«Հրապարակ»․ Գորիսում համայնքապետի թեկնածու են փնտրում
Tue, 08 Sep 2026 08:20:12 +0400
Մեր տեղեկություններով, Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը մերժել է ՔՊ-ի՝ հոկտեմբերի 25-ին Գորիսի ընտրություններում իշխանական ցուցակը գլխավորելու առաջարկը։ Բոլոր հարցումներով Պողոսյանն է տարածաշրջանի ամենավարկանիշային թեկնածուն, ուստի որոշել են նրան առաջադրել:
Առաջարկը, ըստ մեր աղբյուրի, արվել է Սուրեն Պապիկյանի եւ Գեւորգ Պապոյանի կողմից, սակայն Պողոսյանը պատճառաբանել է, թե տարիքն առել է, հավես չունի, կօգնի, որ երիտասարդները հաղթեն՝ թերեւս նկատի ունենալով քրոջ որդուն՝ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցին, որն առաջադրվելու մեծ նկրտումներ ունի։ Մելիքսեթ Պողոսյանն իրականում, ասում են, նեղացած է իշխանությունից․ շաբաթներ առաջ նա ընկավ Պապիկյանի ազատումների ալիքի տակ, երբ բանակում հերթական ինքնասպանությունից հետո ազատեցին ՌՈ պետին եւ նախարարի խորհրդականներին: Այս պահին Գորիսի մասով դեռ որոշում չկա, ՔՊ-ն ուզում է Առուշ Առուշանյանի հետ քողարկված դաշինքով մասնակցել, քանի որ Առուշը բացահայտ դաշինքին կողմ չէ: Չնայած նրա կապն իշխանությունների հետ վաղուց է բացահայտվել, բայց նրան թվում է, թե դեռ կարող է երկու լարի վրա խաղալ։