«Հրապարակ»․ Պուտինը պարտավոր չէ Փաշինյանի առաջին իսկ պահանջով ընդունել նրան ու մաքրել նրա արցունքները

«Հրապարակ»․ Պուտինը պարտավոր չէ Փաշինյանի առաջին իսկ պահանջով ընդունել նրան ու մաքրել նրա արցունքները

Sat, 29 Aug 2026 09:45:38 +0400


Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են գահավիժել։ Երեւանից հնչած վերջին հայտարարությունները Մոսկվայում ընկալվում են ոչ այլ կերպ, քան դաշնակցային պարտավորությունների բացահայտ սաբոտաժ։ Ռուսաստանն արդեն տեւական ժամանակ է՝ սահմանափակումներ է դրել Հայաստանից Ռուսաստան արտահանումների վրա, եւ դա մեր տնտեսությանն ու գյուղացուն է հարվածում: Ընտրություններից հետո ՌԴ որեւէ պաշտոնյա չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, նրա փորձերը` հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ, ապարդյուն են եղել: Սակայն կարծես թե սառույցը շարժվել է, եւ առաջիկայում, ըստ որոշ լուրերի, Բիշքեկում կայանալու է Պուտին-Փաշինյան առաջին հանդիպումը` այս տարվա ապրիլից ի վեր: Զրուցել ենք ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հետ։

– Մեդիադաշտում տեղեկություններ են հայտնվում, որ հայկական կողմի նախաձեռնությամբ առաջիկայում կայանալու է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, բայց Կրեմլում պատրաստ չեն ընդունել Հայաստանի վարչապետին, եւ շփումները հնարավոր են միայն «ոտքի վրա»` Բիշքեկում կայանալիք ՇՀԿ (ШОС) գագաթնաժողովի շրջանակներում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ Մոսկվան ցուցադրաբար իջեցնում է դիվանագիտական արարողակարգի մակարդակը Փաշինյանի համար:

– Ես կուզեի պարզել՝ արդյո՞ք Ձեզ թվում է, որ այն հարցազրույցները, հայտարարությունները, որոնք զանգվածաբար տարածում է Փաշինյանը, յուրովի մեկնաբանելով, ամենաոչբարեկամական ձեւով գնահատելով ե՛ւ ՀԱՊԿ գործունեությունը, ե՛ւ Ռուսաստանի դիրքորոշումը… այդ ամենն առիթ է, որպեսզի նրան ընդունեն Կրեմլում եւ կարմիր գո՞րգ փռեն նրա առաջ: Այդ բոլոր խաղերը, թե իբր նա հանդիպում է խնդրում, պետք են բացառապես նրա հակառուսական հռետորաբանությունը սնուցելու համար, որ կարողանա հղումներ անել, թե իբր Ռուսաստանի ոչ բարեկամական վարքի արդյունքում իրեն, որն այնքան պուպուշ է, թույլ չեն տալիս հանդիպել Պուտինի հետ: Պուտինն ամենեւին էլ պարտավոր չէ հանդիպել Փաշինյանի հետ՝ նրա առաջին իսկ պահանջով: Հանդիպումների հարցը, ինչպես մենք հասկանում ենք, լուծվում է սովորական դիվանագիտական խողովակների միջոցով, ու եթե Պուտինը կամ Փաշինյանը դրանց ժամանակն ու ցանկությունը չունեն, ապա ո՞վ կարող է նրանց ստիպել դա անել: Իսկ ես չեմ կարծում, թե բոլոր արված քայլերից եւ հնչեցրած հայտարարություններից, դրանք վերլուծելուց հետո, թե ինչով է զբաղվում պարոն Փաշինյանը երկրի ներսում ու արտաքին քաղաքական դաշտում, Պուտինը պարտավոր է Փաշինյանի առաջին իսկ ցանկությամբ անմիջապես նրան ընդունել ու մաքրել նրա արցունքները:

– Ի դեպ, հայտարարությունների մասին. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հրապարակավ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ընդունել ռուսաստանցիների նոր ալիքը, ովքեր խուսափում են մոբիլիզացիայից, նրանց օգնություն խոստացավ եւ ընդգծեց, որ Հայաստան մուտք գործելու նպատակները չեն ստուգվելու։ Ինչպե՞ս եք գնահատում պաշտոնական Երեւանի նման հայտարարությունները՝ նկատի ունենալով, որ Հայաստանը դե յուրե դեռ մնում է ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ անդամ:

