«Հրապարակ». ՔՊ-ն վերադարձավ ավագանու «գիրկը», բայց շատ ագրեսիվ էր

«Հրապարակ». ՔՊ-ն վերադարձավ ավագանու «գիրկը», բայց շատ ագրեսիվ էր

Wed, 16 Sep 2026 10:45:42 +0400


Երկամսյա արձակուրդից հետո՝ սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ Գյումրու ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստը։ Նիստն անցավ բավականին լարված մթնոլորտում, թեեւ ընդդիմադիր չորս խմբակցությունները ներկա էին, եւ քվորումն արդեն իսկ ապահովված էր: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները շուրջ 15 րոպե ուշացումով նույնպես ներկայացան նիստին։ Հիշեցնենք․ ՔՊ-ի ավագանու անդամները վերջին մի քանի նիստերի ընթացքում պարբերաբար բոյկոտում էին այն՝ ակնհայտորեն ակնկալելով, որ իրենց բացակայության հետեւանքով քվորում չի ապահովվի, եւ ավագանին կլուծարվի։ Այդ առումով բավականին մեծ անակնկալ էր, երբ ՔՊ-ականները հայտնվեցին։

Նրանց ներկայանալուց ընդամենը րոպեներ առաջ Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ Շիրակի մարզից ընտրված պատգամավոր, գյումրեցի Ռուբեն Մխիթարյանը բարձրացրել էր այդ հարցը՝ հետաքրքրվելով, թե ինչու են Գյումրու ավագանու ՔՊ անդամները մի քանի նիստ շարունակ բոյկոտում ավագանու աշխատանքը։ Ներկայանալուն պես իշխանական խմբակցությունն անցավ հակահարձակման։ ՔՊ-ականները մեկը մյուսի հետեւից սուր բանավեճերի մեջ էին մտնում ընդդիմադիր ավագանու անդամների հետ, հակադարձում քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին։ Առանձնապես աչքի էր ընկնում ՔՊ խմբակցության ավագանու նոր ղեկավարը` Շավարշ Արամյանը, որը փոխարինել է Սարիկ Մինասյանին․ վերջինս պատգամավորի մանդատ է վերցրել եւ տեղափոխվել խորհրդարան։

Թեժ բանավեճ ծավալվեց Գյումրու շախմատի դպրոցի զեկույցի քննարկման ժամանակ։ Դպրոցի տնօրեն Մարինե Գեւորգյանը ներկայացրեց, որ շախմատի դպրոցը հիմնանորոգման կարիք ունի, եւ դպրոցի համար 75 հազար դրամ արժողությամբ դռներ են պատվիրվել։ ՔՊ-ականներին 75 հազար դրամանոց դուռը` սպորտային դպրոցի համար, բավականին թանկ հաճույք թվաց։ Նրանք նշեցին, որ դրա փոխարեն հնարավոր էր գնել 22-25 հազար դրամանոց դռներ։ Այս դիտարկմանը «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը հակադարձեց՝ նշելով, որ սպորտային դպրոցի դեպքում չարժե խնայել, իսկ 22-25 հազար դրամանոց դռների որակն իրեն շատ լավ ծանոթ է․ դրանք մի քանի անգամ բացել-փակելուց հետո կարող են շարքից դուրս գալ, եւ անգամ առաջարկեց, որ եթե իշխանական խմբակցությունն այդքան շատ է ցանկանում խնայել սպորտային դպրոցի ծախսերը, ապա ինքը պատրաստ է իր միջոցներով դռներ գնել դպրոցի համար։ Այստեղ բանավեճն ավելի սրվեց։ ՔՊ-ականներից մեկը Սիմոնյանին նետեց. «Մենք գիտենք, որ դու այս քաղաքի օլիգարխներից ես»։ Կարեն Սիմոնյանն արձագանքեց, որ ինքն օլիգարխ չէ, օլիգարխը Սամվել Ալեքսանյանն է, որը, նախկին լինելով, դարձել է ՔՊ-ի սրտի օլիգարխը, եւ լքեց նիստերի դահլիճը։

