Նիկոլն ազատվեց երկրորդ հավանական մրցակցից
Mon, 14 Sep 2026 17:15:16 +0400
Արդեն նախկին ԱԽՔ Գրիգորյան Արմենի հուշագրության վերաբերյալ հոդվածը հրապարակելուց հետո ծագեց բնական մի հարց: Իսկ ինչո՞ւ, այնուամենայնիվ, Նիկոլը պաշտոնանկ արեց փողոցային պայքարի իր ընկերոջը: Եվ հատկապես ինչո՞ւ դա արեց այս օրերին: Եթե ենթադրենք, որ Արմենը չխառնվեց քարոզարշավին ու պատժվեց դրա համար, սխալ չի լինի: Բայց հենց միայն դրա համար զրկվել Արմենի նման հավատարիմ արևմտամետ կադրից, մի քիչ համոզիչ չէ: Նույնիսկ հաշվի առնելով, որ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրիկն էր ստիպված մասնակցել քարոզարշավիբն: Բայց նա դա արել էր իր ծննդավայրում ու տապալել էր այն: Արցախցի Արմենի ծննդավայրը արդեն քանի տարի նվիրվել է թշնամուն: Խնդիր չէր նաև Արմենի արևմտամետությունը. ՀԱՊԿ-ի շրջանակում հանդիպումներին նրա՝ որպես ԱԽՔ, չմասնակցելը հանում էր այն:
Ներկայացնեմ Գրիգորյանի պաշտոնանկման պատճառի իմ վարկածը. Միացյալ Նահանգներում արդեն խնդիր են տեսնում հենց Նիկոլի պաշտոնավարման հետ: Նախագահ Թրամփին, բնականաբար, չպետք է դուր գար Նիկոլի խաղերը եվրոպացիների և ռուսների հետ: Իսկ նրան փոխարինողի դերում տեսնում են հենց Գրիգորյան Արմենին: Ով լավագույնս կյանքի կկոչեր այն, ինչ կհրահանգվեր այնտեղից: Հատկապես որ Արմենն էն գլխից հատուկ սեր էր տածում այդ երկրի նկատմամբ: Ինչը որպես նախկին ՀԿ-ական (հասարակական կազմակերպության) գործընկեր եմ ասում: Ինչ «մեղքս» թաքցնեմ. այդ տարիներին բոլորս էինք այդպես մտածում: Չմոռանանք, որ, նախ, Արևմուտքը մեր երազանքն էր, և երկրորդ՝ համարյա բոլոր ՀԿ-ները ֆինանսավորվում էին Արևմուտքից՝ ԵՄ-ից, եվրոպական երկրներից ու ԱՄՆ-ից:
Ինչևէ, վերադառանալով Արմենին՝ ասեմ, որ Նիկոլը կարող էր իմանալ նման ինչ-որ երևույթի առկայության մասին: Դա կարող է նույնիսկ այս օրերի համար լուրջ չլինել, բայց վախի աչքերը, ինչպես ասվում է, մեծ են: Եվ վարչապետի աթոռից կառչած Փաշինյանը որոշել է էն գլխից ապահովագրել իրեն նման բնույթի զարգացումներից: Ի դեպ, այդ վարկածի օգտին է վկայում այն հանգամանքը, որ Արմենը գործազուրկ մնաց ընդամենը մեկ-երկու օր: Շատ արագ նրան աշխատանքի վերցրին ամերիկյան ֆինանսավորմամբ գործող «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությունում:
Եթե չեմ սխալվում, հենց «Հրապարակ»-ն էր գրել, որ պաշտոնանկությունն այնքան անսպասելի է եղել իր համար, որ նեղ շրջապատում խոստովանել է, որ քեռին՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը (Մոսի) ժամանակին զգուշացրել է, որ Նիկոլը կօգտագործի իրեն ու հետո դեն կնետի: Ինչպես դա արվել էր գեներալի նկատմամբ: Բայց Գրիգորյանի հետ պատահածը նման չէր գեներալի հետ պատահած դեպքին: Այն ավելի շատ նման էր 2018-ի փողոցային պայքարի մեկ այլ ընկերոջ՝ Դավիթ Սանասարյանի հետ տեղի ունեցածին: Ով իր հեղինակությամբ 2018-ի իշխանափոխության դերակատարներից երկրորդն էր, բնականաբար, «դուխով» Նիկոլից հետո: Եվ նրա իրական մրցակիցը՝ հաշվի առնելով, որ նրա թիկունքին առկա էր կազմակերպված ուժ՝ քաղաքացիական հասարակությունը կամ ՀԿ-ները: Կար մեկ այլ պատճառ ևս՝ Դավիթը փորձեց իսկապես պայքարել պետական համակարգում առկա կոռուպցիայի դեմ: Սկզբում թիրախը նախկիններն էին, հետո չէին կարող չդառնալ գործողները:
Ու այդ պատճառով Նիկոլը նրան սկզբում պաշտոն տալով (վարչապետի վերահսկողական ծառայության պետ)՝ շատ չանցած աննշան զանցանքի համար ազատեց պաշտոնից: Եվ, իհարկե, գցեց դատավորների ձեռքը: Ինչը կատարեց ԱԱԾ այն ժամանակվա պետ Արթուր Վանեցյանի ձեռքով: Դրանից մեկ-երկու տարի անց՝ վաղուց արդեն ընդդիմադիր դարձած Վանեցյանը լրագրողներին հայտնել է, որ ՔՊ-ականների կողմից գործած՝ շատ ավելի ծանր հանցանքների դեպքում իրեն նման հրահանգ Նիկոլը չէր տալիս: Ինչը վկայում է, որ Սանասարյանի մեջ Նիկոլն էն գլխից է մրցակից տեսել ու այդ պատճառով էլ էն գլխից չեզոքացրել է այդ սպառնալիքը: Ի դեպ, վերջերս Դավիթը վերջապես ազատագրվեց բոլոր մեղադրանքներից՝ արդարացվեց: Ասեմ, որ նախկինների օրոք ընկերություն եմ արել Դավիթի հետ: Ու այս ընթացքում մի քանի անգամ փորձել եմ նրան բացատրել, թե ում և ինչու էր խանգարում ինքը: Եվ թվում է, թե ինքը վերջապես գլխի ընկավ, թե ով է եղել իր իրական թշնամին՝ Փաշինյանը, թե Վանեցյանը: Որովհետև Դավիթը տարիներ շարունակ իր խնդիրներում մեղադրում էր Վանեցյանին և ոչ թե փողոցային պայքարի իր ընկեր Նիկոլին :