Փաշինյան-Պուտին հանդիպումը հարաբերությունների զարգացման մասին չէր
Wed, 02 Sep 2026 14:10:48 +0400
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում գնահատել է Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ նշելով, որ այն, իր համոզմամբ, չի կարող դիտարկվել որպես Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացմանն ուղղված քննարկում։
Ղազարյանի խոսքով՝ ներկայիս պայմաններում երկու երկրների հարաբերությունների բարելավման մասին խոսելը դժվար է, քանի որ Հայաստանի իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները չեն նպաստում նման գործընթացին։
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որը վերաբերում էր Հայաստանում ռուսական ռազմաբազայի հետագա ներկայությանը, ընդդիմադիր պատգամավորը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանում ռազմական ներկայություն ունի ոչ միայն 102-րդ ռազմաբազայի միջոցով։
Նրա խոսքով՝ Հայաստանում գործում են նաև Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ստորաբաժանումները, որոնց գործունեությունը կարգավորվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված միջազգային պայմանագրով։
Ղազարյանը նաև պնդել է, որ հայ-թուրքական պետական սահմանի հետ կապված առկա իրավական կարգավորումները կարող են խնդիրներ առաջացնել ռուսական սահմանապահ ուժերի դուրսբերման և համապատասխան պայմանագրի դադարեցման դեպքում։
Նրա գնահատմամբ՝ նման զարգացումը կարող է անվտանգության լուրջ ռիսկեր ստեղծել Հայաստանի համար՝ մասնավորապես Թուրքիայի ռազմական ներկայության և սահմանների հնարավոր փոփոխության տեսանկյունից։
Ընդդիմադիր պատգամավորը կարծիք է հայտնել, որ նման սցենարի ձևավորումը կարող է համապատասխանել Փաշինյանի քաղաքական նպատակներից մեկին։