Միջազգային քաղաքականությունը, ի տարբերություն հայկական «խոհանոցի», «շվեդական» սեղան չէ, որտեղ կարելի է ամեն ինչ համտեսել
Sat, 05 Sep 2026 18:15:43 +0400
Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովում աշխարհի տարբեր բևեռների առաջնորդները խոսեցին բազմաբևեռ աշխարհի, անվտանգության, տնտեսական համագործակցության ու նոր աշխարհակարգի մասին։ Բայց Հայաստանի համար այդ մեծ աշխարհաքաղաքական թատրոնի ամենահետաքրքիր տեսարանը, թերևս, Պուտին–Փաշինյան հանդիպումն էր։ Նրանց զրույցը առաջին հայացքից անցավ բարեկամական մթնոլորտում։ Փաշինյանը հանդիպումից հետո այն նույնիսկ անվանեց «շատ լավ» և հայտարարեց, որ պայմանավորվել են շարունակել «անկեղծ և կառուցողական» զրույցը Մոսկվայում։ Նա նաև ասել է, որ հայ-ռուսական հարաբերությունները երկու երկրների համար չափազանց կարևոր են, սակայն նոր պայմաններում դրանք պետք է «վերաձևակերպվեն»։ Այսքանը՝ «ժպիտների» մասով։
Քաղաքականության մեջ ժպիտից ավելի կարևոր է այն, ինչ է թաքնված ժպիտի խորքում։ Մինչդեռ հարցերը սառը էին։ Հանդիպման առանցքային թեման Հայաստանի եվրոպական ուղղությունն էր։ Պուտինը Փաշինյանին ուղիղ հասկացնել տվեց, որ Մոսկվային անհրաժեշտ է հստակություն։ Եթե Հայաստանը սկսում է ԵՄ-ին անդամակցության գործընթաց, Ռուսաստանի ընկալմամբ դա նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց, քանի որ երկու տնտեսական միավորումներում միաժամանակ անդամակցությունը համատեղելի չէ։
Փաշինյանը, իր հերթին, շեշտեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին պաշտոնական ծանուցում չի արել։ Իսկ Պուտինի պատասխանը, ըստ հրապարակված խոսակցության, հետևյալ տրամաբանությունն ուներ․ եթե մի երկիր սկսում է տնտեսական այլ կազմակերպությանն անդամակցելու գործընթաց, դա արդեն պարզապես «մտադրություն» չէ։ Այսինքն, «չի կարելի մի ոտքով կանգնել ԵԱՏՄ-ում, մյուսով՝ ԵՄ-ի դռան շեմին և ձևացնել, թե երկու ոտքերն էլ նույն «կոշիկի» մեջ են»։
Փաշինյանը հասարակությանը ներկայացնում է եվրոպական ինտեգրումը որպես ռազմավարական ուղղություն։ Միաժամանակ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, իսկ Ռուսաստանի հետ տնտեսական կապերը շարունակում են կարևոր դեր ունենալ։ Պուտինը հենց սա էր ասում, խոսելով նաև ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի տնտեսական օգուտների մասին։ Նա նշել է, որ Հայաստանի ՀՆԱ-ն ԵԱՏՄ-ին անդամակցելու տարիներին աճել է երեք անգամ, իսկ միության երկրներ արտահանումը՝ տասնապատկվել։ Միով բանիվ, ասում է. «Դուք օգտվում եք համակարգից, բայց քաղաքականապես գնում եք ուրիշ համակարգի դուռը։ Որքա՞ն ժամանակ է կարելի երկու դռների բռնակները միաժամանակ բռնած մնալ»։ Հանդիպումից հետո Փաշինյանը չասաց, որ կողմերը տարաձայնություններ ունեն։ Չասաց, որ Մոսկվայի հետ հարաբերությունների ապագան կախված է ԵՄ-ի վերաբերյալ Երևանի որոշումից։ Փոխարենը խոսեց հարաբերություններն «ավելի լավ, կառուցողական, փոխշահավետ և ջերմ» դարձնելու մասին։ Այստեղ կարելի է ժպտալ, թեև տխրելն ավելի կհամապատասխաներ իրերի դրությանը: Որովհետև եթե հանդիպումից հետո կողմերից մեկն ասում է՝ «շատ լավ հանդիպում էր», իսկ մյուսը ուլտիմատում է տալիս. «դուք պետք է որոշեք՝ ինչ եք ուզում, որպեսզի մենք հասկանանք՝ հետո ինչպես ենք կառուցելու հարաբերությունները», ապա ակնհայտ է, որ երկուսի «շատ լավը» նույն բառարանի նույն էջում չէ։
Մի դիտարկում էլ՝ Պուտինի խոսքերից չի հետևում, որ Ռուսաստանը ցանկանում է խզել հարաբերությունները Հայաստանի հետ։ Ընդհակառակը՝ նա խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների շարունակման և դրանց հետագա կառուցման մասին։ Այսինքն՝ Մոսկվան, կարծես, ասում է. «Ընտրությունը ձերն է, բայց ընտրությունը կատարելուց հետո մենք էլ մեր հարաբերությունների ձևաչափը կհաշվարկենք»։ Սա սպառնալիք չէ, բայց մոտ է դրան եւ հենց այդ պատճառով էլ Բիշքեկի հանդիպումը պետք է ավելի լուրջ ընկալել, քան պարզապես երկու ղեկավարների հերթական բարեկամական լուսանկարը։
Դիվանագիտությունից ու պետական մտածողությունից զուրկ մարդն անգամ կարող է հասկանալ, որ սա այլևս դիվանագիտություն չէ, սա մի քիչ նման է երկու գնացքի տոմս ունենալուն և երկուսի գնացքավարներին էլ վստահեցնելուն, որ հենց իրենց գնացքով ես մեկնելու։ Բայց միջազգային քաղաքականությունը, ի տարբերություն հայկական «խոհանոցի», «շվեդական» սեղան չէ, որտեղ կարելի է բոլոր ճաշատեսակները միաժամանակ վերցնել և հետո որոշել՝ որն էր ավելի համեղ։
Բիշքեկում աշխարհի խոշոր պետությունները քննարկում են՝ ինչպես կառուցել նոր բազմաբևեռ աշխարհը։ Հայաստանը փորձում է հասկանալ՝ ինչպե՞ս կարելի է միաժամանակ եվրոպական ու եվրասիական լինել։ Թվում է՝ մենք դեռ փորձում ենք երկու աշխարհների միջև ոչ թե կամուրջ կառուցել, այլ երկու աթոռի միաժամանակ նստել։
Իսկ հայ ժողովուրդն ի՞նչ կստանա «նիկոլական» քաոսից: Դա կարծես միահեծանին բոլորովին չի հետաքրքրում: Եթե Հայաստանը գնում է դեպի Եվրոպա, մենք ուզում ենք հստակ իմանալ՝ մեր ժողովուրդն ինչ է ստանալու, ինչ է կորցնելու, ինչ ժամկետներում և ինչ գնով։ Ժողովրդին չի կարելի տարիներով պահել քաղաքական «միգուցե»-ների աքցանի մեջ։
Մենք չգիտենք՝ փակ դռների հետևում ինչ են իրականում պայմանավորվել։ Եվ հենց սա է հանդիպման ամենամեծ առեղծվածը։ Հրապարակային հատվածից մենք տեսնում-իմանում ենք երկու բան.Պուտինը՝ հստակություն է ուզում։ Փաշինյանը՝ ժամանակ է ուզում։ Փաշինյանը պատասխանում է՝ դեռ ժամանակը չի հասունացել։ Եվ հետո դուրս է գալիս ու ասում՝ «շատ լավ հանդիպում էր»։ Հենց այստեղ էլ Բիշքեկի հանդիպման ամբողջ քաղաքական հեգնանքն է։ Ժպիտները ջերմ էին։ Ձեռքերը սեղմվում էին։ Իսկ սեղանի վրա Փաշինյանական «քարտեզի» վրա երկու սլաք էր երևում՝ մեկը դեպի Բրյուսել, մյուսը՝ դեպի Մոսկվա։ Եվ Բիշքեկում ոչ թե որոշումը կայացվեց, այլ որոշման պահը մոտեցավ։