Ընդդիմության ղեկավարներին կալանավորել, դու փողո՞ց ես դուրս գալիս․․․

Ընդդիմության ղեկավարներին կալանավորել, դու փողո՞ց ես դուրս գալիս․․․

Tue, 03 Nov 2026 16:45:52 +0400


Ընդունենք, ինչպես Սրբուհի Գալյանն է ասում, թե ժողովրդավարական է, երբ Փաշինյանը հայտարարում է․
«Եթե տեսնեմ, որ քաղաքական իրադրությունն այնպիսին է, որ կառավարական կաբինետներում հարց լուծելու հնարավորություն չկա, ես ինքս, որպես ՀՀ քաղաքացի և որպես վարչապետ, դուրս կգամ փողոց, ժողովրդին կկանչեմ փողոց և փողոցում կլուծեմ այդ հարցերը»։

Բայց եկեք հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև ռիսկային գործոնը։ Միայն ժողովրդավարության տեսանկյունից այս հայտարարությունը գնահատելը բավարար չէ։ Երբ երկրի ղեկավարությունն ու ընդդիմությունը նույն ժամանակահատվածում իրենց համակիրներին փողոց են հրավիրում, ստեղծվում է քաղաքական բևեռացման վտանգավոր իրավիճակ, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի զարգացումների։ Փաշինյանը կամ Գալյանը պատկերացնո՞ւմ են, թե ինչպիսի բախումների և լարվածության ռիսկ է պարունակում նման իրավիճակը, և որքանո՞վ այն կարող է խորացնել քաղաքական ճգնաժամը։

Առավել ևս, երբ փողոց դուրս գալու և հարցերը փողոցում լուծելու պատրաստակամություն է հայտնում գործող գործադիր իշխանության ղեկավարը, որն իր ձեռքում ունի պետական կառավարման բոլոր լծակները։ Իշխանությունից, ի վերջո, ակնկալվում է ոչ թե փողոցային պայքարի նախաձեռնում, այլ խնդիրների իրավական և ինստիտուցիոնալ լուծում։

Բայց այստեղ կա մի հանգամանք, որի մասին Փաշինյանն ու Գալյանը կարծես թե չեն ցանկանում խոսել։ Փաշինյանը ժողովրդին փողոց է հրավիրում այն պայմաններում, երբ ընդդիմության մի շարք ղեկավարներ կալանավորված են։ Վաղո՞ւց էր դրան նախապատրաստվում։ Այսինքն՝ մի կողմից՝ ընդդիմության ներկայացուցիչները զրկված են քաղաքական պայքարին լիարժեք մասնակցելու հնարավորությունից, մյուս կողմից՝ իշխանության ղեկավարը հայտարարում է, որ ինքն էլ կարող է փողոց դուրս գալ։

Եվ ի՞նչ է ստացվում․ ընդդիմությանն ու նրա ղեկավարներին կալանավորելուց հետո իշխանությունն ինքն է պատրաստվում փողոցային պայքարի։ Իսկ եթե փողոցում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ո՞վ է պատասխանատվություն կրելու դրա հետևանքների համար։ Եվ ո՞վ է վերահսկելու այն մարդկանց, որոնք ձեզ հետ չեն, չեն կիսում ձեր հայացքները և պարտավոր էլ չեն կիսել։
Ժողովրդավարությունը միայն փողոց դուրս գալու իրավունքը չէ։ Այն նաև իշխանության պատասխանատվությունն է՝ թույլ չտալու, որ քաղաքական հակասությունները վերածվեն բախումների։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նեթանյահուին մեղադրում են իշխանությունը պահպանելու համար պատերազմ հրահրելու մեջ

Նեթանյահուին մեղադրում են իշխանությունը պահպանելու համար պատերազմ հրահրելու մեջ Tue, 03 Nov 2026 18:30:50 +0400…

13 րոպե ago

Մկան թակարդ

Մկան թակարդ Tue, 03 Nov 2026 18:15:07 +0400 Եթե կա ներդրումներ կատարելու ժամանակը, ապա անխուսափելիորեն…

29 րոպե ago

Պատրաստ է հանդիպել ցուցարար դպրոցականների հետ

Պատրաստ է հանդիպել ցուցարար դպրոցականների հետ Tue, 03 Nov 2026 18:00:05 +0400 Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյան…

44 րոպե ago

«Կալանավորված Հայաստան»․ ինչ է կատարվում երկրում քաղաքական ազատությունների հետ

«Կալանավորված Հայաստան»․ ինչ է կատարվում երկրում քաղաքական ազատությունների հետ Tue, 03 Nov 2026 17:50:13 +0400…

54 րոպե ago

Շտապօգնության շչակի ձայնը եւ մեր խուլ խիղճը. Վանաձորյան ողբերգության դասերը

Շտապօգնության շչակի ձայնը եւ մեր խուլ խիղճը. Վանաձորյան ողբերգության դասերը Tue, 03 Nov 2026 17:45:02…

59 րոպե ago

Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Մալթայի Մարտական Ուխտի բարեսիրական ծրագրերը Հայաստանում

Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Մալթայի Մարտական Ուխտի բարեսիրական ծրագրերը Հայաստանում Tue, 03 Nov 2026…

1 ժամ ago