Իրանական ռազմական բախումը վերսկսվո՞ւմ է

Իրանական ռազմական բախումը վերսկսվո՞ւմ է

Mon, 31 Aug 2026 16:15:32 +0400


Օգոստոսի լույս 31-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածել են Իրանի հարավում գտնվող Լարաք կղզուն։ Ի պատասխան՝ իրանական կողմն էլ հարվածել է Հորդանանում եւ ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան բազաներին։ Ամերիկյան հարվածների թիրախում եղել են երկու հրթիռային արձակման կայաններ։ Հարվածներն իրականացվել են ԱԹՍ-ների օգնությամբ։ Իրանական կողմում կան մի քանի զոհեր եւ վիրավորներ, ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի։ Վաշինգտոնը պարզաբանել է, որ հարվածները հասցրել է Հորմուզի նեղուցում ականապատման դեմ պայքարի շրջանակում։ Ամերիկյան վարչակազմում ամեն կերպ փորձում են համոզել, որ իրականացված հարձակումը ագրեսիայի գործողություն չէ։ Կասկածել նույնիսկ պետք չէր, որ Թեհրանը կպատասխանի եւ պատասխանը չուշացավ։ Հորդանանի եւ Էմիրաթների ամերիկյան բազաները դարձան թիրախ։ Փորձագետներն անհանգստացած են։

Արդյո՞ք Իրանական հակամարտությունը նորից սրվելու է։ Ամերիկագետ Մալեք Դուդակովը «Վեստնիկ Կավկազայի» հետ զրույցում նշում է, որ Լարաքի վրա ամերիկյան դրոնային հարձակումը մեծ հաշվով չի կարելի արդյունավետ գործողություն համարել։ Դրանով, ըստ նրա, Թեհրանի վրա ճնշումը, հատկապես` տնտեսական ճնշումը, չի ավելանա։ Թրամփի վարչակազմը ողջ օգոստոս ամսվա ընթացքում հենց տնտեսական ճնշման ավելացմամբ Թեհրանի մեկուսացմանն է ձգտում։ «Հասկանալի է, որ Միացյալ Նահանգները հիմա հրաժարվել է Իրանի հարցում իր բոլոր մեծադղորդ ծրագրերից՝ լինի դա իշխանափոխություն կամ հրթիռային կամ միջուկային ծրագրերի ոչնչացում եւ անցել է արդեն միակ խնդրի լուծմանը՝ գոնե ապահովել ազատ նավագնացության իրականացումը Հորմուզի նեղուցով։ Հասկանալի է նաեւ, որ իր մեծադղորդ ծրագրերը Իրանում Միացյալ Նահանգներն իրականացնել չի կարողանա»։ Թրամփը, ըստ Դուդակովի, պարզապես ցանկանում է վերականգնել Հորմուզի նեղուցում նավագնացության նախակոնֆլիկտային վիճակը։ Դա նրան օդ ու ջրի պես անհրաժեշտ է՝ Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրությունների շեմին։ Դա կբերի վառելիքի գների էժանացման։

Ճիշտ «փաթեթավորման» դեպքում նա կկարողանա դա օգտագործել նախընտրական արշավում։ Թրամփը նաեւ հասկացել է, որ ուղղակի տնտեսական բլոկադան Իրանի վրա չի ազդի։ Հատկապես՝ չի ստիպի Իրանին հետ կանգնել Հորմուզի նեղուցի հանդեպ վերահսկողություն ունենալուց։ Չնայած ամերիկյան կողմը ակտիվ աշխատում է Իրանին լիակատար կերպով տնտեսապես մեկուսացնելու թեզի քարոզչական ֆակտորի վրա, սակայն որեւէ մեկն արդեն դրան լուրջ չի վերաբերվում։ Ռուսաստանը, Չինաստանը, նույնիսկ՝ Ծոցի արաբական միապետությունները ԱՄՆ հայտարարությունները նույնիսկ ի գիտություն չեն ընդունում այլեւս։ Արդյունքում՝ Թրամփին այլ բան չի մնում, քան վերականգնել հարձակումները Իրանի վրա՝ թիրախում ունենալով այն օբյեկտները, որոնք կապված են Հորմուզի նեղուցի արգելափակման հետ։ Թեհրանն էլ բնականաբար պետք է պատասխանի՝ դա պատվի հարց է։ Դուդակովը ուշադրություն է հրավիրում, թե` իրանական պատասխան հարվածի համար ընտրված թիրախները որքան հեռու են գտնվում։

Դա, ըստ նրա, պայմանավորված է այն հանգամանքի հետ, որ մերձակայքում եղած ամերիկյան բոլոր բազաները այս կամ այն կերպ արդեն խոցված են եւ քիչ պիտանի գործունեության համար, եթե չասենք հիմնականում ավերված են։ Եթե ԱՄՆ-ն շարունակի հարվածները, Թեհրանը թերեւս իր պատասխան հարվածների համար թիրախներ կընտրի շատ ավելի հեռու շրջագծում գտնվող ամերիկյան բազաներ, քան Հորդանանինն է։ Փորձագետը նաեւ նկատում է, որ ամերիկյան զինուժը հարվածել է ոչ թե հեռահար հրթիռներով, այլ դրոններով։ Դա, ըստ նրա, թերեւս խոսում է այն մասին, որ ամերիկյան զինուժի զինանոցում հեռահար հրթիռների պաշարը շատ քիչ է, ինչի համար էլ խնայում են հրթիռները եւ հարվածում դրոններով։ Այս ամենն ի մի բերելով, ըստ Դուդակովի, կարելի է ասել, որ Թրամփի վարչակազմը Իրանում անելանելի դրության մեջ է հայտնվել ու փորձում է ամեն բան անել՝ դեմքը իր հասարակության եւ աշխարհի առաջ փրկելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞վ է Ղազախստանի նոր փոխնախագահը

Ո՞վ է Ղազախստանի նոր փոխնախագահը Mon, 31 Aug 2026 16:30:23 +0400 Երլան Կարինը ընտրվել է…

12 րոպե ago

Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը․ «Ուժեղ Հայաստան»

Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը․ «Ուժեղ Հայաստան» Mon, 31…

34 րոպե ago

Ղրղզստանն ու Չինաստանը՝ հավերժ բարեկամներ․ ի՞նչ են ստորագրել առաջնորդները

Ղրղզստանն ու Չինաստանը՝ հավերժ բարեկամներ․ ի՞նչ են ստորագրել առաջնորդները Mon, 31 Aug 2026 16:00:06 +0400…

42 րոպե ago

Դասախոսը դատարանում հաղթել է քոլեջի տնօրինությանը, սակայն նրան ազատել են աշխատանքից

Դասախոսը դատարանում հաղթել է քոլեջի տնօրինությանը, սակայն նրան ազատել են աշխատանքից Mon, 31 Aug 2026…

57 րոպե ago

Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները

Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Mon, 31 Aug 2026 15:32:05…

1 ժամ ago

Կրքերը թեժանում են․ Արաղչին «օձ» է անվանել Իսրայելի վարչապետին

Կրքերը թեժանում են․ Արաղչին «օձ» է անվանել Իսրայելի վարչապետին Mon, 31 Aug 2026 15:30:14 +0400…

1 ժամ ago