ՔՊ-ականները շարունակեցին բանավեճը քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի հետ՝ խոսելով Գյումրիում ստեղծված, իրենց բնորոշմամբ, կառավարման ճգնաժամի մասին։ Առաքելյանը հակադարձեց՝ հայտարարելով, որ քաղաքում որեւէ ճգնաժամ չկա։ Իսկ եթե, ըստ ՔՊ-ականների, ճգնաժամ կա, ապա այդ հարցը պետք է տալ գյումրեցիներին՝ արդյոք քաղաքում ճգնաժամ տեսնո՞ւմ են։ ՔՊ-ականները, սակայն, շարունակեցին պնդել, որ Գյումրիին պետք են նոր ընտրություններ։ Ի վերջո, իշխանական խմբակցությունից հնչեց առաջարկ՝ բոլորը վայր դնեն մանդատները եւ գնան նոր ընտրության։ Լսելով առաջարկը` Ավետիս Առաքելյանը հեգնեց. «Այո, պարզվում է՝ իշխանությունը նոր ընտրության գնալու բոլոր ռեսուրսներն ու մեթոդները սպառել է եւ արդեն մեզ ուղղակի ուղիղ առաջարկ է անում։ Այդ դեպքում ես էլ իմ առաջարկն եմ անում՝ կալանքից ազատեք քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, բոլորս մանդատները վայր դնենք եւ գնանք նոր ընտրության։ Ու այդ ժամանակ կտեսնենք՝ ինչ կլինի»։ Առաքելյանի այս հայտարարությունից օգտվելով՝ ՔՊ խմբակցության ղեկավար Շավարշ Արամյանը տեղից հայտարարեց, որ սա պետք է ընդունել որպես պաշտոնական առաջարկ։ «Ընդունեք որպես պաշտոնական առաջարկ»,- արձագանքեց Ավետիս Առաքելյանը։

Ամեն դեպքում, հետաքրքիր է ՔՊ-ի՝ նոր ընտրությունների գնալու պահանջը, եթե հաշվի առնենք, որ իշխանությունն այս պահին քաղաքապետի թեկնածու չունի։ Մեր տեղեկություններով՝ նախկին քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին այլեւս ՔՊ-ի թեկնածու չեն դիտարկում։ Վերջին ընտրական գործ­ընթացներից հետո նրա վարկանիշը բավականին ընկել է, իսկ նրա` ընտրողների հասցեին համացանցում արված հայհոյախառն մեկնաբանությունները դեռ քննարկվում են։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ի հավաքներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Գյումրիում այս պահին քաղաքապետի կարգին թեկնածու չկա։ Թերեւս նաեւ դա է պատճառը, որ ՔՊ խմբակցությունը սկսեց մասնակցել ավագանու նիստերին: Եթե ավագանին վաղաժամ լուծարվի, ապա ՔՊ-ն Գյումրիում հաղթելու ոչ մի շանս չունի:
Վերադառնալով նիստի օրակարգային գլխավոր հարցերից մեկին՝ հոկտեմբերին կայանալիք Գյումրու օրվա տոնակատարությանը, ապա որոշվեց հատկացնել 17 միլիոն դրամ։ Քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը վստահեցրեց, որ այս տարի աննախադեպ շքեղ տոն է լինելու։ Մեր տեղեկություններով՝ այս հարցում Գյումրիին կրկին աջակցելու է «Տաշիր գրուպ»-ը, ինչպես նախորդ տարի Գյումրու օրվա միջոցառումների, ամանորի տոների ժամանակ է արել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանի հերոս գեներալի՞ են սպանել

Ռուսաստանի հերոս գեներալի՞ են սպանել Wed, 16 Sep 2026 12:00:12 +0400 Ռուսական պրոատերազմական մեդիառեսուրսները հաղորդել…

9 րոպե ago

Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա

Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Wed, 16 Sep 2026 11:56:34 +0400…

12 րոպե ago

Գյումրիում ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման հետևանքների մասին

Գյումրիում ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման հետևանքների մասին Wed, 16 Sep 2026 11:55:30 +0400 ԱԺ Տարածքային…

13 րոպե ago

Քարակերտցիները փակել էին Գյումրի֊Արմավիր ճանապարհը

Քարակերտցիները փակել էին Գյումրի֊Արմավիր ճանապարհը Wed, 16 Sep 2026 11:49:58 +0400 Այսօր առավոտյան քարակերտցիները փակել…

19 րոպե ago

Ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան Ադրբեջանը

Ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան Ադրբեջանը Wed, 16 Sep 2026 11:49:21 +0400 ԱԺ…

19 րոպե ago

«Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում

«Հրապարակ». Փաշինյանի համար ոչինչ դաս չի լինում Wed, 16 Sep 2026 11:45:09 +0400 Ադրբեջանի նախագահ…

24 րոպե ago