Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Ընդդիմության ղեկավարներին կալանավորել, դու փողո՞ց ես դուրս գալիս․․․

Ընդդիմության ղեկավարներին կալանավորել, դու փողո՞ց ես դուրս գալիս․․․

Tue, 03 Nov 2026 16:45:52 +0400


Ընդունենք, ինչպես Սրբուհի Գալյանն է ասում, թե ժողովրդավարական է, երբ Փաշինյանը հայտարարում է․
«Եթե տեսնեմ, որ քաղաքական իրադրությունն այնպիսին է, որ կառավարական կաբինետներում հարց լուծելու հնարավորություն չկա, ես ինքս, որպես ՀՀ քաղաքացի և որպես վարչապետ, դուրս կգամ փողոց, ժողովրդին կկանչեմ փողոց և փողոցում կլուծեմ այդ հարցերը»։

Բայց եկեք հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև ռիսկային գործոնը։ Միայն ժողովրդավարության տեսանկյունից այս հայտարարությունը գնահատելը բավարար չէ։ Երբ երկրի ղեկավարությունն ու ընդդիմությունը նույն ժամանակահատվածում իրենց համակիրներին փողոց են հրավիրում, ստեղծվում է քաղաքական բևեռացման վտանգավոր իրավիճակ, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի զարգացումների։ Փաշինյանը կամ Գալյանը պատկերացնո՞ւմ են, թե ինչպիսի բախումների և լարվածության ռիսկ է պարունակում նման իրավիճակը, և որքանո՞վ այն կարող է խորացնել քաղաքական ճգնաժամը։

Առավել ևս, երբ փողոց դուրս գալու և հարցերը փողոցում լուծելու պատրաստակամություն է հայտնում գործող գործադիր իշխանության ղեկավարը, որն իր ձեռքում ունի պետական կառավարման բոլոր լծակները։ Իշխանությունից, ի վերջո, ակնկալվում է ոչ թե փողոցային պայքարի նախաձեռնում, այլ խնդիրների իրավական և ինստիտուցիոնալ լուծում։

Բայց այստեղ կա մի հանգամանք, որի մասին Փաշինյանն ու Գալյանը կարծես թե չեն ցանկանում խոսել։ Փաշինյանը ժողովրդին փողոց է հրավիրում այն պայմաններում, երբ ընդդիմության մի շարք ղեկավարներ կալանավորված են։ Վաղո՞ւց էր դրան նախապատրաստվում։ Այսինքն՝ մի կողմից՝ ընդդիմության ներկայացուցիչները զրկված են քաղաքական պայքարին լիարժեք մասնակցելու հնարավորությունից, մյուս կողմից՝ իշխանության ղեկավարը հայտարարում է, որ ինքն էլ կարող է փողոց դուրս գալ։

Եվ ի՞նչ է ստացվում․ ընդդիմությանն ու նրա ղեկավարներին կալանավորելուց հետո իշխանությունն ինքն է պատրաստվում փողոցային պայքարի։ Իսկ եթե փողոցում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ո՞վ է պատասխանատվություն կրելու դրա հետևանքների համար։ Եվ ո՞վ է վերահսկելու այն մարդկանց, որոնք ձեզ հետ չեն, չեն կիսում ձեր հայացքները և պարտավոր էլ չեն կիսել։
Ժողովրդավարությունը միայն փողոց դուրս գալու իրավունքը չէ։ Այն նաև իշխանության պատասխանատվությունն է՝ թույլ չտալու, որ քաղաքական հակասությունները վերածվեն բախումների։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դատախազություն, տոհմածառ կազմո՞ղ ես, թե՞ քաղաքական հետապնդման գործիք

Դատախազություն, տոհմածառ կազմո՞ղ ես, թե՞ քաղաքական հետապնդման գործիք Tue, 03 Nov 2026 16:47:40 +0400 Դատախազությունը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով