Պուտանկի սրտիկ

Պուտանկի սրտիկ

Thu, 10 Sep 2026 14:08:14 +0400


Լևոն Ջավախյան

ՊՈՒՏԱՆԿԻ ՍՐՏԻԿ

Մեկ տարուց ավել չէի գրում։ Յոթանասունյոթիս էի մոտենում։ Կարծում էի` վերջ, դբա մահն եմ գնում։ Մեկ էլ, թե ո՞նց` բառը բառի ետևից եկավ ու նախադասությունները գլորվեցին զուլալ առվի պես։ Պարզվում է, չէ’, ապրում եմ։ Կապրեմ, քանի դեռ գրում եմ…
Եվ այսպես:

Մեր քաղաքում կար-չկար մի պուտանկա կար։ Ի տարբերություն պետական այրերի, որ ամեն առավոտ էին սրտիկ ցույց տալիս, նա օրնիբուն էդ գործի վրա էր. բութ մատներով ու ցուցամատերով էնպիսի մի սրտիկ էր շրջանակում, որ հազար վարչապետ էլ լիներ, նրա սիրո չափը չէր կարող պատկերել։ Ասենք, պետական գործչի գործը բարդ էր, նա ամբողջ ժողովրդին էր սիրում, իսկ ինքը ընդամենը, անհատապես, պատահական մարդկանց։

Ես էդ գործում փորձ չունեի։ Թարսի պես, որ ճամփով էլ գնում էի` էդ պուտանկեն դեմս էր ելնում։ Երկու ձեռքով առաջ պարզած սրտիկը լայն բացում էր ու մեջից նույնպիսի լայնությամբ ժպտում։ Աչքերի մեջ և սեր կար, և կիրք, բայց ամենից շատ գայթակղող հրավեր։ Դա նրա կյանքում ոչինչ չէր փոխել, առավել ևս, իմ կյանքում։ Նույն էշն էի, առանց որևէ ցանկության։

Օրը շոգ էր, ճռճռան արև, համատարած ծուլություն։ Պուց քունելու հավես անգամ չկար։ Իսկ նա դեմս տնկվել, ուր որ է` սրտիկը քիթս էր կոխում։ Փորձված պուտանկա էր, և ոչ անփորձ էն բոխչա կոնքերով կանանց պես, ովքեր ամեն առավոտ վարչապետի սերը փոխադարձելու ցանկությամբ բութ մատով ու ցուցամատերով մի ահռելի անցք էին բացում։ Իսկ սրտիկը չէր ստացվում ու չէր ստացվում։ Դրա համար փորձ էր պետք, անհագ ցանկություն ու կիրք, կիրք, չբավարարվող կիրք։ Դրան հասնելու համար պիտի պուտանկա լինեիր։ Դե նրանք սովորական կանայք էին, առտնին տնական զգացումներով, որոնց համար մի տղամարդն անգամ շատ էր։ Նրանց առաջ էր մղում վարչապետի նկատմամբ տածած հավելյալ, պլատոնական սերն ու պետության գիտակցումը։ Պուտանկինը ուրիշ էր։ Նրա գործը անգործ չմնալու մեջ էր։

Դրա համար ջանք ու եռանդ չէր խնայում. շրջազգեստը քշտել էր մինչև զիստերը, անխնա բացելով մարմնական բարեմասնությունները։ Դեմքի մասին էլ չեմ խոսում. դա մի նկար էր նկարի վրա, և որ ճիշտ է` պատկերի վրա, «պաժառնի» կարմիր, հյութեղ, ուռցրած պռոշներով, դեղձանման դեղնակարմիր այտերով, մացառուտի պես անվերջ երկարող սև թարթիչներով, աշխարհին հարցական նայող հոնքերով ու դրանց տակ թաքնված բոց աչքերով։ Խաղեր էր, որ տալիս էր. մեկ շուրթերը ձգում` օդային համբույր էր հղում, մեկ փեշը բարձրացնում ու տակից երևան բերում վարդագույն տրուսիկը, որը, մեր մեջ ասած, բոց էր, բոց, կարմիր հրացոլք…

Բա կրծքերը, կրծքերը, ոնց որ ջայլամի շարմաղ, սպիտակ ձվեր… Հագինը ծաղկավոր շրջազգեստ էր։ Մի բան, որ հաստատ էր. «Իրական ծաղիկները էդ շրջազգեստի տակ էին»։ Շան աղջիկը ամեն ինչ անում էր, որ ձեռքս տանեի էդ ծաղիկներին… Ամեն ինչ անում էր, որ սիրտդ վանդակից հաներ, հյութերդ մեջիցդ քամեր, որ ի վերջո ամեհի ազդրերի մեջ եղած-չեղածդ խեղդամահ աներ։ Մի խոսքով, կատարյալ սրտակեր անասուն։ Ողջ կյանքում եղել էի կնոջս հավատարիմ, հնազանդ` հեզ, իբրև բանող եզ… Կյանքումս մի կնոջից ավել ոչ ոքու հետ չէի եղել… Թե ու՞մ էր պետք էդ կյանքը… Էսքանից հետո ինձ թվում էր, եթե լուծը ծռեմ, կարո՞ղ ա, չէ՞, ինչ-որ վատ բան լիներ։ Մինչև հիմա հալալ ապրել էի, ամեն ինչ իր հունով էր գնացել, բարեհաջող… Բայց ախր, շան աղջիկը գայթակղում էր. սիրտս արքայություն էր ուզում, հոգիս տոն էր ուզում, տոն, բայց ոգիս զնդանի մեջ էր, աներևույթ շղթայով շղթայված։ Երկու կրակի մեջ էի, սակայն հավասարակշռությունս գնալով կոտրվում էր։ Մեջս հրաբուխ էր հասունանում։ Կիրքս հորձանք էր տալիս։ Հոգիս էլի տոն էր ուզում, տոն, բոցեղեն վայելք… Ռուբիկոնը անցնել էր պետք։ Սակայն ես Հուլիոս Կեսարը չէի։ Ես ընդամենը Լևոն Ջավախյանն էի:

Ի՞նչ անել…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է Sat, 14 Nov 2026 00:08:13 +0400 ՀՀ փոխվարչապետ Մհեր…

3 ժամ ago

Թագուհին դարձել է փոխգնդապետ

Թագուհին դարձել է փոխգնդապետ Fri, 13 Nov 2026 23:55:43 +0400 Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի կինը՝ թագուհի…

3 ժամ ago

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները

Քլոե Քարդաշյանը խզել է նախկին ամուսնու հետ հարաբերությունները Fri, 13 Nov 2026 23:45:41 +0400 Քլոե…

3 ժամ ago

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ

Վիկտորյա Բեքհեմը փորձում է հաշտվել որդու հետ Fri, 13 Nov 2026 23:30:37 +0400 Վիկտորյա Բեքհեմը…

4 ժամ ago

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի

Ինչու է տրամադրությունը վատանում աշնանը և ձմռանը և երբ արժե դիմել բժշկի Fri, 13 Nov…

4 ժամ ago

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը

Արսեն Գևորգյանի մահը, դատավորի ինքնաբացարկ և ՔԿԾ-ի պարզաբանում․ Օրվա թոփ լուրերը Fri, 13 Nov 2026…

4 ժամ ago