– Սա եւս մի հավելում է վերջին շրջանի հնչեցված խոսույթի «խնայատուփին» (в копилку всего наговоренного): Նրանք, ովքեր ցանկանում են զարգացնել հարաբերությունները՝ սա ցանկացած հասուն մարդ գիտի, իրենց այդպես չեն պահում: Այդպիսի վարք են ցուցաբերում մարդիկ, ովքեր ուղղակի փորձում են շանտաժի ենթարկել իրենց հայտարարություններով, սրել իրավիճակը: Հայտարարություններն ամենակարեւորը չեն: Կարեւորը գործողություններն են: Մենք բավականաչափ լսել ենք բազմապիսի հայտարարություններ, որոնք բացարձակ չեն համապատասխանել գործողություններին, երբ հարցը վերաբերում է պարոն Փաշինյանին:

– Իսկ ինչո՞ւ նա միանգամից դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից ու նախընտրում է անհասկանալի հայտարարություններ անել, օրինակ, որ լավ կլիներ, եթե մեզ հեռացնեին ԵԱՏՄ-ից:

– Որովհետեւ նա երկար ու համառորեն աշխատում է սեւացնել Ռուսաստանին` իր ընտրողների, հայ ժողովրդի աչքերում: Եվ, իհարկե, հաստատում է իր ընտրությունը` հուրախություն այն անձանց, ովքեր մայիսի սկզբին իրեն հյուր էին եկել Երեւանում: Նա երկակի նպատակ է հետապնդում: Մի կողմից, Ռուսաստանի վրա դնել հարաբերությունները փչացնելու մեղքը եւ, մյուս կողմից, ծառայել նրանց, որոնց ընկերն ու դաշնակիցը նա կցանկանար դառնալ:

– Բայց Հայաստանում բավականին թվով մարդկանց մոտ նման վարքը զայրույթ ու նյարդային ռեակցիա է առաջացնում:

– Իհարկե, նյարդային ռեակցիան լավագույն էմոցիան չէ: Կարծում եմ, հայ ժողովուրդն իրավունք ունի ավելի ուժեղ զգացողությունների, իսկ եթե բանն ավարտվի զուտ նյարդային ռեակցիայով, ապա դա բավականին երկար ժամանակ կուտակվում է, բայց ռեալ ու լուրջ քայլեր` իրավիճակը շտկելու, իմ կարծիքով, ո՛չ ժողովուրդը, ո՛չ էլ ընդդիմությունը չի ձեռնարկել: Ահա եւ ամբողջ պատմությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լեգենդար ավտոմեքենան նորից կարտադրվի

Լեգենդար ավտոմեքենան նորից կարտադրվի Wed, 14 Oct 2026 00:30:18 +0400 Jeep ամերիկյան ընկերությունը մտադիր է…

3 ժամ ago

Երգչի այրու իրավունքները դատարանը ճանաչել է

Երգչի այրու իրավունքները դատարանը ճանաչել է Wed, 14 Oct 2026 00:00:23 +0400 Մոսկվայի Շչերբակինսկի շրջանի…

4 ժամ ago

Բասկետբոլիստի մարզաշապիկը վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով

Բասկետբոլիստի մարզաշապիկը վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով Tue, 13 Oct 2026 23:55:40 +0400…

4 ժամ ago

Թեյլոր Սվիֆթը նոր ռեկորդ է սահմանել

Թեյլոր Սվիֆթը նոր ռեկորդ է սահմանել Tue, 13 Oct 2026 23:45:43 +0400 Թեյլոր Սվիֆթը Billboard…

4 ժամ ago

Կինն է իր դեպրեսիայի հիմնական պատճառներից մեկը

Կինն է իր դեպրեսիայի հիմնական պատճառներից մեկը Tue, 13 Oct 2026 23:30:11 +0400 Արքայազն Հարին…

4 ժամ ago

Պատրաստ է ցանկացած ստորության. Նորայր Եղյանը՝ «Բարի Գալուստ» սիթքոմի, իր կերպարի և Աղաս Մանուկյանի հետ համագործակցության մասին

Պատրաստ է ցանկացած ստորության. Նորայր Եղյանը՝ «Բարի Գալուստ» սիթքոմի, իր կերպարի և Աղաս Մանուկյանի հետ…

4 ժամ ago