«Չորրորդ հանրապետությունը» խոսում է «ղալաթ եք արել» լեզվով

«Չորրորդ հանրապետությունը» խոսում է «ղալաթ եք արել» լեզվով

Thu, 27 Aug 2026 19:15:18 +0400


Նիկոլ Փաշինյանի խոսույթը նոր «հայտնագործությունների» հնարավորություն է ընձեռում: Վերջին օրերին նրա խոսքում ամենահետաքրքիրը ոչ թե այս կամ այն կոպիտ բառն է, դրանք նրա բառապաշարում նորություն չեն, այլ հակադրությունը՝ երբ նա մի քանի րոպեի տարբերությամբ խոսում է «չորրորդ հանրապետության», խաղաղության, նոր որակի պետության մասին, հետո՝ քաղաքական հակառակորդի հասցեին անցնում նվաստացնող ու սպառնալից լեզվի։

Կառավարության նիստում հայտարարեց, որ «իրական Հայաստանի» գաղափարախոսությունը դարձել է Հայաստանի պաշտոնական գաղափարախոսությունը, եւ երկիրը մտնում է «չորրորդ հանրապետության» փուլ, քանի որ երրորդ հանրապետությունը հակամարտության տրամաբանությամբ է ստեղծվել, իսկ չորրորդը՝ խաղաղության։ Սա ինքնին հավակնող հայտարարություն է։ Նա ասում է՝ մենք հերթական կառավարությունը չենք, մենք Հայաստանի պետականության նոր «փուլն ենք»։ Մի պահ հավատանք, բայց ասացեք, խնդրեմ՝ նոր հանրապետության մասին խոսող իշխանության լեզուն որքանո՞վ է նոր կամ նորացված։ «Կտրիճ Ներսիսյան», «պատերազմի կուսակցություն», «ղալաթ եք արել, գլուխներդ պատին եք տվել» արտահայտությունները նոր չեն, նորի վկայություն չեն։
Նա հասկանում է, որ քաղաքական պայքարում ավելի արդյունավետ է հակառակորդին պիտակավորելը, քան քննադատելը։ Եթե կարողանում է դիմացինին տեղավորել «պատերազմի», «անցյալի» կամ «արտաքին կառավարման» կատեգորիայի մեջ, նրա ցանկացած խոսք արդեն «ցնցող» է եւ հակամարտության տրամաբանության մեջ ասված։ Եթե քաղաքական հակառակորդը ներկայացվում է ոչ թե որպես այլ տեսակետ ունեցող քաղաքական ուժ, այլ որպես վտանգ, բազմակարծությունն ընկալվում է որպես պետության դեմ իրականացվող գործողություն։ Եվ այստեղ «ժողովրդի կամքը» արտահայտությունը կարող է վերածվել երկսայրի գործիքի։ «Ժողովուրդը մեզ է ընտրել»,- ասում է նա, բայց «ժողովուրդը մեզ է ընտրել, հետեւաբար՝ ինստիտուտները պետք է հնազանդվեն մեզ» նիկոլական եզրահանգումն արդեն այլ փիլիսոփայություն է։ Փաշինյանի՝ «հնազանդ ժողովրդի կամքը կկատարեք» ձեւակերպումը հենց այդ պատճառով ավելի հետաքրքիր է, քան նրա բոլոր հայհոյախոսությունները։ Որովհետեւ այստեղ արդեն ոչ թե իր բնավորության մեջ, այլ իշխանության եւ ինստիտուտների հարաբերության միջեւ է շիլաշփոթ առաջացնում։ Եթե պետության ղեկավարն ասի՝ «այդ որոշումը հակասում է Սահմանադրությանը», «դա իրավական սխալ է», «դատարանը գերազանցել է լիազորությունները», կընդունենք, որ կառուցողական լեզու է։ «Գլուխներդ պատին եք տվել»՝ արդեն «բառադի» խոսք է, ուժի դիրքերից ասված։

Եվ «չորրորդ հանրապետության» գաղափարախոսությունը բախվում է իր իսկ լեզվական հակասությանը։
Եթե մենք մտնում ենք նոր հանրապետության փուլ, ապա հաշտությունն ու խաղաղությունը չպետք է արտահայտվեն միայն նոր անվանումներով, այլ պետք է երեւան իշխանության վարքագծում եւ խոսքի մշակույթում։ Հակառակ դեպքում՝ տարօրինակ պատկեր է․ պետության վերափոխման մասին խոսվում է XXI դարի լեզվով, իսկ քաղաքական հակառակորդի հետ բանավեճն ընթանում է նախնադարյան ոգով ու պատերազմական բառապաշարով։

