային քննվելու է, կտեսնեք, որ որեւէ ապացուցող բան չկա։ Չենք ընդունում փաստական հանգամանքները»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հզոր ցեխահոսը վայրկյանների ընթացքում շպրտել է մեքենաները․ զոհեր կան

Հզոր ցեխահոսը վայրկյանների ընթացքում շպրտել է մեքենաները․ զոհեր կան Wed, 26 Aug 2026 17:30:51 +0400…

1 րոպե ago

Պապիկյանը պետք է հրաժարական ներկայացնի

Պապիկյանը պետք է հրաժարական ներկայացնի Wed, 26 Aug 2026 17:15:26 +0400 Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող…

17 րոպե ago

Հովիկ Աբրահամյանից եւ նրա եղբորորդուց դատախազը պահանջեց 322 միլիոն դրամ

Հովիկ Աբրահամյանից եւ նրա եղբորորդուց դատախազը պահանջեց 322 միլիոն դրամ Wed, 26 Aug 2026 17:08:01…

24 րոպե ago

Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀՀ քաղաքացի աշակերտներին Թուրքիայում․ թեման թեժ է

Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀՀ քաղաքացի աշակերտներին Թուրքիայում․ թեման թեժ է Wed, 26 Aug 2026…

32 րոպե ago

Արայիկ Հարությունյանն իր քաղաքական տրավմաների մուռը մեզանից է հանում. Ագնեսա Խամոյան

Արայիկ Հարությունյանն իր քաղաքական տրավմաների մուռը մեզանից է հանում. Ագնեսա Խամոյան Wed, 26 Aug 2026…

41 րոպե ago

Իմ որդուն ով ճանաչում է`գիտի ինչ որակի մարդ է. Հովիկ Աբրահամյանը` որդու մասին

Իմ որդուն ով ճանաչում է`գիտի ինչ որակի մարդ է. Հովիկ Աբրահամյանը` որդու մասին Wed, 26…

47 րոպե ago