«Հրապարակ»․ 6 ամիս «լռված» գործ․ Նալբանդյանը չի հարցաքննվել, փոխարենը՝ բիզնեսն աճել է

«Հրապարակ»․ 6 ամիս «լռված» գործ․ Նալբանդյանը չի հարցաքննվել, փոխարենը՝ բիզնեսն աճել է

Sat, 05 Sep 2026 10:45:40 +0400


Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել դեռեւս փետրվարի 26-ին։

«Հրապարակ»-ի հարցին ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից, սակայն չմանրամասնեցին, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է հարուցվել վարույթը, եւ որ մարմինն է իրականացնում նախաքննությունը։ Այս հրահանգն իրավապահներին, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը վաղուց էր տվել:

Մեր տեղեկություններով, իրավապահներն ուսումնասիրում են, թե ինչպես է Նարեկ Նալբանդյանի «88» սուպերմարկետների ցանցը գործում, արդյոք առկա՞ են հանցակազմի տարրեր, թե՝ ոչ, ինչպես նաեւ՝ ինչպես է ստացվել, որ ինչ-որ գործող սուպերմարկետ փակվել է, իսկ դրա փոխարեն բացվել է «88»-ը։ Սակայն անցած վեց ամիսների ընթացքում նորահայտ գործարարին, ըստ մեր տեղեկությունների, չեն կանչել, չեն հարցաքննել։ Ի դեպ, սա էլ է նորություն քրեական իրավունքի պատմության մեջ` վարույթի սուբյեկտը վերջինն է իմանում, որ իր հետ կապված քննություն է գնում: Ամեն դեպքում, Նալբանդյանի վերաբերյալ վարույթը, կարծես թե, իրավապահների դարակում «լռվել է»։ Ավելին՝ «88» ցանցի որեւէ մասնաճյուղի գործունեություն չի կասեցվել, այս ընթացքում ցանցն աճել է, Նալբանդյանը նոր օբյեկտներ է գնել ու ընդարձակել բիզնեսը։ Մենք տեղեկացանք, որ միայն մի քանի հացաբուլկեղենի արտադրամաս, որոնք գործում են «88» սուպերմարկետների տարածքում, կասեցվել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։

Մինչ իրավապահները շարունակում են ուսումնասիրել Նալբանդյանի բիզնես գործունեությունը, գործարարը վերջին վեց ամիսների ընթացքում շարունակել է ընդլայնել իր կարողությունը եւ ակտիվները։ Նա առնվազն երկու խոշոր ձեռքբերում է կատարել։ Հուլիսին հայտնի դարձավ, որ ձեռք է բերել «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան, իսկ սեպտեմբերի 3-ին հրապարակվեց, որ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն ձեռք է բերել տարիներ շարունակ չգործող «Հրազդանցեմենտ» գործարանի գույքային համալիրը։

Բաց աղբյուրներում հրապարակված տվյալների համաձայն՝ գործարար Նարեկ Նալբանդյանի ունեցվածքն ու բիզնես ակտիվները ներառում են «Նալբանդյան» ապրանքանիշի օղու արտադրությունը, Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, Սեւանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը, Հաղթանակի զբոսայգու հարեւանությամբ գտնվող՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի մի մասը, Նոր Հաճնի «Շողակն» ադամանդի գործարանը, «Շիրակ» թռչնաֆաբրիկան, Մասիսում եւ Արտաշատում գործող ալրաղացները, տրանսպորտային ընկերություններ, «Նալբանդյան ալյուր», «Գյումրի հավկիթ» եւ «Նոր Լուսակերտ հավկիթ» ընկերությունները, «Ծիրան», «Օազիս» եւ «Էյթի Էյթ» (88) սուպերմարկետների ցանցերը, ավելի քան 200 բեռնափոխադրող մեքենայից բաղկացած ավտոպարկը, «AquaYan» խմելու ջրի գործարանը եւ այլ ձեռնարկություններ։ Նա մեծ վարկային պարտավորություններ ունի բանկերին, որոնք այս ընթացքում սիրահոժար նոր վարկեր են նրան տրամադրել:

Նարեկ Նալբանդյանը կրկին հայտնվեց հանրային ուշադրության կենտրոնում հինգշաբթի օրը՝ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցից հետո, երբ վերջինս զայրացավ Նալբանդյանի մասին ասված «ձեր սրտի օլիգարխ» արտահայտությունից եւ հայտարարեց, որ եթե պարզվի, որ Նալբանդյանը փորձել է իր բիզնեսները կապել վարչապետի ընտանիքի անվան հետ, դաժանաբար կպատժվի։ Նրա խոսքով՝ եթե Հայաստանի տնտեսական դաշտում կա մեկը, որն իրեն եւ իր ընտանիքին «նյարդայնացնում է ահավոր ձեւի» եւ անցել է տանելիության բոլոր սահմանները, դա հենց Նարեկ Նալբանդյանն է։

Փաշինյանի ճեպազրույցից անմիջապես հետո սարսափահար Նարեկ Նալբանդյանը հանդես եկավ` հայտարարելով, որ իր անունն ու բիզնես գործունեությունը տարբեր ժամանակներում փորձել են կապել ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի, այնպես էլ նախկին իշխանությունների հետ, սակայն ինքը նման կապեր չունի եւ իր ներդրումային ու բիզնես որոշումների համար անձամբ է պատասխանատվություն կրում։ Նալբանդյանը, փոխանակ վիրավորվեր իր հասցեին Փաշինյանի ասած կոշտ արտահայտություններից, ողջունեց նրա դիրքորոշումը, որ գործարարները չպետք է իրենց գործունեությունը կապեն իշխանության ներկայացուցիչների կամ նրանց ընտանիքների անվան հետ: Եվ իր բիզնեսն էլ որեւէ քաղաքական ընտանիքի հետ առնչություն չունի։ Գործարարը նաեւ շտապեց ապացուցել, որ նախկինում էլ է ինքը հերքել Փաշինյանների ընտանիքի հետ կապ ունենալու մասին լուրերը, եւ մեկ տարի առաջվա հարցազրույց հրապարակեց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը Sat, 07 Nov 2026 23:45:31 +0400 Tesla-ի…

6 ժամ ago

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել Sat, 07…

6 ժամ ago

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը

Իրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունը Sat, 07 Nov 2026 23:23:30 +0400 Իրանը…

7 ժամ ago

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը Sat, 07 Nov 2026 23:07:56 +0400 Հոսքային…

7 ժամ ago

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին

Կմարմնավորի լեգենդար մարդասպանին Sat, 07 Nov 2026 23:00:55 +0400 Կիանու Ռիվզը պայմանավորվել է Lionsgate-ի հետ…

7 ժամ ago

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է

«Այսօր ուժեղ, խրոխտ, անկոտրում և գեղեցիկ հայուհու հայացքով դիմավորեց մեզ». Անիի ծննդյան օրն է Sat,…

7 ժամ ago