Ընդդիմության սխալն էլ այն է, որ հաճախ է Փաշինյանի առաջարկած խաղի կանոններն ընդունում։ Նա սրում է՝ ընդդիմությունը «սրվում» է։ Սադրիչ բառ է օգտագործում՝ ընդդիմությունը սկսում է դրա դեմ պայքարել (իրականում՝ մաքառել, տառապել, հալումաշ լինել)։ Հարգելի ընդդիմություն, սխալ է անձնական հակամարտության մեջ մտնելը։ Եթե Փաշինյանը հեգնում է, մի փորձեք նրանից ավելի լավ հեգնել, որովհետեւ նա այդ խաղի շատ ավելի փորձառու մասնակից է։

Նրա մեկ նախադասությունը տարածվելու է սոցցանցերում, ձեր խոսքը մնալու է օդում կախված։ Մի մտեք ձեզ համար անհարմար դաշտ։

Երկրորդ սխալն ընդհանրական մեղադրանքներն են՝ առանց փաստական փաթեթի։

Եթե Փաշինյանն ասում է՝ դուք Ռուսաստանի հետ պայմանավորվածություն ունեք, ամենաուժեղ պատասխանը չէ՝ Դուք ստում եք, այլ․ «Ներկայացրեք Ձեր պնդումը հաստատող կոնկրետ փաստ։ Ո՞ր փաստաթուղթը, ո՞ր անձը, ո՞ր հանդիպումը, ո՞ր փոխանցումը կհաստատի դա»։ Ստիպեք նրան հուզական դաշտից մտնել ապացուցման դաշտ։

«Կտրիճ Ներսիսյան» դրվագը դրա լավ օրինակն է։ Երբ այդ ձեւակերպումից հետո ընդդիմադիրները լքում են դահլիճը, տեսաք՝ Փաշինյանը մնաց ամբիոնին: Ավելի ուժեղ կլիներ, եթե ստիպեիք․ «Մենք քննարկում ենք ոչ թե դա, այլ՝ պետություն-եկեղեցի հարաբերությունների իրավական սահմանները։ Փաշինյան, դու պատասխանիր հենց այդ ու միայն այդ հարցին»։ Այդ պահին նրա սադրանքը կկորցներ իր ուժը։ Նույնը վերաբերում է «պատերազմի կուսակցություն» պիտակին։ Ամենաթույլ պատասխանը՝ դու էլ պատերազմի հրձիգ ես, ամենաուժեղը՝ ո՞ր հայտարարությունն է դա ապացուցում, ո՞ր փաստաթուղթն է հիմքը։ Հակառակորդին դուրս բերեք նրա ընտրած հուզական դաշտից, վերադարձրեք փաստերի դաշտ։

Մինչ վիճաբանում ես անկարեւոր հարցերի շուրջ, այդ ընթացքում կարող է կորչել ամենակարեւոր հարցը՝ ինչ է անում իշխանությունը, ինչ արդյունք է ստացել, ինչ իրավական հիմք ունի, ինչ է պարտավորվում անել առաջիկա 5 տարում։
Ընդդիմությունը պետք է փոխի խաղի ոչ միայն կանոնները, այլեւ՝ «խաղաոճը»։ Չպետք է մրցի Փաշինյանի հետ իր լեզվով։ Որովհետեւ վարչապետի ամենախոցելի տեղը նրա կոշտ բառերը չեն, այլ՝ այն, երբ «չորրորդ հանրապետության» մեծ խոստումը կսկսի չափվել իրական պետության իրական արդյունքներով։

Իսկ իր բառապաշարն ինքնիրեն «քլնգվող» է եւ հաստատում է, որ Փաշինյանի քաղաքական հաղորդակցությունը գնալով ավելի շատ է կառուցվում կոնֆլիկտի կառավարման, քան կոնֆլիկտի նվազեցման վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միս Ռուսաստանը խմած մեքենա է վարել` բռնվել

Միս Ռուսաստանը խմած մեքենա է վարել` բռնվել Thu, 27 Aug 2026 23:45:20 +0400 Ռուսաստանի Կրասնոգորսկի…

28 րոպե ago

Փոխարժեքի հակառեկորդ է գրանցվել

Փոխարժեքի հակառեկորդ է գրանցվել Thu, 27 Aug 2026 23:30:08 +0400 Իրանի՝ տնտեսական գլոբալ մեկուսացման մասին…

43 րոպե ago

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան Thu, 27 Aug 2026…

58 րոպե ago

Երկրպագուները ցնծում են «Արարատ-Արմենիայի» հաղթանակից հետո

Երկրպագուները ցնծում են «Արարատ-Արմենիայի» հաղթանակից հետո Thu, 27 Aug 2026 23:13:08 +0400 Latest news from…

1 ժամ ago

Երկար քնելը վտանգավոր չէ․ գիտնականներ

Երկար քնելը վտանգավոր չէ․ գիտնականներ Thu, 27 Aug 2026 23:00:40 +0400 Երկար քնելը ամենեւին էլ…

1 ժամ ago

«Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան

«Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան Thu, 27 Aug 2026 22:45:35 +0400 Սամվել…

1 ժամ ago