Ինչ իրավիճակ է Բյուրեղավանում
Tue, 08 Sep 2026 20:45:11 +0400
Բյուրեղավանում վերջին 4 ամսվա ընթացքում մասսայական թունավորման երրորդ դեպքն է արձանագրվել։ Առաջին ահազանգերը ստացվել են սեպտեմբերի 6-ին։ Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության են դիմել նախնական տվյալներով 6 քաղաքացի: Նրանցից 3-ը բուժօգնություն է ստանում ինֆեկցիոն բաժանմունքում, մյուսներին ցուցաբերվել է ամբուլատոր բժշկական օգնություն։
Մեզ հետ զրույցում «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը հայտնեց, որ նախորդ գիշեր հինգ ահազանգ է եղել քաղաքացիների կողմից, իսկ այսօր մեկ անձ դիմել է բուժօգնության։
Հայտնեց նաեւ, որ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի մասնագետները «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ իրականացնում են նմուշառումներ՝ ինչպես բժշկական օգնության դիմած անձանց բնակության, այնպես էլ քաղաքի այլ հասցեներում, կատարվելու են նաև կենսանմուշների հետազոտություններ, որոնց արդյունքները պարզ կլինեն 4 օրից։