Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

Եվրոպան զորք է պատրաստում Ուկրաինայի համար

Եվրոպան զորք է պատրաստում Ուկրաինայի համար

Tue, 03 Nov 2026 16:30:00 +0400


Եվրոպական 10 երկրի շուրջ 2 800 զինծառայող նոյեմբերի 9-22-ը զորավարժություններ կանցկացնի Լեհաստանի հարավ-արևելքում՝ Ուկրաինային աջակցելու նպատակով ստեղծված բազմազգ ուժերի պատրաստվածությունը ստուգելու համար։ Սա այդ ուժերի առաջին նման զորավարժությունն է։

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գլխավորած «Բազմազգ ուժեր՝ Ուկրաինայի համար» նախաձեռնությունը ստեղծվել է 2025 թվականին։ Այն նախատեսվում է տեղակայել միայն Ռուսաստանի հետ հրադադարի հաստատումից հետո։ Ուժերի նպատակը Ուկրաինայի զինված ուժերին աջակցելն է, երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելը և Սև ծովում տնտեսական գործունեության վերականգնմանը նպաստելը։

Զորավարժություններին կմասնակցեն Բելգիայի, Էստոնիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Իսպանիայի, Շվեդիայի և Մեծ Բրիտանիայի զինծառայողները։ Ամենամեծ զորախումբը կուղարկի Ֆրանսիան՝ 1 100 զինծառայող, իսկ Մեծ Բրիտանիան՝ 300։

Ուսումնավարժանքները կանցկացվեն Ուկրաինայի սահմանից մոտ 100 կմ հեռավորության վրա՝ Նովա Դեմբա քաղաքի շրջանում։ Դրանք կներառեն ցամաքային և օդային գործողություններ։ Առանձին ծովային սցենարով Թուրքիան Ստամբուլից կղեկավարի Սև ծովում հնարավոր ականազերծման գործողությունների նախապատրաստման փորձարկումը։ Թուրքիայի զինծառայողները Լեհաստանում ցամաքային զորավարժություններին չեն մասնակցի։

Բրիտանացի գեներալ-լեյտենանտ Թոմ Բեյթմենը, որը ֆրանսիացի գեներալ Արմել Դիրուի հետ համատեղ ղեկավարելու է զորավարժությունները, ընդգծել է, որ նախաձեռնությունը խաղաղապահ կամ հրադադարի վերահսկման առաքելություն չէ և նախատեսված չէ հարձակողական գործողությունների համար։ Նրա խոսքով՝ նպատակը Ուկրաինայի զինված ուժերին աջակցելն ու դրանց պաշտպանական կարողությունների ամրապնդումն է։

Զորավարժությունների ընթացքում կփորձարկվեն զորքերի, տեխնիկայի և մատակարարումների տեղափոխման, տարբեր երկրների ստորաբաժանումների համակարգման ու միասնական ուժի կազմում գործելու մեխանիզմները։ Լեհաստան կտեղափոխվեն հիմնականում թեթև միջոցներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր։ Ծանր զինտեխնիկա, այդ թվում՝ տանկեր, չի նախատեսվում կիրառել։

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության գերատեսչությունների համատեղ հայտարարության համաձայն՝ զորավարժությունները պետք է ցույց տան, թե որքան արագ և արդյունավետ կարող են տարբեր երկրներ ցամաքային, ծովային և օդային ուժեր տեղակայել՝ ռազմական գործողությունների ավարտից հետո Ուկրաինային աջակցելու համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունից

Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունից Sat, 31 Oct 2026 20:00:48 +0400 Ուկրաինան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով