Ռուբեն Վարդանյանը տանջվում է Բաքվի բանտում, իսկ Green Rock-ը Դիլիջանի զբոսայգում հյուրանոց է հիմնում
Sat, 29 Aug 2026 13:45:06 +0400
Տավուշի մարզպետի աշխատակազմի ինտերնետային կայքը հրապարակել է․ «Հուլիսի 25-ին Դիլիջանում, քաղաքային լճի հարևանությամբ գտնվող այգում, տեղի ունեցավ Green Rock բազմաֆունկցիոնալ համալիրի կազմում նախատեսվող հյուրանոցի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցեց և ելույթ ունեցավ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Ողջույնի խոսքում նա կարևորեց մարզում իրականացվող ներդրումային ծրագրերի նշանակությունը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են զբոսաշրջության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, համայնքների տնտեսական ակտիվացմանը և Տավուշի մարզի ներդրումային գրավչության բարձրացմանը։ Նա շնորհավորեց նախաձեռնության հեղինակներին՝ մաղթելով ծրագրի հաջող ընթացք և արդյունավետ համագործակցություն։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային բրենդի հետ Green Rock-ի համագործակցությունը, որը նոր հեռանկարներ է բացում տարածաշրջանում զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտների զարգացման համար։ Հյուրանոցի կառուցման ծրագիրը միտված է Դիլիջանի զբոսաշրջային ներուժի առավել արդյունավետ իրացմանը և մարզում բարձրակարգ զբոսաշրջային ծառայությունների զարգացմանը»։
Ուշագրավ է, որ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում և Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան էջում Green Rock բազմաֆունկցիոնալ համալիրի կազմում հյուրանոցի հիմնարկեքի հանդիսավոր արարողության մասին ոչ մի բառ չկա, երբ Դիլիջան համայնքում կատարվող ամեն մի դրական, թեկուզ փոքր գործի մասին հաղորդագրություն են հրապարակում։
Դիլիջանի քաղաքային զբոսայգու տարածքը վարձակալությամբ տրված է Ռուբեն Վարդանյանի հետ կապված ընկերությունը, տարածքի վարձակալության պայմանագիրը գործում է մինչև 2030 թվականը։ Դիլիջանի համայնքապետարանը դատարան է դիմել այդ պայմանագիրը չեղյալ համարելու պահանջով, չնայած պայմանագրի ավարտին դեռ 4 տարի ժամանակ կա։ Դիլիջանում Green Rock-ի հետ կապված այլ ուշագրավ բաներ էլ կան։ «Գրին ռոք մեեջմենթ գրուպ» ՍՊԸ-ի ինտերնետային կայքում որպես այդ ընկերության հիմնադիր նշված է Դիլիջանում ծնված, Շվեյցարիայում ապրող Մարետա Գևորկյանը, ով որպես ձեռնարկատեր միանձնյա տիրապետում է Հայաստանում գործող Evocabank-ի բաժնետոմսերի 100%-ին։ Այդ ընկերության հետ կապված կասկածելի պատմություն կա։ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանին է դիմել «Գրին ռոք մեեջմենթ գրուպ» ՍՊԸ-ն , ի դեմս՝ տնօրեն Վարազդատ Ներսիսյանի, և հայտնել, որ այդ ընկերության սեփականությունը հանդիսացող, Դիլիջանի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 2800 քմ մակերեսով հողամասում է գտնվում 1936թ-ին․ կառուցված Աղասի Խանջյանի ամառանոցի կիսաքանդված շենքը, որը ՀՀ կառավարության 2004թ․ դեկտեմբերի 30-ի N 1929-Ն որոշման համաձայն ընդգրկված է Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան։։ «Գրին ռոք մենեջմենթ գրուպը» պատրաստակամություն է հայտնել ընկերության սեփականություն 2800 քմ հողամասը, այնտեղ առկա հուշարձան հանդիսացող շենքի պահպանման և սպասարկման նպատակով, որպես սեփականություն անհատույց փոխանցել (նվիրել) Դիլիջան համայնքին։
Համայնքի ավագանին 2023թ․ նոյեմբերի 2-ի նիստում քվեարկությամբ հավանություն է տվել նշված 2800 քմ հողամասը ընդունելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: Սակայն 2024-ին «Գրին ռոք մենեջմենթ գրուպը» նորից դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին` Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը (շինության ավարտվածության աստիճանը 50-80%) հիմնանորոգման և որպես թանգարան վերակառուցելու նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ իրենց տրամադրելու խնդրանքով։ Համայնքի ավագանին 2024թ. մայիսի 10-ի թիվ 695-Ա որոշմամբ համաձայնություն է տվել վերոհիշյալ 2800 քմ հողամասում գտնվող, հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող 966.83 քմ ընդհանուր մակերեսով Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը հիմնանորոգման և որպես թանգարան վերակառուցելու նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ին տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։ Խանջյանի ամառանոցն այժմ կիսաքանդ վիճակում է։