Հայաստանի ապագայի շուրջ Փաշինյանի եւ Պուտինի հակադրությունը

Հայաստանի ապագայի շուրջ Փաշինյանի եւ Պուտինի հակադրությունը

Thu, 03 Sep 2026 18:15:21 +0400


«Շատ լավ հանդիպում ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ». Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Թե ինչով էր հանդիպումը լավ, չի ասել, եւ որեւէ մեկը չի կարող ասել՝ հանդիպումը լավ է իր արդյունքով, իսկ թե ինչպիսի արդյունք է արձանագրվել, հայտնի չէ: Միակ արդյունքը բուն հանդիպումն է, ՌԴ նախագահը համաձայնել է հանդիպել Փաշինյանի հետ, կարելի է որպես հանդիպման արդյունք համարել այն, որ Պուտինը Փաշինյանին հրավիրել է Մոսկվա: «Ես նրան հրավիրել եմ Մոսկվա, որպեսզի առանց շտապելու, երկուսով, ինչպես նաեւ նրա եւ մեր կառավարության մասնագետների հետ նստենք ու անցնենք յուրաքանչյուր կետով։ Այնտեղ կան նաեւ կոնկրետ հարցեր, օրինակ՝ երկաթուղին»,- հանդիպումից հետո ասել է ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, բայց նրան ճանաչում է որպես Հայաստանի փաստացի իշխանություն, որի հետ կարող է քննարկել Հայաստանի ապագան եւ ճակատագիրը:

Թե ինչու է Փաշինյանն ուզում գնալ Մոսկվա, կամ ինչու է Պուտինը նրան հրավիրում, նույնպես անհասկանալի է: Փաշինյանի եւ Պուտինի դիրքորոշումներում որեւէ փոփոխություն չկա, դրանք հակադիր են, անհամատեղելի, եւ դա արձանագրվեց նաեւ Բիշքեկում: Միակ փոփոխությունն այն էր, որ այս անգամ Պուտինը չպնդեց, որ Հայաստանը մինչեւ դեկտեմբեր հանրաքվե անի եւ կողմնորոշվի ԵՄ-ԵԱՏՄ երկընտրանքի շուրջ, այլ հայտարարեց, որ Հայաստանի ԱԺ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին որոշումն ինքը համարում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին որոշում, եւ առաջնորդվելու են դրանով: Փաշինյանը փորձեց իրողությունը գլխիվայր շուռ տալ եւ այնպես ներկայացնել, որ ինքն այդ որոշումով կանխել է հանրաքվեի անցկացումը, այլապես քաղհասարակությունը հանրաքվե կկազմակերպեր, ու հայ հասարակությունը 100 տոկոսանոց «այո» կասեր ԵՄ-ին միանալուն, եւ դրանով Հայաստանը վերջնականապես կկտրվեր ԵԱՏՄ-ից: Փաշինյանը մոռանում է, որ ինքն ու իր թիմակիցները մի անգամ չեն հայտարարել, որ Հայաստանը վերջնական եւ անդառնալի որոշում ունի՝ միանալ ԵՄ-ին, իսկ ԵԱՏՄ-ն միջանկյալ կայարան է, մինչեւ որ ԵՄ-ն դրական կարձագանքի իրենց ձգտումներին:

Թվում է՝ նույն խոսակցությունը կլինի նաեւ Մոսկվայում կայանալիք հանդիպմանը: ՌԴ նախագահը մտածում է, որ Փաշինյանին կարող է համոզել՝ հետ կանգնել ԵՄ-ին անդամակցելու գաղափարից, ներկայացնելով ԵԱՏՄ-ում մնալու առավելությունները: «ԵԱՏՄ-ի շրջանակում աշխատելիս Հայաստանը, անշուշտ, բավականին մեծ արտոնություններ է ստանում։ Ես հիմա նույնիսկ չեմ խոսում էներգակիրների գների մասին»,- ասել է Պուտինը: Սա կարող էր իսկապես արդյունավետ գործելակերպ լինել, եթե Փաշինյանը լիներ անկախ մարդ, որն առաջնորդվում է սեփական երկրի եւ նրա քաղաքացիների շահերով: Այդ դեպքում նա կկշռեր, թե ինչ է կորցնում Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում եւ ինչ է շահում ԵՄ-ին անդամակցելու պարագայում, եւ, ըստ դրա, ընտրություն կկատարեր: Բայց Փաշինյանը դրածո է, նա չի կարող ինքնուրույն որոշում կայացնել, նա առաջնորդվում է հրահանգով, որը տալիս են արտաքին կառավարիչները, այդ հրահանգները չեն կառուցվում Հայաստանի շահերի վրա:

