Անհայտ ու անփորձ անգլախոս կանանց փոխնախարար են նշանակում
Wed, 02 Sep 2026 14:23:58 +0400
Այսօր տեղեկացանք, որ վարչապետի որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի երկու փոխնախարարներն, ինչպես եւ գրել էինք, ազատվել են աշխատանքից` Արաքսիա Սվաջյանը եւ Արթուր Մարտիրոսյանը, որոնք երեկ իրենց էջերում հրաժեշտի ուղերձներ էին հղել համակարգին` վարչապետին ու նախարարներին ուղղված խորին երախտագիտությամբ ուղեկցվող:
Այսօր արդեն երկու անփորձ ու համակարգի համար հիմնականում անհայտ կանանց Նիկոլ Փաշինյանը նշանակել է փոխնախարարներ: Մեկի մասին մենք արդեն գրել էինք` Աննա Բաբաջանյանը նախկին փոխնախարար Արեւիկ Անափիոսյանի օգնականն է եղել, զբաղվել է աղմուկ հանած չափորոշիչների ընդունմամբ, այնպես որ «յուրայինների» ցանկից է, բայց կառավարման համակարգում աշխատանքի փորձառություն չունի եւ ողջ հանրակրթության համակարգի կառավարումը նրան հանձնելը բավականին ռիսկային են համարում:
Իսկ արտաքին կապերով, երիտասարդության հարցերով զբաղվող Արթուր Մարտիրոսյանին փոխարինել է առավել անփորձ մի երիտասարդ կին` 2019 թվականին Ուկրաինայից Հայաստան տեղափոխված, մասնագիտության գրականագետ Քրիստինա Թաթարյանը, ով 19-ից հետո է սկսել հայերեն սովորել: Նա համակարգելու է արտաքին կապերի, սփյուռքի, երիտասարդության և ռազմավարական ծրագրերի ոլորտները:
Քրիստինա Թաթարյանը ծնվել է 1996 թվականին Ուկրաինայում՝ Կիևում։ Սովորել է Կիևում, ապա բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում. 2010-2014 թվականներին սովորել է «Դին Քլոուզ դպրոցում» (Dean Close School)։ 2015-2018 թթ. ուսումը շարունակել է Դարհեմի համալսարանում (Durham University)՝ ստանալով բակալավրի աստիճան «Անգլիական գրականություն» մասնագիտությամբ։ 2020-2021 թթ. սովորել է Արևելյան Անգլիայի համալսարանում (University of East Anglia), ստացել է մագիստրոսի աստիճան «Գրական թարգմանություն» մասնագիտությամբ։
Նա հայերենից անգլերեն է թարգմանել Թումանյանի «Գիքորը», Նարինե Աբգարյանի «Շարունակել ապրել» գիրքը։
Նրա կենսագրության մեջ գրված է, որ մասնագիտական գործունեությունը սկսել է 2017 թվականին «Ernst & Young» (EY) ընկերությունում, 2018-2019 թթ. աշխատել է Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում․ որպես փորձագետ՝ ներգրավված է եղել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) տարբեր ծրագրերում։ Սակայն մեզ ասացին, որ դա կամավորականին շատ մոտ աշխատանք է եղել: 2019-2020 թթ. աշխատել է «Synergy International Systems» ընկերությունում՝ որպես թարգմանիչ։ 2022-2026 թթ. որպես գործադիր տնօրեն աշխատել է միջազգային բրենդների դիստրիբյուցիայով և շուկայի զարգացմամբ զբաղվող «Ա-Տրենդ» ընկերությունում։ Տիրապետում է անգլերենին, ուկրաիներենին, ռուսերենին, ֆրանսերենին և իսպաներենին։ Եւ գլխավոր ձեռքբերում` Քրիստինա Թաթարյանն ամուսնացած է, ունի երեք երեխա։