Հայտարարության իմաստը «կհեռանանք»-ը չէ, այլ՝ «Հայաստանը պատրա՞ստ է դրան»

Հայտարարության իմաստը «կհեռանանք»-ը չէ, այլ՝ «Հայաստանը պատրա՞ստ է դրան»

Mon, 14 Sep 2026 15:15:59 +0400


Պուտինի հայտարարությունը՝ 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու պատրաստակամության մասին բազմաշերտ էր, «Հրապարակի» հետ զրույցում ասում է միջազգայնագետ, քաղաքական վերուծաբան Դավիթ Կարապետյանը: «Ի՞նչ է իրականում Հայաստանի համար նշանակում Պուտինի այս հայտարարությունը: Սա առաջին հերթին քաղաքական ուղերձ է, ոչ թե անմիջապես դուրսբերման որոշում։ Ռուսաստանը փաստացի ասում է Երևանին, որ եթե դուք այլևս չեք ցանկանում ռուսական ռազմական ներկայությունը, մենք չենք պատրաստվում այն ուժով պահել։

Սակայն դրանով Մոսկվան նաև պատասխանատվության մի մասը տեղափոխում է Երևանի վրա, եթե ռազմաբազան դուրս է գալիս, ապա հետագայում անվտանգության հետևանքների պատասխանատվությունը Հայաստանի որոշման հետ է կապվելու։ Սա հատկապես կարևոր է, որովհետև ընդամենը ամիսներ առաջ ռուսական կողմը խոսում էր 102-րդ բազայի գործունեությունը շարունակելու մասին, իսկ Շոյգուն նույնիսկ հայտարարել էր, որ դրա փակման նախադրյալներ չի տեսնում։ Պուտինի հայտարարության ամենակարևոր մասը նույնիսկ «կհեռանանք»-ը չէ, այլ՝ «Հայաստանը պատրա՞ստ է դրան» ենթատեքստը։ Մոսկվան փորձում է հասկանալ՝
Հայաստանը իրո՞ք պատրաստ է ռուսական ռազմական ներկայությունից հրաժարվել, ունի՞ արդյոք այլընտրանքային անվտանգության համակարգ, և եթե ունի՝ ո՞վ է լինելու այդ համակարգի իրական ռազմական երաշխավորը։

Սա շատ ավելի լուրջ հարց է, քան պարզապես Գյումրիի ռազմաբազայի ճակատագիրը»,-ասաց Կարապետյանը:
Միջազգայնագետը նկատում է, որ Փաշինյանի պատասխանը նույնպես շատ կարևոր է: Իսկ Փաշինյանը հայտարարեց, որ եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել բազան, Հայաստանը չի առարկի, բայց եթե Ռուսաստանը ցանկանա մնալ, Երևանը պատրաստ է քննարկել նաև այդ տարբերակը։ Նա նաև ասաց, որ 102-րդ բազայի հարցը Պուտինի հետ չի քննարկվել և Հայաստանը դրա դուրսբերման հարցը չի բարձրացրել։

«Սա նշանակում է, որ այս պահին չկա հրապարակված որոշում բազան դուրս բերելու մասին։ Բայց քաղաքական իմաստով տեղի է ունեցել շատ կարևոր բան. 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերումը Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների պաշտոնական օրակարգ մտավ՝ նախագահի մակարդակով։ Եթե ռազմաբազայի դուրսբերումը տեղի ունենա առանց փոխարինող անվտանգության համակարգի, իրավիճակը Հայաստանի համար կարող է շատ վտանգավոր լինել: Հենց այստեղ է խնդրի ամենակարևոր մասը։ Ռուսական բազայի դուրսբերումը ինքնին դեռ չի նշանակում, որ հաջորդ օրը Հայաստանը դառնում է անպաշտպան։ Բայց այն նշանակում է, որ Հայաստանի անվտանգության ճարտարապետության մեջ առաջանում է ռազմական ներկայության և զսպման մեծ բաց, որը պետք է ինչ-որ կերպ լրացվի»,-շեշտում է վերլուծաբանը:

Նա զարգացման երեք հիմնական սցենար է տեսնում, որոնցից առաջինի դեպքում ռուսական ռազմաբազան շարունակում է մնալ Հայաստանում, և սա ամենաքիչ ցնցում ենթադրող տարբերակն է: Այս պարագայում Հայաստանը շարունակում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց փորձում է զուգահեռաբար զարգացնել կապերը ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի և այլ գործընկերների հետ։

Այս դեպքում Հայաստանը ստանում է բազմավեկտոր անվտանգության համակարգ։ Երկրորդ սցենարի դեպքում Ռուսաստանը դուրս է բերում ռազմաբազան ՀՀ տարածքից, բայց Հայաստանը դրան փոխարինող նոր անվտանգության համակարգ է ստեղծում: Դրա համար Հայաստանը ստիպված կլինի արագ զարգացնել՝ սեփական զինված ուժերը, ՀՕՊ-ը, հետախուզությունը, անօդաչու համակարգերը, սահմանային պաշտպանությունը, Ֆրանսիայի, Հնդկաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցությունը։
Այս դեպքում ռուսական բազայի դուրսբերումը կարող է երկարաժամկետ առումով չվերածվել անվտանգության աղետի, եթե փոխարինող համակարգը իրականում ստեղծվի։ Երրորդ սցենարի դեպքում Ռուսաստանը դուրս է բերում 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից, բայց փոխարինող ուժեղ անվտանգության համակարգ չի ստեղծվում։ «Սա ամենավտանգավոր տարբերակն է։ Այդ դեպքում Հայաստանը կարող է հայտնվել մի իրավիճակում, որտեղ նախկին ռուսական ռազմական զսպման գործոնը չկա, իսկ նոր անվտանգության երաշխիքը դեռ ձևավորված չէ։ Եվ հենց այդ «միջանկյալ ժամանակահատվածն» է ամենավտանգավորը։ Բայց կա ևս մեկ շատ կարևոր հանգամանք: 102-րդ ռազմաբազան միայն Գյումրիի զորամասը չէ։ Դրա համակարգում է նաև Երևանի «Էրեբունի» ավիաբազան։ Ուստի ամբողջական դուրսբերումը կնշանակի ոչ միայն Գյումրիում ռուսական զորքի հեռացում, այլև Հայաստանի օդային և ռազմական տարածաշրջանային հավասարակշռության փոփոխություն։

Դրա համար ես Պուտինի հայտարարությունը կգնահատեի ոչ թե որպես՝ «ռուսները գնում են», այլ որպես՝ Մոսկվան առաջին անգամ շատ բարձր մակարդակով բացահայտեց, որ պատրաստ է քննարկել Հայաստանում իր ռազմական ներկայության ավարտը և միաժամանակ Երևանին փոխանցեց՝ եթե դուք ընտրում եք այդ ճանապարհը, պետք է պատրաստ լինեք դրա հետևանքներին։ Այս հայտարարության մեջ կա մեկ այլ հետաքրքիր հանգամանք, Պուտինի հայտարարությունը հնչեց Փաշինյանի հետ հանդիպումից հետո, մինչդեռ Փաշինյանը պնդում է, որ բազայի դուրսբերման հարցն իրենց հանդիպման ընթացքում չի քննարկվել։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Պուտինը հենց այդ պահին հրապարակայնորեն բարձրացրեց 102-րդ բազայի հարցը։ Իմ գնահատմամբ՝ սա կարող է լինել ոչ միայն Հայաստանի հասցեին ուղերձ, այլև Ռուսաստանի կողմից տարածաշրջանի մյուս խաղացողներին՝ հատկապես Թուրքիային և Ադրբեջանին, ուղարկված ազդանշան»,-եզրափակեց Դավիթ Կարապետյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ պատերազմի են գաղտնի պատրաստվում ԵՄ-ում

Ինչ պատերազմի են գաղտնի պատրաստվում ԵՄ-ում Thu, 08 Oct 2026 04:00:44 +0400 Եվրամիության երկրները գաղտնի…

44 րոպե ago

Թուրքիայի հյուրանոցները չեն ընդունում միայնակ տղամարդկանց

Թուրքիայի հյուրանոցները չեն ընդունում միայնակ տղամարդկանց Thu, 08 Oct 2026 03:00:58 +0400 Թուրքիայում հյուրանոցները մասսայաբար…

2 ժամ ago

Թուրք դերասանուհու դեմ հետաքննություն է սկսվել․ ինչում է նա մեղադրվում

Թուրք դերասանուհու դեմ հետաքննություն է սկսվել․ ինչում է նա մեղադրվում Thu, 08 Oct 2026 02:30:16…

2 ժամ ago

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն ավարտում է կարիերան

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնն ավարտում է կարիերան Thu, 08 Oct 2026 02:00:39 +0400 Իսպանացի ֆուտբոլիստ…

3 ժամ ago

Հերթական դրամական աջակցությունն է տրամադրվել Ուկրաինային

Հերթական դրամական աջակցությունն է տրամադրվել Ուկրաինային Thu, 08 Oct 2026 01:30:42 +0400 Ուկրաինան ստացել է…

3 ժամ ago

Մահապատժի է ենթարկվել 28-ամյա երիտասարդ

Մահապատժի է ենթարկվել 28-ամյա երիտասարդ Thu, 08 Oct 2026 01:00:24 +0400 Իրանում մահապատժի են ենթարկել…

4 ժամ ago