Նրան անիմաստ է բացատրել Հայաստանի շահերը, նա՝ ինքը, շատ լավ տեսնում է, թե մայիսի վերջից ինչպիսի հսկայական վնաս են կրում հայ տնտեսվարողները, տասնյակ հազարավոր հայ մարդիկ ինչպես են տառապում, երբ չեն կարողանում վաճառել տանջանքով աճեցրած իրենց բերքը եւ վայելել դրա արդյունքը, իսկ Հայաստանի բյուջեն զրկվում է եկամուտներից, որը ԵՄ-ն, բնականաբար, չի փոխհատուցի: Փաշինյանը նույնիսկ չի կարող որեւէ բանական բացատրություն տալ, թե ինչ օգուտ կարող է տալ Հայաստանին ԵՄ-ին անդամակցությունը, եթե դա ինչ-որ հրաշքով եւ ինչ-որ պահի տեղի ունենա: Մարդիկ հասկացան, որ ԵՄ-ի կողմից հայ տնտեսվարողների համար ինչ-որ արտոնություններ սահմանելը կամ ներմուծման արգելքներ վերացնելը եւս որեւէ նշանակություն չունի, այն, ինչ արտադրում է Հայաստանը, դրանից Եվրոպայում կա մի քանի հարյուր անգամ ավելի շատ, եւ ոչ ոք չի սպասում Հայաստանի արտադրանքին: Ինչ վերաբերում է եվրոպական արժեքներին, դրանք եւս կեղծ են ու շինծու, Փաշինյանն աշխարհի ամենախայտառակ բռնապետերից է, որը կարող է կտտանքների ենթարկել կիսամեռ մարդուն՝ այդ կտտանքներով նրանից փող եւ ունեցվածք խլելու ակնկալիքով, եւ ԵՄ-ից որեւէ մեկը դրա հետ կապված ծպտուն չի հանի, որովհետեւ դա է իսկական եվրոպական լիբերալ ֆաշիստական արժեհամակարգը` առաջին հերթին փողը եւ շահը:

Եթե ամփոփելու լինենք. Պուտինն ասում է` Հայաստանի համար շահավետ է լինել ԵԱՏՄ կազմում, հրաժարվեք ԵՄ-ին անդամակցելու գաղափարից, շարունակեք օգտվել այն հնարավորություններից, որը տալիս է ԵԱՏՄ-ին անդամակցությունը, զարգացրեք, ուժեղացրեք ձեր երկիրը, մնալով նաեւ ՌԴ անվտանգության հովանոցի տակ, խոստովանելով, որ դա մի պահ` 2022-ին, այնքան էլ լավ չաշխատեց, բայց հիմա կարգավորվել է: Փաշինյանի ուզածը մոտավորապես այն է, ինչ հիմա առկա է Վրաստանում. երկիրը ԵՄ անդամության թեկնածու է, բայց նաեւ հանգիստ առեւտուր է անում Ռուսաստանի հետ եւ ֆինանսական շահ ստանում: Բայց Վրաստանի պարագան այլ կողմեր էլ ունի. Վրաստանը ԵԱՏՄ անդամ չէ, Ռուսաստանը Վրաստանին գազ չի վաճառում արտոնյալ գներով, Ռուսաստանը եւ Վրաստանը չունեն դիվանագիտական հարաբերություններ, ունեն վիզային ռեժիմ, Ռուսաստանում չկա մի քանի միլիոնանոց վրացական համայնք, Վրաստանը Ռուսաստանից տարեկան մի քանի միլիարդի տրանսֆեր չի ստանում, եւ ամենակարեւորը` Վրաստանի համար Ռուսաստանն ամենամեծ առեւտրային գործընկերը չէ, այլ 4-րդ, 5-րդն է, առաջինը Թուրքիան է: Վրաստանում կա տարեցտարի աճող ադրբեջանական համայնք` մոտ 350 հազարանոց, իսկ թուրքական ազդեցությունը ոչ միայն չի նվազում, այլեւ աճում է: Ահա թե ինչպիսի Հայաստան է ուզում կառուցել Փաշինյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Քաղաքական աբսուրդի քրոնիկոն

Քաղաքական աբսուրդի քրոնիկոն Thu, 03 Sep 2026 19:15:00 +0400 Խորհրդարանի դահլիճում դրաման, կատակերգությունը եւ քաղաքական…

10 րոպե ago

Մարտական դրոններ են ոչնչացվել

Մարտական դրոններ են ոչնչացվել Thu, 03 Sep 2026 19:00:07 +0400 Թուրքիայում, Ստամբուլի ափերի մոտ մարտական…

25 րոպե ago

ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Սյունիք՝ ԹՐԻՓՓ-ի հարցերով

ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Սյունիք՝ ԹՐԻՓՓ-ի հարցերով Thu, 03 Sep 2026 18:56:24 +0400 ԱՄՆ գործերի…

28 րոպե ago

Աննա Հակոբյանը հասավ նպատակին

Աննա Հակոբյանը հասավ նպատակին Thu, 03 Sep 2026 18:48:36 +0400 Կառավարությունը առաջարկություն է ներկայացրել «Ընտանեկան…

36 րոպե ago

Բիշքեկի դասերից

Բիշքեկի դասերից Thu, 03 Sep 2026 18:45:46 +0400 Չեք պատկերացնի, թե ինչքան ուրախ եմ, որ…

39 րոպե ago

Նոր սերիալ կթողարկվի Հարի Փոթերի մասին

Նոր սերիալ կթողարկվի Հարի Փոթերի մասին Thu, 03 Sep 2026 18:30:49 +0400 HBO-ն հրապարակել է…

54 րոպե ago