Փաշինյանի գժությունները հանդուրժելը դյուրին գործ չէ
Fri, 04 Sep 2026 18:15:37 +0400
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը Հայաստան է վերադարձել: Մեր աղբյուրներն ասում են, որ Արսենյանն իր մտերիմների հետ հանդիպելիս պատմում է, որ այլեւս ցանկություն չունի վերադառնալու Մոսկվա եւ որ այդ մասին ասել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին: Ասել է նաեւ, որ դեսպանի պաշտոնից հրաժարվելու հիմնավորումն իր առողջական խնդիրներն են, որոնք թույլ չեն տալիս ամբողջ ծավալով կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Սակայն դա ընդամենը պատրվակ է․ իրականում, ինքը չի ցանկանում անընդհատ հայտնվել անլուրջ եւ հիմար դրության մեջ, որը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի եւ ԱԳ նախարարի պահվածքի պատճառով: Գուրգեն Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել 2024 թվականի օգոստոսին:
Ըստ Արսենյանի, Փաշինյանն իրեն առաջարկել է այդ պաշտոնում մնալ գոնե եւս մեկ տարի, սակայն ինքը նույնիսկ մեկ օր չի ցանկանում պաշտոնավարումը շարունակել: Ըստ նրա, ինքը լուրջ մարդ է, սակայն դեսպանի պաշտոնում աշխատած տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ հայտնվել է անլուրջ դրության մեջ: Ռուսաստանի իշխանության, այդ թվում՝ ԱԳ նախարարության հետ շփումների ժամանակ փորձել է հարթել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ անընդհատ առաջացող խնդիրները, փորձել է բացատրել, որ Հայաստանի իշխանությունն ամենեւին նպատակ չունի փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, առավել եւս՝ դրանց տալ թշնամական բնույթ, սակայն Փաշինյանի, ԱԳ նախարարի, ԱԺ նախագահի, այս դեպքում խոսքն ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի մասին է, եւ այլ պաշտոնյաների կոպիտ եւ չկշռադատված, ակնհայտորեն հակառուսական հայտարարությունների պատճառով ինքն ընկել է վատ դրության մեջ: Ռուսական կողմն իրեն է մեղադրել իրավիճակին չտիրապետելու մեջ, որ ինքն անում է հայտարարություններ կամ տալիս է խոստումներ, որոնք նախապես համաձայնեցված չեն եղել Հայաստանի իշխանության հետ, եւ ստացվում է որ դրանք իր ինքնագործունեության արդյունքն են, ոչ թե պաշտոնական դիրքորոշում: Մինչդեռ, ինքն իր գործունեությունը համաձայնեցրած է եղել Փաշինյանի եւ ԱԳ նախարարի հետ, բայց Փաշինյանը, լինելով ոչ կայուն եւ հեղհեղուկ բնավորությամբ մեկը, կարող է ցանկացած պահի փոխել իր դիրքորոշումը եւ նախկինում ասածին հակառակ բան ասել ու հայտարարել: «Ես 60-ն անց մարդ եմ, ուզում եմ հանգիստ ապրել, թող ուրիշ մարդ գտնեն, որ կարողանա իրենց արածներն ու ասածները պարտակի»,- ասել է Արսենյանը:
Փաշինյանի հետ աշխատելն իսկապես ծանր գործ է, եւ դա գիտեն նրա կառավարության կամ ֆրակցիայի անդամները: Բայց նրանք պատրաստ են հանդուրժել Փաշինյանի ցանկացած գժություն՝ հանուն իշխանության եւ փողի: Կառավարության անդամները կամ խորհրդարանի պատգամավորները ստիպված չեն պատասխան տալ Փաշինյանի արտաքին քաղաքականության վայրիվերումների եւ անհետեւողական վարքագծի համար: Նախարարը կամ պատգամավորը կարող է անընդհատ կրկնել, որ ինչ ասում է Փաշինյանը, օրենք է եւ վերին ճշմարտություն, որ չկա ավելի մեծ երջանկություն, քան Փաշինյանի արտաբերած իմաստուն մտքերը լսելը: Այլ բան է դեսպանը, մանավանդ՝ Ռուսաստանում, որի նկատմամբ Փաշինյանը վարում է ակնհայտորեն թշնամական քաղաքականություն: Լինել Հայաստանի դեսպան Ռուսաստանում, նույնն է, որ անընդհատ լինես թշնամական միջավայրում, անվերջ պատասխան կամ բացատրություն գտնես Ռուսաստանի դեմ վարվող քաղաքականության համար:
Ընդ որում, պատասխան տաս ոչ միայն Ռուսաստանի իշխանություններին, այլեւ հայ համայնքին, որը նույնպես շահագրգռված է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամական եւ կանխատեսելի հարաբերությունների պահպանմամբ: Ասել, որ Փաշինյանի ասածներին պետք չէ լուրջ վերաբերվել, չի կարելի, քանի որ այդ հայտարարություններն են որոշում Հայաստանի քաղաքականությունը, արդարացնել կամ առավել եւս հավանության արժանացնել դրանք՝ նշանակում է էլ ավելի հիմար վիճակի մեջ հայտնվել: Այնպես որ, որեւէ անձնական համակրանք չունենալով Գուրգեն Արսենյանի նկատմամբ, պետք է ասել, որ նա ճիշտ եւ անգամ անխուսափելի որոշում է կայացրել, նա ուղղակի երկաթբետոնե մարդ է, որ կարողացել է 2 տարի դիմանալ, չնայած եթե մի քիչ ողջախոհություն դրսեւորեր, ի սկզբանե պետք է մերժեր Փաշինյանի առաջարկը:
Փաշինյանը Ռուսաստանում Հայաստանի նոր դեսպանի թեկնածու կգտնի (ըստ որոշ լուրերի, արդեն գտել է` դեսպան Սամվել Մկրտչյանի մասին են խոսում), եւ դա կարող է լինել այնպիսի մեկը, որը Ռուսաստանն ի սկզբանե համարում է թշնամի երկիր, ով, գտնվելով Մոսկվայում, կլուծի ոչ թե Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կարգավորելու կամ հայ համայնքի խնդիրներով զբաղվելու հարցեր, այլեւ կմեկուսանա դեսպանատան շենքում, կդադարեցնի ցանկացած շփում թե՛ Ռուսաստանի իշխանության եւ թե՛ հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու կհայտարարի, որ ինքը չի կարող ո՛չ ազդել Փաշինյանի վրա, ո՛չ էլ փոխել Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը: Բայց այդ դեպքում ավելի ճիշտ կլինի ընդհանրապես խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ փակել դեսպանատունը, այն, ինչ, օրինակ, արել է Ուկրաինան կամ Վրաստանը: Փաշինյանը գնում է հենց այդ ճանապարհով, երեւի Արսենյանին դրա համար է խնդրում՝ եւս մեկ տարի մնալ Մոսկվայում, որ փակի դեսպանատան դռները եւ բանալիները հանձնի Փաշինյանին: