Մեր ժողովրդին ստորացնում է թշնամին, հիմարի տեղ է դնում սեփական իշխանությունը
Tue, 15 Sep 2026 21:15:14 +0400
Անկեղծ ասած, զարմանում եմ ընդդիմության մտածողության վրա: Մարդիկ ողբերգություն են ապրում, որ ադրբեջանական ինչ-որ չինովնիկ եվրոպական դեսպաններին հերթական անգամ տարել է Արցախ ու մեր եկեղեցիները հերթական անգամ ներկայացրել որպես աղվանական կամ ուդիական: Բայց ուրիշ ի՞նչ էին սպասում այն ագրեսորից, որի երազանքը մեզ ընդհանրապես մեր հայրենիքից վտարելն է: Ինչն ինքը չի էլ թաքցնում ու ամեն պահի դա ի ցույց է դնում: Դա անում է թե իր երկրի քաղաքացիների և թե՛ օտարերկրացիների համար: Ուրիշ ի՞նչ է մնում նրան անելու՝ եթե նրա նպատակը այստեղից մեզ հեռացնելն է:
Ուրիշ հարց, որ դրա վրա թքած ունի մեր երկրի ղեկավարությունը: Որն, ասենք, միջազգային բազմօրյա հեծանվավազք է կազմակերպում հենց սեպտեմբերի 13-ին: Այն օրը, երբ չորս տարի առաջ թշնամին հարձակվեց մեր տարածքի վրա ու գրավեց այն՝ պատճառելով 224 զոհ: Բայց դա էլ է հասկանալի: Վարչապետի աթոռից կառչած անձը փորձում է, նախ, մեր հիշողությունից ջնջել մարդկային ու տարածքային կորուստները: Ինչպես նաև Արցախի հայաթափումը: Երկրորդ, սղալել թշնամու պատկերը, որպեսզի այն այլևս չընկալվի որպես այդպիսին: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ոչ թե նշվի զոհերի հիշատակը, այլ այն մոռացվի տեսարաններ կազմակերպելու միջոցավ: Մարդկանց զբաղեցնում են հացով և տեսարանով. այդ կանոնը մեկուկես-երկու հազարամյակ առաջ էին ձևակերպել հին հռոմեացիները:
Ասվածը նշանակում է, որ մենք պետք է կրենք այն տառապանքները, որում գտնվում ենք՝ եթե չենք կարողանում ազատվել դրա պատճառ հանդիսացած իշխանությունից: Բայց քանի որ այդ ամենի վրա մեծ հաշվով թքած ունի նաև հասարակությունը, այդ իշխանությունը շարունակվելու է վերարտադրվել: Այլապես լավագույն դեպքում միշտ կստացվի այնպես, որ ադրբեջանական ակցիային պատասխան է տրվելու գեղցիաբար: Այսինքն, ԵՄ երկրորդական մակարդակի պաշտոնյա տիկնոջը Մատենադարան են հրավիրելու՝ տնօրենի ու ԱԳ փոխնախարարի մասնակցությամբ: Որպեսզի նրան ցույց տան, որ օկուպացված Արցախում հերթական կեղծիքն է ներկայացվել: Ուզում էի գրել, որ ավելի ճիշտ կլիներ, որ դա էլ չարվեր: Բայց դա այն դեպքն է, երբ ասվում է, որ եթե սպիտակ հաց չունես՝ ստիպված ես քարացած սևն ուտել՝ թրջելով այն:
«Մենք պատշաճ կերպով պատասխանում ենք ամեն ինչի՝ ըստ անհրաժեշտության և ելնելով շահերից»,- ադրբեջանական դեպքի առումով ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ նշանակված Ռուբինյան Ռուբենը: Փաստորեն, Մատենադարանում տեղի ունեցածը պատշաճ պատասխան էր ադրբեջանցիներին: Ինչպես հասկանում եմ, Իլհամ Ալիևը մեր ժողովրդին ստորացնում է, իսկ Հայաստանի իշխանությունը՝ հիմարի տեղ դնում նույն այդ ժողովրդին: Ու ես, անկախ ինձանից, հիշում եմ, որ 2018-ի ապրիլյան օրերին մտածում էի, թե մենք խելացի ժողովուրդ ենք: Որ մենք թույլ չենք տա նույն սխալները, որ արեցին վրացիներն ու ուկրաինացիները: Սակայն կյանքն անընդհատ ստիպում է մեզ գիտակցել, որ ոչ միայն ավելի խելացի չենք, այլ, մեղմ ասած, շատ ավելի անընդունելի ենք որպես հավաքականություն: Որովհետև վրացիներն ու ուկրաինացիները սխալներ արեցին, բայց նրանք չթույլատրեցին, որ օտարը ստորացնի իրենց: Իսկ վրացիներն ավելի առաջ գնացին. նրանք թույլ չտվեցին, որպեսզի իրենց իշխանությունը հիմարի տեղ դնի իրենց: Ու ռուսների դեմ պատերազմի պարտությունից ընդամենը 4 տարի անց ազատվեցին դրա թիվ մեկ պատասխանատուից ու թիվ մեկ մեղավորից:
Իսկ մենք թույլ ենք տալիս և՛ մեկը, և՛ մյուսը: Հետագայի առումով ունենալով 2021 թվականի ընտրության փորձառությունը՝ նույնը կրկնեցինք այս տարի: Ու չեմ պատկերացնում, թե ինչ ենք անելու մինչև առնվազն 2031 թվականը՝ հաշվի առնելով, որ թշնամին անընդհատ ոչ ընդունելի պսհանջներ է դնելու մեր առջև ու միաժամանակ ստոորացնելու է մեզ օտարների աչքում: